Ազգային անվտանգության պետական վարչության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը, որն այսօր հյուրընկալվել էր «Հայելի» ակումբում՝ նախ Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարած այցի արդյունքներին անդրադառնալով՝ նշեց, որ այն, ինչ երեկ տեղի ունեցավ Մոսկվայում՝ տրամաբանական շարունակությունն էր այն գործընթացի, որը սկսվել է սեպտեմբերի 3-ին ․ «Փաստացի սեպտեմբերի 3-ից սկսած Հայաստանի Հանրապետությունը դարձել է ռուսական կայսրության մաս եւ հիմա գնում է այդ ամենի «իրավական» ձեւակերպումը: Երեկ Մոսկվայում ստորագրվեց երկրորդ հակասահմանադրական փաստաթուղթը, առաջինը՝ «գազային» պայմանագիրն էր: ՀՀ իշխանությունները, որպես այդպիսին գոյություն չունեն, եւ ներկայացնում են ռուսական կայսրության իշխանության շահերը, ավելին` նրանց ներկայացուցիչներն են Հայաստանում»:
Դավիթ Շահնազարյանի կարծիքով արտաքին քաղաքական, անվտանգության, տնտեսության հետ կապված ամեն ինչ հանձնված է Կրեմլին, որի խնդիրն է ընդլայնել կայսրությունը՝ ինտեգրացիոն ծրագրերով: «Այդ ծրագրերի առաջին ավարը դարձանք մենք ու մեր պետականությունը: 2013 թվականը մենք փակում ենք նաեւ խորը բարոյահոգեբանական ճգնաժամով: Ամենաստորացուցիչ ստրկությունը՝ ինքնակամ ստրկությունն է: Այդ ինքնակամությունը վերաբերվում է Հայաստանի այսպես կոչված՝ իշխանություններին, խորհրդարանում ներկայացված քաղաքական համակարգի ներկայացուցիչներին, բացառությամբ մի քանի պատգամավորների», նկատեց Շահնազարյանը:
«Այն, որ ոտնահարվում է ՀՀ Սահմանադրությունը՝ ԱԺ-ի բոլոր խմբակցությունները եւ հիմնականում քաղաքական դաշտը, կարծես, չեն էլ ուզում նկատել: Չի խոսվում այդ փաստի մասին, քչերն են խոսում: Եթե Մաքսային միության եւ Եվրասիական միության անդամակցության գործընթացն ավարտվի՝ զուտ իրավական առումով, ՀՀ Սահմանադրությունը, ըստ էության, չի գործելու, եւ թե՛ իշխանությունները, թե՛ բոլոր այն ուժերը, որոնք սատարում են այդ գործընթացին՝ հայտնվելու են թե՛ Սահմանադրությունից, թե՛ օրենքներից դուրս կարգավիճակում: Սա այդ ամենի իրավական գնահատականն է: Ես երբեք քաղաքական ենթատեքստով «դավաճանություն» բառն արտասանած չկամ, բայց կարծում եմ հաջորդ տարի իրավական ենթատեքստով արդեն, այդ թվում նաեւ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների վերաբերյալ ոչ միայն ես, այլեւ շատերը կբարձրացնեն այդ հարցը՝ զուտ որպես իրավական գնահատականի առումով»:
ԱԺ-ում նախօրեին «գազային» պայմանագրերի քվեարկությանն անդրադառնալով Շահնազարյանը նշեց, որ այն իրավական ուժ չունի, քանի որ չի ընդունվել, թեեւ իշխանությունները համարելու են, որ ընդունված է, իսկ խորհրդարանի ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների ջանքերը՝ դիմելու ՍԴ, ըստ նրա, իհարկե ողջունելի է, բայց ՍԴ-ն հազիվ թե քննարկի այդ հարցը, քանի որ այդ կառույցը՝ Շահնազարյանի ձեւակերպմամբ՝ խախտելով Սահմանադրությունը այդ համաձայնագիրը համարեց սահմանադրական:
Կարդացեք նաև
2014 թվականից Դ․Շահնազարյանի ակնկալիքներից մեկն այն է, որ կհաղթահարվի բարոյահոգեբանական խորը ճգնաժամը հասարակության մեջ․ «Մենք ունենք քաղաքացիական հասարակություն, երիտասարդություն, քաղաքական դաշտում կան որոշ ուժեր, որոնց համար մեր պետականությունն ու ինքնիշխանությունը բացարձակ արժեքներ են: Մեր անկախության ողջ պատմության ընթացքում քաղաքական դաշտը փորձել է ընդդիմադիր հատվածում ձեւակերպել ընդհանուր միասնական քաղաքական օրակարգ, որը, որպես կանոն, ունեցել է մեկ հարց՝ իշխանափոխություն, ինչը չի հաջողվել: 2014 թվականի միասնական քաղաքական օրակարգը կարող է լինել՝ հակապետական գործընթացի՝ կայսրապետական կառույցներին Հայաստանի անդամակցության կանգնեցումը, մեր պետականության եւ ինքնիշխանության պաշտպանությունը: Այդ քաղաքական օրակարգով միայն մենք կհասնենք նաեւ համակարգային փոփոխությունների», ասաց Դավիթ Շահնազարյանը:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ