Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, այսօր, «Ուրբաթ» ակումբում, ամփոփելով հեռացող 2013 թվականը՝ բերեց 2013-ի թոփ 13 անհաջողությունները Հայաստանի համար:
Առաջին եւ երկրորդ տեղում անցնող տարում կայացած երկու «կեղծված, խայտառակ ընտրություններն էին»՝ նախագահականն ու Երեւանի ավագանու: Դրան հաջորդում էր տնտեսական բլոկի երեք ձախողում. Առաջինը ճանապարհատրանսպորտային խախտումները գրանցող տեսախցիկներն են, որոնք, ըստ Արամ Մանուկյանի, «հարյուր հազարավոր վարորդների անեծքին արժանացան» եւ որոնց գործունեության արդյունքում միլիարդավոր դոլարներ շահեցին մասնավոր ընկերությունները, իսկ տաքսիստները, հսկայական պարտքեր կուտակելով՝ մինչեւ 400 հազար դրամի հասնող, արտագաղթում են: Երկրորդը եւ երրորդը կայանումների համար նախատեսված կարմիր գծերը եւ կենսաթոշակային բարեփոխումներն են, որոնց պարագայում նույնպես, ըստ Արամ Մանուկյանի, «դժգոհությունը նրանից է, որ գումարները գնալու են մասնավորի գրպանը: Պետության նկատմամբ վստահությունը հասարակ ժողովրդի մոտ ավելի մեծ է, քան մասնավոր կառույցի հանդեպ»:
Ապա գալիս են վերջին օրերի ամենամեծ աղմուկը բարձրացրած «ՀայՌուսգազարդի» 20%-ի օտարումը, որը «աննախադեպ սկանդալ էր, եւ ամենաանարժանապատիվ եւ նվաստացնող գործընթացը հայ ժողովրդի նկատմամբ, ամենամեծ քյալագյոզությունը իշխանության կողմից»: Ըստ ՀԱԿ անդամի՝ «նման նվաստացնող, խեղճացնող գործարք չենք ունեցել անգամ պատերազմի ամենածանր ժամանակներում, սա քրեական գործ է, պետք է լինել հետեւողական, չգիտեմ ինչ ֆորմատով, բայց սա դեռ շատ ջուր է քաշելու»: Առանձին տողով այդ վարկանիշային ցուցակում գնում էր «ՀայՌուսգազարդի» 20%-ի օտարման ժամանակ «անօրինական քվեարկությունը», որն ուղղակի «ծիծաղելի էր»:
Ձախողումներից էր «Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալը, որը ցնցեց Հայաստանը եւ Հայաստանով հետաքրքրվողներին», որն այնպիսի սկանդալ էր, որ «վարչապետը պետք է այդ գործի վրա հինգ անգամ հրաժարական տար»:
Կարդացեք նաև
Մյուս ձախողումը «համակարգված համատարած կազմակերպված կոռուպցիան է», որը «քայքայում է մեր երկիրը», ինչի արդյունքում մեր տնտեսությունը «ցեց ընկած» տեսք ունի:
Երեք արտաքին քաղաքական ձախողում, ըստ Արամ Մանուկյանի՝ սեպտեմբերի 3-ին «Հայաստանի խայտառակ լինելը»՝ քաղաքական կողմնորոշման կտրուկ շրջադարձի արդյունքում, Ռուսաստանի հետ հարաբերությունները, որոնք «երբեք այնքան վատ չեն եղել, որքան այսօր», եւ դա «այս իշխանությունների թույլիկության, անմեղսունակության, ոչ լեգիտիմության արդյունքն է», եւ երրորդը՝ Իրանի հետ հարաբերությունների խնդիրն է, «գազային սկանդալը»:
12-13-րդ «քյալագյոզություն-ձախողումները», ըստ Արամ Մանուկյանի՝ հայոց լեզվի նկատմամբ քամահրական վերաբերմունքը եւ արտագաղթն են. «Իմ հաշվարկներով, այս տարի գնացած-չեկածների թիվը, որ կամփոփվի հունվարի վերջին, կկազմի 150 հազար մարդ»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ