Լրահոս
Օրվա լրահոսը

«Համաչափ սիրվենք նախարարության կողմից»

Դեկտեմբեր 25,2013 16:10

Պետական որոշ կամերային կոլեկտիվների ձեռքբերումներն ու ակնկալիքները

Երաժշտասեր հասարակայնության շրջանում ընդունված մտայնության համաձայն, կամերային կոլեկտիվներին՝ ի տարբերություն ակադեմիականների, համեմատաբար ավելի քիչ գումար է անհրաժեշտ ստեղծագործական ծրագրերի իրականացման համար: «Առավոտի» հետ զրույցում մասամբ համամիտ լինելով հանդիսատեսի այս կարծիքին, պետական կամերային որոշ կոլեկտիվների ղեկավարներ փաստեցին, որ հատկապես անցնող տարվա ընթացքում իրենց ծրագրերում առկա են եղել մասշտաբային ստեղծագործություններ, որոնք «պահանջել» են ոչ թե «կամերային» գումարներ, այլ՝ հենց մասշտաբային:

«Հովեր» կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը մինչ ծրագրերի մասին խոսելը նշեց. «Արդեն մեկ տարի է՝ ինչ մեր կողքին է «ՎիվաՍել ՄՏՍ»-ը, ինչը նշանակում է, որ երգչախմբում աշխատող շատ արտիստներ հայրենիքում կայուն աշխատանք եւ արվեստով զբաղվելու ամուր հիմքեր ունենալու շնորհիվ չեն լքել մեր երկիրը ու շարունակում են զարգացնել երգչախմբային արվեստը: Մի խոսքով՝ այս հովանավորության շնորհիվ, պիտի անկեղծ խոստովանեմ, որ երգչախմբի արտիստները նոր «շնչառությամբ» են աշխատում»: Տիկին Հովհաննիսյանը փաստեց, որ տարվա ընթացքում երգչախումբը ներկայացել է 26 լիարժեք համերգներով, մի շարք ելույթներով, ինչպես նաեւ «Հովեր» օկտետի հետ ունեցել են 4 հյուրախաղ եւ 3 միջազգային խմբերգային փառատոնի մասնակցություն: Սոնա Հովհաննիսյանը հավելեց նաեւ, որ երգչախումբը մասնակցել է 3 օպերային ներկայացումների կատարմանը (Մասկանի՝ «Գեղջկական պատիվ», Տիգրանյան՝ «Անուշ» եւ Բաբաեւ՝ «Արծվաբերդ»): Նա կեսկատակ-կեսլուրջ էլ ասաց. «Աշխատում ենք քիչ անհանգստացնել մշակույթի նախարարությանը, թեեւ ընդունված կարգի համաձայն, յուրաքանչյուր համերգաշրջան ներկայացնում ենք ծրագիր: Կոնկրետ այս տարի մեր համերգների արդյունքում մուտքագրվել է 1 մլն 106 հազար դրամ»: Ի դեպ, այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Հովերը» հանդես կգա Սեն-Սանսի «Սուրբ ծննդյան» օրատորիայի երեւանյան պրեմիերայով, որը գրված է երգչախմբի, նվագախմբի, տավիղի, երգեհոնի եւ 5 մենակատարների համար եւ կներկայացվի Կամերային նվագախմբի ընկերակցությամբ (դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան):

_yerkanyan«Տաղարան» անսամբլի գեղարվեստական ղեկավար Սեդրակ Երկանյանն էլ հետ չի մնացել գործընկերոջից՝ Սոնա Հովհաննիսյանից: Պարոն Երկանյանը փոխանցեց, որ «Տաղարանն» իր երկացանկում ունի նաեւ օպերաներ, օրինակ՝ Դավիթ Սաքոյանի՝ թումանյանական հեքիաթների հիման վրա գրված «Հռիփսիմեն», «Անվերնագիրը» եւ այլն: Մեր զրուցակիցը փաստեց, որ վերջերս առաջին անգամ իր մշակմամբ ու գործիքավորմամբ «Տաղարանը» ներկայացրել է հայկական ժողովրդական շուրջ 25 երգ: «Ուզում եմ հորովելների քարտեզ կազմել: Այդ նպատակով արդեն անսամբլն ունի արեւմտյան, արեւելյան բոլոր գավառների հնարավոր 15 հորովելները»,- նշեց Երկանյանը: Հավելելով. «Երեւանում միայն ունեցել ենք 20 համերգ: Սա ավելին է, քան նախատեսվածը: Ուզում եմ սիրով առանձնացնել Էջմիածնի ճեմարանի սրահում կայացած երեկոն եւ, որ ամենակարեւորն է՝ վերջապես 20 տարի անց իրականացավ երազանքս. «Տաղարանը» աշնանը համերգներ ունեցավ Արցախում»: Ինչ վերաբերում է պետական հոգածությանը՝ գումարի տեսքով, Սեդրակ Երկանյանը պատասխանեց. «Մենք՝ արվեստագետներս, եւ ընդհանրապես բոլորս, կուզեի ապրեինք գոնե մեր հայրերի պես»:

topikyan_komitas2014թ. իր հնգամյակը նշող Երեւանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյանը շատ է ցանկանում, որ կոլեկտիվները հավասարաչափ սիրվեն մշակույթի նախարարության կողմից, այնպես, ինչպես մայրն է սիրում իր զավակներին… Չմոռացավ շնորհակալություն հայտնել նախարարությանը՝ իրեն ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման ներկայացնելու համար: Ասաց նաեւ, թե հույսով է, որ գոնե այս տարի նախարարությունը երգչախմբին «կնվիրի» տնօրեն, ինչը կթեթեւացնի իր աշխատանքը: Ստեղծագործական «մասով» էլ հայտնեց. «Այս տարի առաջին անգամ երգչախումբը հնչեցրել է Քրիստափոր Կարա-Մուրզայի բազմաձայն պատարագը՝ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում, ամերիկաբնակ երաժշտագետ Գրիգոր Փիթեջյանի շնորհիվ ու խմբագրմամբ», մանրամասնելով, թե 7 դար միաձայն «եկած» պատարագը միայն 1892թ. Խրիմյան Հայրիկի գահակալության տարիներին թույլ տրվեց հնչեցնել բազմաձայն: Պարոն Թոփիկյանը նշեց, որ շուրջ 25 համերգ են ունեցել Երեւանում, իսկ վերջին շրջագայությունը եղել է 2012թ., երբ Վալերի Գերգիեւի հրավերով երգչախումբը մեկնել է Մոսկվա՝ Հարության փառատոնին մասնակցելու համար:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031