Երևանի պետական համալսարանի Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի նախասրահում այսօր տեղի է ունեցել Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակում դրամաշնորհներ ստացած 10 բուհերի դրամաշնորհային ծրագրերի ներկայացումը: Միջոցառմանը մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով, ողջունելով ծրագրի մեկնարկը, կարևորել է երկու հանգամանք: Նախ, ըստ նախարարի, ժամանակակից բուհեր ունենալու համար անհրաժեշտ են արդիական ենթակառուցվածքներ` լաբորատորիաներ, վարժասարքեր, գիտական գործունեության համար համապատասխան միջավայր, հանրակացարաններ և այլ պարագաներ ու գործոններ: “Ծրագրի շրջանակում 3 մլն դոլարի աջակցություն կստանան 10 բուհեր` հնարավորություն ստանալով կյանքի կոչել իրենց զարգացման համար հետաքրքիր և արդիական նախագիծ: Երկրորդ` երկար տարիներ պետությունը միատեսակ էր ֆինանսավորում բուհերին. այսինքն` որքան ուսանող էր ընդունվում, այդքան գումար էր պետությունը փոխանցում բուհերին` պետական պատվերի շրջանակում ուսումը կազմակերպելու համար: Սա բավականին պարզունակ մեխանիզմ լինելով` այնուհանդերձ ժամանակին թույլ էր տալիս ապահովել բուհական մրցակցություն` ընդունելության քննությունների մակարդակում: Այս համատեքստում Կառավարության հաստատած բուհական ֆինանսավորման նոր ռազմավարության շրջանակում որոշվել է ավելի բազմազան դարձնել այդ ֆինանսավորումը` հատուկ ուշադրություն դարձնելով մրցակցության այլ ձևերի դրսևորումներին` նախագծերի տեսքով հնարավորություն ընձեռելով բուհերին լավ, փայլուն գաղափարներով, արդիականացման ծրագրերով ստանալ պետության աջակցությունը: Եվ, ահա, Նորարարությունների մրցակցային հիմնադրամը թույլ է տալիս բուհերում զարգացնել նոր տիպի մշակույթ, երբ հնարավոր է ստանալ լրացուցիչ ֆինանսավորում, շահել պետական դրամաշնորհներ` ներկայացված ծրագրերի արդիականության և արդյունավետության հիման վրա”,-նշել է նախարարը` հավելելով, որ Համաշխարհային բանկի հետ նոր բանակցությունների շրջանակում ՀՀ կառավարությանը հաջողվել է ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով գալիք տարիներին ստանալ լրացուցիչ 6 մլն դոլարի աջակցություն:
Արմեն Աշոտյանը շեշտել է նաև, որ ծրագրին մասնակցելու նախապայման էր բուհերի կողմից համաֆինանսավորման սկզբունքը և ցանկալի էր, որ այն կիրառվեր հնարավորինս լայն ճակատով` շահառուների խումբ ստեղծելու, այսպես կոչված, կոնսորցիումների միջոցով: “Այս ճանապարհով մի շարք բուհեր գնացել են և կարողացել մեր տված գումարին զուգահեռ նաև ապահովել աշխատաշուկայում տնտեսության այս կամ այն ճյուղում ներկայացված մասնավոր հատվածի համաֆինանսավորման սկզբունքը, ինչը հետաքրքիր իրադարձություն է, որովհետև մեր խնդիրներից է նաև, որ մասնավոր հատվածի մի մասը դեռևս չի ընկալում մասնագիտական կրթության ոլորտը` ոչ որպես բարեգործության, այլ ներդրումների կարիք ունեցող ոլորտ, որտեղ գումար դնելով` ընկերությունն ապագայում լավ մասնագետների միջոցով ավելի մեծ շահույթ կունենա”,-նշել է նախարարը` հույս հայտնելով, որ ապագայում ծրագրերին մասնակցել ցանկացող բուհերի քանակը կավելանա:
Արմեն Աշոտյանը նաև շրջել տաղավարներում, ծանոթացել բուհերի ներկայացրած նախագծերի մանրամասներին:
Նշենք, որ բուհական համակարգի կողմից Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակում դրամաշնորհների տրամադրումն իրականացվում է ՀՀ կառավարության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված միջազգային համաձայնագրով իրականացվող “Կրթության որակ և համապատասխանություն” վարկային երկրորդ ծրագրի համաձայն:
Կարդացեք նաև
ՀՀ կրթության և գիտության նախարարություն