«Հայաստանի` Մաքսային միության անդամակցությունից հետո սպասվող արտոնություններն ավելի շատ կլինեն, քան վնասները»,-կարծում է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ, Հանրային խորհրդի ֆինանսաբյուջետային և տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը: Հարցին` ի՞նչ արտոնությունների մասին կարող է խոսք լինել, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ՌԴ-ում գրանցվել է 1.4 տոկոս տնտեսական աճ, ինչը այնքան էլ լավ ցուցանիշ չէ, պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Այն, որ Ռուսաստանի տնտեսությունը աճում է 1.4 տոկոսով, դա մոտ է եվրոպական միջին ցուցանիշին, և դա պետք է դրական համարել: Իսկ Ռուսաստանի տնտեսության` 1.4 տոկոս աճը բավականին լուրջ ցուցանիշ է: Նրանք ունեն առևտրային դրական հաշվեկշիռ, որը 190-200 միլիարդ դոլարի սահմաններում է: ՌԴ տնտեսության զարգացման այսպիսի տեմպերի պահպանումը լիովին բավարար է ՀՀ տնտեսության զարգացման համար»:
Aravot.am-ը «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանից հետաքրքրվեց` տնտեսական նման աճ գրանցած պետության գերակայությամբ միությանն անդամակցելը Հայաստանին արդյոք ձեռնտո՞ւ էր` տնտեսական հետագա աճ գրանցելու առումով: Պարոն Թևանյանը պատասխանեց. «ՀՀ տնտեսության զարգացման հիմնական բանալիները Երևանում են գտնվում: Անգամ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ խնդիրները կարող են ազդել ՀՀ-ի վրա` հաշվի առնելով արտագնա աշխատանքի մեկնողներին և տրանսվերտները, ՀՀ տնտեսական խնդիրները ավելի շատ մեր ներսում են: ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում է, որ ՀՀ-ն այս վիճակում է»:
Պարոն Թևանյանը նույն կարծիքին է` կողմ չէ ոչ Մաքսային միության անդամակցությանը, ոչ ԵՄ ասոցացման համաձայնագրին: Նա կարծում է, որ «լավ չէ, որ ՌԴ տնտեսության աճի տեմպերը ցածր են, և մենք ուղղակիորեն դրա ազդեցությունը զգում ենք»: Բայց նաև շեշտում է. «Խնդիրները գտնվում են Երևանում, ոչ թե Մոսկվայում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ