«Մաքսային միության անդամակցության դեպքում մենք տնտեսական տեսանկյունից մեծ խնդիրներ կունենանք: Մաքսային միությունում առաջինը Ռուսաստանի շահերն են ներկայացվելու, իսկ Ռուսաստանը առաջինն իր շահերն ու իր ապրանքն է պաշտպանելու»,-այսպիսի մտահոգություն հայտնեց Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի պլատֆորմի երկրորդ աշխատանքային խմբի համակարգող Կարեն Չիլինգարյանը:
Aravot.am-ը խնդրեց մանրամասնել, թե մասնավորապես ո՞ր հարցերում է ՀՀ-ն տուժելու: Պարոն Չիլինգարյանը փաստեց, որ ՀՀ-ն հիմնականում ներկրող երկիր է, և Մաքսային միության տարածքից ներկվող ապրանքները մեզ մոտ չեն մաքսազերծվելու և ԱԱՀ չի վճարվելու ու ՀՀ բյուջե մտնելու: Այնուհետև զգուշացրեց. «Կթանկանա արտասահմանյան երկրներից ՀՀ ներկրվող մեքենաների մաքսազերծումը: Ռուսաստանի նպատակն է զարգացնել Ավտոպրոմը և մեր հարկային դաշտում փոփոխություններ կմտցվեն` ըստ որոնց, եթե արտասահմանյան երկրներից ՀՀ ներկրվող 300 դոլար արժողությամբ մեքենայի մաքսազերծումը կազմում էր 1500-3000 դոլար, ապա այդ թիվը հիմա կկազմի 12000 դոլար»:
Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը իրավիճակը համեմատեց Բելառուսի հետ, որտեղ արտասահմանյան մեքենաները 2.5 անգամ թանկացել են ու հորդորեց. «Ուստի, եթե մտածում եք, որ մոտակա ժամանակները մեքենա ունենաք, մինչև հունիս շտապեք գնել, քանի դեռ գները չեն թանկացել»:
«Հավասար հնարավորությունների աջակցման հիմնադրամի» փոխնախագահ Ռաֆայել Հովհաննիսյանը կարծում է, որ «իշխանությունները անկարող են և ակնկալիք ոչ կառավարությունից, ոչ իշխանություններից չկա»:
Կարդացեք նաև
Aravot.am-ը Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ, Հանրային խորհրդի ֆինանսաբյուջետային և տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանից հետաքրքրվեց` արտասահմանյան մեքենաների մաքսազերծումը` Մաքսային միության անդամակցության պարագայում թանկանալո՞ւ է: Նա պատասխանեց. «Դրա մեջ, իհարկե, կա տրամաբանություն: Երրորդ երկրներից մեզ մոտ եկած ապրանքները բնականաբար այլ տեսքով են հարկվելու: Երեկվա` եվրասիական միության ղեկավարների հանդիպման ժամանակ հաստատվել է ՀՀ ճանապարհային քարտեզը, որը 262 կետից բաղկացած քարտեզ է` ծառայությունների ու միջոցառումների, տարբեր տեսակի թույլտվությունների համակարգ: Բայց Մաքսային միության անդամակցությունից հետո կունենանք ադամանդի, նավթամթերքի ներմուծման հարցերում նպաստավոր պայմաններ»:
Ամփոփելով՝ պարոն Սաֆարյանը նկատեց. «Երրորդ երկրից ներկրման դեպքում մաքսային բարձրացումներ այնուամենայնիվ կլինեն, առանց այդ էլ գործում էին ոչ թե ինվոյսի, այլ հսկիչ գները, համաձայն որի` սահմանին գանձվում էր տվյալ ապրանքի գնի 32 տոկոսը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը` panorama.am-ից