Իսկ Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն «գազային» համաձայնագիրը ստորագրած եւ այն վավերացնել ցանկացող մարդիկ:
«Ես այդ պահին երեւի կօգնեի Զարուհի Փոստանջյանին: Հնարավոր է, որ ամբիոն էլ գրավեի, կոչ անեի, որ ամբիոն էլ գրավենք: Քաղաքակիրթ աշխարհում էլ ամբիոն գրավելն ընդունված է, դա էլ պառլամենտարիզմի գործիքներից է»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով նախօրեին «գազային համաձայնագրերի» վավերացման ժամանակ խորհրդարանում ծավալված իրադարձություններին: Հիշեցնենք, որ քաղաքական մեծամասնությունը բավական դժվարությամբ հաղթահարեց փորձությունը. ընդդիմությունը եւ լրագրողները խորհրդարանում բողոքի ալիք բարձրացրին: Բողոքի ակցիա էր տեղի ունենում նաեւ խորհրդարանի դարպասների մոտ: Իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ՀԱԿ-ի վերցրած 20-րոպեանոց ընդմիջման ժամանակ հավաքում էր իշխանական պատգամավորների գրանցման քարտերը: Արդյունքում Հովիկ Աբրահամյանը ստիպված եղավ բաց քվեարկություն կազմակերպել, որի արդյունքներն ընդդիմադիրները չեն ընդունում:
Տիկին Փոստանջյանի քայլը ամենատարբեր մեկնաբանությունների առիթ տվեց: Մեզ հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանն այդ առիթով ասաց. «Ես ամբողջովին դրական եմ գնահատում տիկին Փոստանջյանի արածը: Դա քաղաքական քայլ էր: ՀՀԿ-ում մենք ոչ մեկ անգամ ենք տեսել ուրիշի փոխարեն քվեարկություններ, դա իրենց մոտ տարածված երեւույթ է եղել. այնպես որ՝ թող շատ չնեղվեն, որ այդ պահին մեկ այլ անձնավորություն է տիրապետել իրենց քարտերին: Դրանով պատգամավորների լիազորությունները որեւէ ձեւով չեն սահմանափակվում: Կանոնակարգը թույլ է տալիս բաց քվեարկություն անել, ինչպես էլ արեցին: Բայց դա, այսպես ասեմ, երեւի թե ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի վերջին հնարավորությունն էր՝ զգոնության, որը նրանք բաց թողեցին»: Ինչեւէ, Արմեն Մարտիրոսյանի համար չափանիշ չէ իշխանական ներկայացուցիչների արձագանքը. «Համենայնդեպս, հասարակական շրջանակներում այս երկու օրերի ընթացքում գոնե մեկ բացասական խոսք չեմ լսել: Ես բուհում եմ աշխատում, այսօր բոլորն, ըստ էության, ողջունել են ինձ՝ Զարուհու քայլի հետ կապված: Այնպես որ՝ Զարուհին իմ պաշտպանության կարիքը բացարձակապես չունի: Պատգամավորի գործունեության առաջին գնահատողը հասարակությունն է: Խնդիր է առաջացել, եւ այդ խնդիրը լուծելու համար ինքը դիմել է նման քաղաքական քայլի: Առավել եւս՝ թաքուն էլ չի արել. ես ինչքան տեսանյութերում նայեցի, ինքը դա հրապարակային ձեւով է արել»:
Ինքը՝ Զարուհի Փոստանջյանը, մեզ հետ զրույցում բավականին էական համարեց համաձայնագրերի քվեարկության ողջ ընթացքը: Հիշեցնենք, որ քվեարկությունը դեռ ուրբաթ երեկոյան պիտի կայանար, սակայն ՀՀԿ-ական պատգամավորներին չկարողացան «բերման ենթարկել»: Քվեարկությունը տապալելու մտավախությամբ այն տեղափոխվեց երկուշաբթի: Տիկին Փոստանջյանը պնդում է, որ ՀՀԿ-ականների մի մասը նույնպես դահլիճում չէր, հետեւաբար. «Մենք չէինք կարող թույլ տալ, որ իրենք մեկը մյուսի փոխարեն քվեարկելով, կեղծիքով անցկացնեին այդ հակապետական համաձայնագրերը»: Ուստի հետեւեցին ընդդիմադիր խմբակցությունների համատեղ գործողությունները: Իր հասցեին հնչած մեղադրանքներին, թե իր քայլը քաղաքական քայլ չէր, Զարուհի Փոստանջյանն այսպես է պատասխանում. «Ես եւ քաղաքացի եմ, եւ քաղաքական գործիչ եմ: Մեր քաղաքականությունը ազատ, անկախ, միացյալ Հայաստանն է, որին միտված են մեր բոլոր գործողությունները»:
Պատգամավորը դրական է համարում նաեւ լրագրողների պահվածքը, ովքեր խորհրդարանի դահլիճում «Խելքի եկեք», «Մենք ենք որոշողը», «Մի վաճառեք մեր իրավունքը», «Դեմ ենք ռուսական գազին» մակագրությամբ պաստառներ պարզեցին: «Լրագրողներն էլ ականատեսը լինելով սպասվելիք հանցագործությանը՝ իրենք էլ միջամտեցին եւ ճիշտ արեցին: Սա այն է, երբ տեսնում ես, որ կարող է տեղի ունենալ հանցագործություն, եւ այդ մասին չբարձրաձայնելը, այդ հանցագործությունը չկանխելը նշանակում է, որ դու էլ ես այդ հանցագործության մասնակիցը: Հետեւաբար այդ լրագրողների գործողություններն էլ էին միտված հանցագործությունը կանխելուն»:
Թեեւ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներն այդ օրը խորհրդարանում հայտարարեցին, որ համաձայնագրերի քվեարկության ընթացքը եւ «գազային» համաձայնագրերը վիճարկելու են Սահմանադրական դատարանում, Զարուհի Փոստանջյանը գտնում է, որ այդ մասին դեռ վաղ է խոսել. «Առաջին հերթին ես կարծում եմ՝ սա պետք է ունենա քրեաիրավական գնահատական: Քրեական պատասխանատվության պետք է կանչվեն նախ բոլոր այն անձինք, ովքեր ստորագրել են այդ համաձայնագիրը, ապա բոլոր այն անձինք՝ պատգամավորները, ովքեր ցանկանում էին մաս կազմել այդ դավաճանության: Սա պետական հանցագործություն է, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքով: Այն իր մեջ այլ հանցակազմ էլ է պարունակում՝ իշխանության յուրացում. ԱԺ-ի կողմից փորձ էր կատարվում կեղծիքի միջոցով յուրացնել օրենսդիր իշխանությունը: Սա նշանակում է, որ եթե իրենք հայտարարում են, որ տեղի է ունեցել քվեարկություն, ապա իբրեւ պատիժ նախատեսվում է հենց իշխանության յուրացում հոդվածը, որը սահմանում է, որ որեւէ մեկն իրավունք չունի ապօրինի կերպով յուրացնել ՀՀ ԱԺ-ի լիազորությունները»: Տվյալ պարագայում պատգամավորը փաստում է, որ հայտնի չէ, թե քանի մարդ է մասնակցել քվեարկությանը, քանզի, եթե էլեկտրոնային համակարգը չի աշխատում, պետք է ԱԺ հաշվիչ հանձնաժողովն աշխատեր: Մինչդեռ հանձնաժողովի չորս՝ ընդդիմադիր անդամները հայտարարեցին, որ իրենք չեն մասնակցել հաշվարկին: «Ավելին՝ նիստի ժամանակ հրապարակվեց, որ դահլիճում այդքան մարդ չկա, հաշվիչ հանձնաժողովը նաեւ իրավունք չունի իր գործունեությունը, որպես այդպիսին, ծավալելու: Դրանից հետո Հովիկ Աբրահամյանը եւս մեկ անգամ հայտարարեց, հրապարակեց, նաեւ կարելի է ասել, որ ցուցմունք տվեց, թե՝ այո, սկզբից հաշվել են իբր թե 77 քվեարկող, հետո՝ իբր 72: Ինչպե՞ս եղավ, ո՞վ հաշվեց, ինչպիսի՞ արձանագրություն էր կազմված»,- ասաց պատգամավորը՝ նկատելով՝ քանի որ չկա արձանագրությունը, օրենքով սահմանված ընթացակարգով քվեարկություն, ԱԺ նախագահի հայտարարությունները մի քանի հանցակազմ են պարունակում:
Կարդացեք նաև
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ