Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը վստահեցնում է` միսը չի թանկանա (Տեսանյութ)

Դեկտեմբեր 25,2013 15:34

«Հիմա ընդհանրապես չե՞ք տեսնում, որ մսի գնի նվազում կա»,-այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց գյուղնախարար Սերգո Կարապետյանը՝ վստահեցնելով, որ Ամանորին մսամթերքի գնաճ կամ դեֆիցիտ չի լինի:

Նախարարի ներկայացրած տվյալներով` Հայաստանում տարեկան մորթվում է 230-240 հազար գլուխ խոշոր եղջերավոր եւ 430-450 հազար գլուխ մանր եղջերավոր կենդանի:

Ըստ նախարարի, այս տարին գյուղատնտեսության համար բարենպաստ էր. ցորենի արտադրության ծավալներն աճել են 26%-ով, ինչը հնարավորություն է տալիս բարձրացնել պարենային անվտանգության ապահովության աստիճանը:

Պարոն Կարապետյանը նշեց, որ կառավարության մշակած Պարենային անվտանգության հայեցակարգով նախատեսված՝ մինչեւ 2020 թվականը պարենային հիմնական ապրանքների գծով ապահովվածությունը հասցվելու է 80%-ի, ներկայիս 60-ի փոխարեն:

Այս տարի գյուղատնտեսության համախառն արտադրանքը 6.1%-ով ավել է նախորդ տարվա համեմատ. 2013 թվականի հունվար-նոյեմբերին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 857,4 միլիարդ դրամ:

Խոսելով գյուղացիական կոոպերատիվների մասին, նախարարն ասաց, որ դրանց զարգացման համար գյուղացիները պետք է միավորվեն. «Դրա անունն ինչ ուզում եք դրեք՝ կոոպերատիվ, միություն, ասոցիացիաներ, ինչ ուզում է լինի, բայց պիտի միավորվեն մարդիկ: Փոքր տնտեսություններով մենք արդյունաբերական գյուղատնտեսություն չենք կարող ունենալ մեր երկրում: Իսկ ինչ վերաբերում է խոշոր տնտեսություններին, ես խրախուսում եմ, հիմա ով կլինի, ինչը` ինչ է, ինքն ինչ պաշտոն ունի, ինձ չի հետաքրքրում: Ինձ հետաքրքրում է, որ այն մարդիկ, ովքեր մեծաքանակ հողեր ունեն, մշակում են: Իհարկե, էն մարդիկ, որոնք առել են հողը եւ չեն մշակում, դրանց դեմ մենք պետք է պայքարենք»:

Պարոն Կարապետյանի ներկայացմամբ` խնդիր է մնում եղանակային անբարենպաստ պայմաններից գյուղացիական տնտեսությունների պաշտպանության հարցը, եւ ինչպես վստահեցրեց նախարարն, արդեն ապահովագրության առումով առաջին քայլերն են անում. 2014 թվականին արդեն հնարավոր կլինի անասնապահությունն ու գյուղտեխնիկան ապահովագրել:

Այս տարվա կարկտահարության հետեւանքով ունեցած կորուստները շատ էին, եւ դա հիմք տվեց, որպեսզի Արմավիրում լրացուցիչ 50 կայաններ տեղադրվեն:

Տավարաբուծության զարգացման ծրագրի վերաբերյալ էլ, լրագրողների այն հարցին, որ գյուղացիները, որոնք օգտվել են դրանից, դժգոհություններ ունեն. հսկայական պարտքերի տակ են. Եվրոպայից ներկրած երինջները կամ սատկում են, կամ 2-րդ անգամ չեն ծնում, իսկ առաջին ծնի հորթերին էլ նախարարությունը հրաժարվում է գնել: Երբ լրագրողներն այս խնդիրը բարձրացրեցին, նախարարն ասաց. «Ես այդպես դրամատիկ չէի ներկայացնի գյուղացիների բողոքները: Մարդկանց մոտ էլ է լինում, որ չեն հղիանում, այդ խնդիրը նաեւ կենդանական աշխարհում կա: Հիմնականում գյուղացիներն ուզում են, որ մենք իրենց մոտ աճեցված երինջները գնենք: Դա խնդիր է, որ մասնագետները պետք է ասեն: Աշխատանքային խումբը կուսումնասիրի այդ սերնդի արդյունավետությունը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031