Լրահոս
Օրվա լրահոսը

Դա պարզ եւ բարդ, հեշտ եւ դժվար է։ Բայց իրականանալի է

Դեկտեմբեր 25,2013 14:33

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին

Հարգելի պարոն նախագահ
Նախ՝ թույլ տվեք սգակցությունս հայտնել Ձեր հոր՝ Ազատ Սարգսյանի մահվան առնչությամբ։ Ավագի, ծնողի, մեծի մահը ծանր է եւ անհամակերպելի, որքան էլ որ տրամաբանորեն անխուսափելի եւ կենսափորձ ունեցող հասուն մարդուն առարկայական թվա։ Իմ կենսափորձի ամեն այդպիսի բաժանումն ու լքումը այդպես էլ դժվար սպիացող վերք են մնացել։
Մի քանի օր առաջ Հրանտ Մաթեւոսյանի մահվան տարելիցն էր, իսկ ընդամենը մեկ տարի եւ մեկ ամիս անց՝ նրա ութսունամյա հոբելյանը կլինի։ Մաթեւոսյան մտավորականի իրական մեծության ու տրամաչափի մասին շուրջ մեկ ամիս առաջ գրողի որդուն՝ Դավթին Մոսկվայում պատահական, բայց օրինաչափ մի հանդիպման ժամանակ արժեւորման ճշգրիտ խոսքեր է ասել Լեւ Տոլստոյի ծոռը՝ Վլադիմիր Տոլստոյը՝ ՌԴ նախագահի խորհրդականը։ Թերեւս իր խորհուրդն ունի եւ այն, որ ռուս գրականության հսկաների ժառանգների տագնապի կոչով էր գումարվել «Գրական համաժողովը», ուր բացեիբաց, երես առ երես մտավորականությունը ՌԴ նախագահ Պուտինին հրամցրեց մշակույթի, լեզվի եւ գրականության ծանրագույն վիճակն այդ երկրում եւ հաշիվ պահանջեց։ Պուտինն իր հերթին լսեց, հաշվետու եղավ եւ քայլերի դիմեց: Միայն այն, որ նա 2014-ը գրականության տարի է հայտարարել, համոզված եմ, նշանակելու է ոչ թե սոսկական միջոցառումների իրականացում, այլ առավելապես հաջողված ռազմավարական քայլերի պլանի իրականացում։

Ինչեւէ, Վլադիմիր Տոլստոյի՝ Մաթեւոսյանին բնորոշող խոսքերը՝ «իմ ամենասիրած գրողը, …մեծություն, …հսկա», առիթ դարձան այս նամակիս համար։ Գրողի մահվան օրվանից առ այսօր պետական, քաղաքական գործիչներից, մտավորականներից զորակցության բազում խոսքեր են լսվել, իսկ որոշների ջանադրությամբ էլ՝ քայլեր արվել Հրանտ Մաթեւոսյանի ստեղծագործության եւ ժառանգության պահպանման, ուսումնասիրման, տարածման քաղաքականություն իրականացնելու համար։ Անդրանիկ Մարգարյանի, Տիգրան Սարգսյանի, Հասմիկ Պողոսյանի, Արտաշես Թումանյանի, Գագիկ Բեգլարյանի, Նարեկ Սարգսյանի, Տարոն Մարգարյանի, Հովհաննես Թոքմաջյանի ջանքերի եւ օժանդակության համար երեկ, այսօր եւ վաղը երախտապարտ եմ։ Առանձնացնում եմ միջնորդավորված կերպով ինձ հասած՝ Ձեր ջերմ վերաբերմունքի եւ պատրաստակամության վկայությունները։

Գրողի մահվանից անցել է տասնմեկ տարի, իսկ մեկ տարի անց նրա ութսունամյակն է։ Փաստ է այն, որ Մաթեւոսյանի մեծության գիտակցման առհավատչյա, բազում մտադրություններից, նախագծերից գեթ մեկը՝ պետական մտահղացմամբ եւ ծրագրով «Հրանտ Մաթեւոսյան» հաստատության կառուցումն ու գործարկումը տարուց տարի է անցնում սողալով եւ տպավորություն ունեմ, որ եթե մենք չհիշեցնենք այդ մասին, այդպես էլ կմոռացվի-կգնա։ Հաստատության կառուցման համար հատկացված առաջին հողակտորի ճակատագրի մասին Ձեզ վերջերս նամակ էի հասցեագրել, փառք Աստծո, ՀՀ կառավարությունն ու Երեւանի քաղաքապետարանը քննություն են սկսել հողակտորի եւ դրան առնչվող անբարեխիղճ հարեւան-գործարարի վարքաբանության վերաբերյալ։ Սա մի կողմ։ Մաթեւոսյան հաստատության, կամ մշակութային կենտրոն-թանգարանի կառուցման համար Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հոգածությամբ արդեն մեկ տարի առաջ մեզ է տրամադրվել այլ, ոչ պակաս բարենպաստ տարածք, ուր հնարավոր է թե շենքի կառուցում, թե մաթեւոսյանական միջավայրի հայեցակարգով բնության մի անկյունի ձեւավորում…Սակայն մեր հաստատությունը, ինչպես եւ ութ տարի առաջ, շարունակում է էսքիզա-հատակագծային փուլում մնալ, քանի որ լուծված չէ կառուցումն ապահովելու ամենահիմնական՝ ֆինանսական խնդիրը եւ այս բոլոր տարիների ընթացքում հասկանալի է միայն, որ քննարկվում է երկու տարբերակ՝ կառուցման լրիվ պետական ֆինանսավորում, կամ երկրորդը, երբ պետբյուջեից պիտի հատկացվի կառուցման գումարի մի զգալի մասը, ապա հանրությանը՝ քաղաքացիների, ունեւորների, գործարարների շրջանում միջոցներ նվիրաբերելու կոչով հանգանակություն հայտարարվի։ Տեղեկացնում եմ, որ հաստատության կառուցման ավետիսն իմանալով, մեզ մինչ այդ անծանոթ, ՀՀ վաստակավոր բժիշկներ տեր եւ տիկին Եսայանները առաջինն են զգալի գումար նվիրաբերել «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամին, այնպես որ՝ հանգանակության իդեան, այո, կարող է աշխատել եւ արդյունավորվել։ Տեղեկացնում եմ, որ կան էլի քաղաքացիներ, գործարարներ, պատրաստ օժանդակելու եւ հովանավորելու շինարարությունը։
Կամքի եւ ըմբռնման խնդիր է։ Անհրաժեշտության գիտակցման խնդիր է։ Մշակույթի առկայությունը, նրա որակն է պայմանավորում գաղափարի առկայությունը կամ բացակայությունը որեւէ հանրության, ժողովրդի մեջ, որեւէ երկրում։ Տնտեսությո՛ւն, ֆինանսնե՛ր, բանա՛կ-այո՛, այո՛, այո՛, բայց առանց գաղափարի չկա այդ ամենի տիրապետում, այսինքն՝ չկա ոչինչ։ Մաթեւոսյանի ձեւակերպմամբ՝ պռատ մշակույթները պարտվում են, եւ ռազմական ու տնտեսական հաղթանակներն ու պարտությունները նախ մշակույթի, գաղափարի հաղթանակներ կամ պարտություններ են։ Ուստի, ի վերջո, Մշակույթը որեւէ ազգի ու պետության միակ զենքը, կռվանն է։ Հատկապես այսօր։ Առավել եւս «փոքր» ազգի եւ «փոքր» պետության համար։ Ուստի մշակութային քաղաքականությամբ են լուծելի աշխարհի որեւէ ծագում, առավել եւս Հայաստանում առկա գաղափարական, գաղափարաբանական, պրակտիկ-քաղաքական բոլոր տապալումները, անհաղթահարելի թվացող ճահճացումները, հանգույցները։ ԵՍ ԵՍ ԵՄ՝ Մաթեւոսյանի մեկ այլ պարզ ձեւակերպմամբ, բանաձեւով, եթե անձը՝ անհատ, տարածքը՝ երկիր լինի, առ ի չիք կդառա հյուսիս, թե հարավ, արեւելք, թե արեւմուտք, եվրաինտեգրում, թե Մաքսային միություն որեւէ դատարկ տվայտանք, որովհետեւ ՀԱՅԱՍՏԱՆԸ կկանգնի այդ ամենի կենտրոնում: Սա Մաթեւոսյանի ժառանգորդներիս հավատամքն է։ Ըստ իս՝ Մաթեւոսյանի ժառանգությունն ու նրա անձը գերակա շահ են մեր պետության համար:

Դարձյալ Մաթեւոսյանի խոսքն է՝ Մարդկային մեծագույն առաքինությունը սեփական չկամությունը կոտրելու կարողությունն է։ Ավելացնեմ՝ առավել եւս, եթե հավաստել եք՝ չկա չկամություն ու կոչ անեմ Ձեզ՝ այս մեկ, փայլուն օրինակով՝ Մաթեւոսյան հաստատության կառուցմամբ եւ նրանում ու նրա շուրջ մշակույթի իրական միջավայրի ձեւավորմամբ, Մաթեւոսյանի եւ հայ մշակույթի մեծերի արժեքային հենքով, այդ հենման կետից սկսել Հայաստանում ՀԱՆՈՒՆ ՆՄԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ, ազգային-պետական գաղափարի եւ նոր արժեհամակարգի ձեւավորումը։
Դա պարզ եւ բարդ, հեշտ եւ դժվար է։ Բայց իրականանալի է։ Պարզապես պետք է քայլ անել։
Ակնկալում եմ, որ Ձեր հանձնարարությամբ Նոր տարին՝ 2014-ը սկսենք գործուն աշխատանքային խմբի հավաքից, ապա անցնենք գործնական քայլերի։ Հաջողություն բոլորիս:

Հարգանքով՝
ՎԵՐԺԻՆԵ ՄՈՎՍԻՍՅԱՆ
«Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի
հիմնադիր-հոգաբարձու
25.12.13

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031