«Էլ ինչ Նոր տարի՝ առանց հրավառության»,- ասում է 46-ամյա Լուսինեն: Հիշում է՝ մոտ 40 տարի առաջ էր, երբ Ամանորին սպասում էր նույնքան սրտատրոփ, որքան այժմ իր երեխաները: «Նստում էինք հայրիկիս «մասկվիչկան» եւ գնում Հանրապետության հրապարակ: Հայրս մեքենան կանգնեցնում էր Սախարովի հրապարակի մոտ, եւ մենք մեքենայի ներսից դիտում էինք հրավառությունը, այն ժամանակ ուղիղ եթեր չկար եւ, որքան հիշում եմ, պայթուցիկներ եւ հրագործական սարքեր օգտագործելն էլ արգելված էր: Մենք մեքենայից դուրս չէինք գալիս, որովհետեւ ցուրտ էր, բացի այդ, վախենում էինք, որ թափվող հրավառությունը մեր աչքերի մեջ կլցվի»,-պատմում է նա:
Ժամանակներն անցնում են, բայց ամանորյա տրամադրությունն ապահովող միջոցները, ինչպիսիք են ամանորյա սեղանն ու տոնածառը զարդարելը, մնում են անփոփոխ, դրանց ավելանում են նորերը: Օրինակ, նախկինում հրագործական արտադրատեսակները՝ պայթուցկները, հրավառության սարքերը եւ այլն, լայն տարածում չունեին, մարդիկ տասնյակ կիլոմետրեր կտրում-անցնում էին ամանորյա հրավառությունը մոտիկից դիտելու համար, իսկ այժմ գրեթե անհնար է պատկերացնել տարվա նորամուտն առանց աղմուկ-աղաղակի՝ առաջացած հրավառության սարքերի շահագործումից: Այժմ դրանց կիրառումը կարգավորվում է օրենքով: Համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի որոշման՝ Ամանորի կապակցությամբ հասարակական վայրերում թույլատրվում է հրագործական սարքեր օգտագործել դեկտեմբերի 31-ի ժամը 23։00-ից մինչեւ հաջորդ օրվա 01։00-ը, իսկ ոչ տոնական օրերին մինչեւ 23:00-ն: Նշենք, որ ինչպես ասել էր «Հայաստանի սպառողների միություն» հ/կ-ի նախագահ Արմեն Պողոսյանը, նախկինում դրանց կիրառումը երկու անգամ արգելվել է՝ ելնելով անչափահասների շրջանում դրանց շահագործման արդյունքում տեղի ունեցած դժբախտ պատահարներից: Այժմ օրենքն արգելում է միայն դրանք անչափահասներին վաճառելը, իսկ գնորդներից պահանջվում է հետեւել սարքերի շահագործման հրահանգներին, օրինակ՝ չմասնատել սարքը, այն չօգտագործել ուժեղ քամու ժամանակ, չաշխատելու դեպքում կրկին չգործարկել եւ այլն: Պարզելու համար, թե որքանով են հրագործական սարքերն անվտանգ եւ որքանով են քաղաքացիները հետեւում օրենքի պահանջներին, զրուցեցինք «Ռոսիա» տոնավաճառի, «Փեթակ» եւ «Սուրմալու» առեւտրի կենտրոնների վաճառականների հետ: «Եթե աչքերիդ մոտ վառես, պարզ է, որ վտանգավոր կլինեն, սակայն եթե նորմալ օգտագործես, ոչինչ էլ չի պատահի»,-ասաց «Սուրմալու» առեւտրի կենտրոնի վաճառական Վաղինակը: Նրա խոսքով՝ հրագործական սարքերն իրենցից որեւէ վտանգ չեն ներկայացնում այն դեպքում, եթե շահագործվում են ըստ հավուր պատշաճի:
Նշենք, որ հարցված 6 վաճառականներից ոչ ոք չկարողացավ պատասխանել այն հարցին, թե ինչ նյութերից են բաղկացած հրագործական սարքերը, եւ որոնք են կիրառության համար առավել անվտանգ: «Հո մենք չենք արտադրել, որ իմանանք»,-ասացին նրանցից շատերը: Իրենք չեն արտադրել, բայց իրենք են պատասխանատվություն կրում յուրաքանչյուր գնորդի անվտանգության համար: Վաճառականների խոսքով, ըստ օրենքի՝ ապրանքի իրացումն արվում է միմիայն գնորդների անձնագրի պատճենները վերցնելուց հետո, որոնք ներկայացնում են վարչական տարածքի ոստիկանության աշխատակիցներին: «Այս սարքերը մենք չենք վաճառում երեխաներին, նույնիսկ արտաքուստ 18-ից բարձր տարիքի մարդկանց, մինչեւ որ չենք համոզվում, որ չափահաս են, հակառակ դեպքում, եթե նրանց հետ որեւէ վատ բան պատահի, պատասխանատվությունը մեզ վրա է»,-ասաց «Փեթակ» առեւտրի կենտրոնի վաճառական Տիգրանը: Հավելեց, ըստ օրենքի՝ իրենք պարտավոր են գնորդներին ներկայացնել հրագործական սարքի շահագործման հրահանգի բոլոր պահանջները: Սակայն դրանք միայն չափահասներին վաճառելը դեռ չի նշանակում վտանգի բացարձակ չեզոքացում, քանի որ այդ սարքերի սպառողները հիմնականում երեխաներն են: «Ծնողներն իրենք երեխաների համար են գնում այդ սարքերը, որ Ամանորին վառեն, ուրախանան: Որքան էլ մենք ծնողներին ասում ենք, որ դրանք չտան երեխաների ձեռքը, միեւնույն է, չենք կարող վստահ լինել, որ նրանք կհետեւեն հրահանգին եւ խնդիրներ չեն առաջանա: Այդ դեպքում, սակայն, նրանք են պատասխանատվության ենթարկվելու, ոչ թե մենք»,- ասաց նա:
Մենք եղանք նաեւ «Ռոսիա» տոնավաճառում: Նշենք, որ մեր այցելության օրը (դեկտեմբերի 12-ին) տարածքում ոչ մի հրագործական սարք չէր վաճառվում: Վաճառականներից շատերը բացատրեցին, թե օրենքն է արգելում (մինչդեռ օրենքը թույլատրում է դրանց վաճառքը մինչեւ ժամը 22:00-ն), ոմանք էլ ասացին, ինչպես կարող են վաճառել մի բան, որը վտանգավոր է մարդկանց առողջության համար: «Ախր դեպքեր են եղել, որ երեխեքը դրանցով վնասել են իրենց, մեզ համար էլ է անհարմար. Նոր տարվա եռուզեռին քայլում ես ու տեսնում, որ ինչ-որ մեկը ոտքերիդ առաջ պայթուցիկներ է շպրտում, մարդու սիրտ է ճաքում»,-ասաց «Ռոսիա» տոնավաճառի վաճառական Սեդա Բադալյանը: Նա նշեց, որ հրագործական արտադրատեսակների պահանջարկն այս օրերին շատ մեծ է, շատերն են գնման նպատակով իրեն դիմում: Վաճառականը մտահոգություն հայտնեց, որ դեկտեմբերի 31-ին բոլոր վաճառասեղանները ողողված կլինեն դրանցով. «Չի բացառվում նաեւ, որ ավելի շատ շահույթ ձեռք բերելու նպատակով ոմանք դրանք վաճառեն նաեւ անչափահասներին: Դե տարվա վերջին օրն է, հնարավոր է, որ վաճառականներն օգտվեն առիթից, ո՞վ գիտի՝ ինչեր կլինեն»:
Կարդացեք նաև
ՆԱԶԵՆԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հ.Գ. Ի գիտություն սպառողների, գիշերային ժամերին հրագործական առարկաներ օգտագործելը (բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի) առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, նշված արարքի կրկնությունը տույժի նշանակման օրվանից հետո մեկ տարվա ընթացքում՝ ենթակա է նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկի չափով տուգանքի:
«Առավոտ» օրաթերթ