Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ նոր է վերադարձել եվրոպական գործուղումից: Եղել է Պոտսդամի, Քյոլնի աստղաֆիզիկայի ինստիտուտներում, գիտական ծրագրերով՝ Լեհաստանի Վարշավա եւ Տորուն քաղաքներում, Տարտուի աստղադիտարանում: Լեհաստանյան ծրագրերից խոսելու ժամանակ, որոնք Արեւելյան գործընկերության համատեքստում էին, պարոն Միքայելյանը հայտնեց, որ Եվրոպան՝ ի դեմս Լեհաստանի, հետաքրքրված է նախկին խորհրդային միության պետությունների հետ գիտական համագործակցությամբ: «Չնայած Հայաստանը միացել է Մաքսային միությանը, գիտության մեջ մենք ազատ ենք եւ բոլորի հետ էլ համագործակցում ենք: Եվրոպայի հետաքրքրությունը մեր հանդեպ չի կորել»,-ասաց մեր զրուցակիցը: Նաեւ հավելեց, որ ԵՄ-ն պատրաստ է գումարներ ներդնել գիտության մեջ, սակայն խոշոր աստղագիտական նախագծերին մասնակցություն ունենալու համար մեր երկիրն էլ պետք է թեկուզ փոքր ներդրում ունենա:
Արեգ Միքայելյանի հետ հարցազրույցի մանրամասները՝ տպագիր «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ