Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրօրինակ «պարգեւատրում» «գազային» քվեարկությունից մեկ օր անց

Դեկտեմբեր 25,2013 13:14

Իսկ գուցե ՌԴ-ն այնքան է՞լ դեմ չէ Իլհամ Ալիեւին ռեւերանսներ անելուն

Սերժ Սարգսյանը երեկ Մոսկվայում մասնակցեց պետությունների ղեկավարների մակարդակով կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Կրեմլի կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն` նիստում Մաքսային միության անդամ պետությունների ինտեգրացիոն փոխգործակցության ուղղությունների, ինչպես նաեւ 2015թ. հունվարի 1-ին Միասնական տնտեսական տարածքի ձեւավորման աշխատանքների թեման էր: Նշվել էր նաեւ, որ օրակարգում են Հայաստանի եւ Ղրղըզստանի` եվրասիական ինտեգրացիոն կառույցներին անդամակցության «ճանապարհային քարտեզների» նախապատրաստման եւ իրականացման հարցերը: Նախօրեին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ կարող է ստորագրվել ՄՄ-ին Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը: «…Ղրղըզստանի համեմատ՝ Հայաստանի անդամակցությանն ուղղված աշխատանքները արագացված տեմպով են ընթանում»,- նշել էր Ուշակովը:
Մինչդեռ Ղրղըզստանի ճանապարհային քարտեզը առայժմ պատրաստ չէ, իսկ վերջերս Ղրղըզստանի իշխանությունները հայտարարել էին, թե չեն պատրաստվում ստորագրել ճանապարհային քարտեզը այն վիճակով, որ առաջարկվում է, եւ մտադիր են շարունակել բանակցությունները փաստաթղթի վերաբերյալ: Ուկրաինայի վարչապետ Ազարովը Մոսկվայում որեւէ պայմանագիր չի ստորագրի՝ երեկ հայտնում էին Ուկրաինայի կառավարության մամուլի ծառայությունից եւ հերքում ավելի վաղ տարածված լուրերը, թե Ազարովը Մաքսային միության վերաբերյալ 60 համաձայնագիր է ստորագրելու:

Ինչեւէ, երեկվա նիստում հաստատվել է ՄՄ-ին եւ Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու միջոցառումների ծրագիրը («ճանապարհային քարտեզը»)՝ Բելառուսի, Ղազախստանի, ՌԴ-ի եւ Հայաստանի նախագահների ստորագրված հայտարարությամբ: Վլադիմիր Պուտինը նիստի բացման արարողությանը հայտարարել է, որ մինչեւ 2014թ. մարտի 1-ը պետք է կազմել սահմանափակումների ցանկը եւ սահմանել դրանց վերացման կոնկրետ ժամկետները: Նա ընդգծել է, որ ՌԴ-ն, Բելառուսը եւ Ղազախստանը ձգտում են այլ երկրների եւ տարածաշրջանային հարեւանների հետ փոխշահավետ եւ իրավահավասար համագործակցության ընդլայնմանը. «Մեր ինտեգրացիոն նախագիծը, ելնելով տնտեսական օբյեկտիվ պատճառներից, հետաքրքիր եւ գրավիչ է ԱՊՀ-ի գծով մեր բազմաթիվ գործընկերների համար: Հայաստանն ու Ղրղըզստանը ոչ միայն ցանկություն են հայտնել դառնալու դրա մասնակիցներ, այլեւ մենք արդեն իսկ զգալի աշխատանքներ ենք կատարել տվյալ ուղղությամբ: Այսօր դիտարկման է դրվում Հայաստանի անդամության «ճանապարհային քարտեզը», համաձայնեցման փուլում է գտնվում Ղրղըզստանի վերաբերյալ համարժեք փաստաթուղթը»: Պուտինը խոստացել է աջակցել Երեւանին ու Բիշքեկին. «Վստահ եմ, որ եվրասիական միավորման անդամների քանակի ընդլայնումն օգտակար կլինի ոչ միայն իրենց՝ մասնակիցների համար, այլեւ ընդհանրապես տարածաշրջանի համար: ՌԴ-ի համար Մաքսային միությունն իր նշանակությամբ երրորդ շուկան է աշխարհում՝ ԵՄ-ից ու Չինաստանից հետ»:

Մինչ Պուտինը խոստանում էր «աջակցել Հայաստանին» ՄՄ-ին արագ ինտեգրվելու ճանապարհին՝ ուշագրավ պարզաբանումներ ստանալու մասին բարձրաձայնեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը: Պարզվում է՝ Ղազախստանը պատրաստ է ստորագրել ՄՄ-ի կազմում Հայաստանի անդամակցության մասին «ճանապարհային քարտեզը», սակայն հատուկ կարծիքով: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի երեկվա նիստում Նազարբաեւը ասել է. «Հայաստանի «ճանապարհային քարտեզը» ընդհանուր առմամբ համաձայնեցված է, կարծում եմ` հնարավոր է այն ընդունել։ Միաժամանակ ՄՄ սահմանի վերաբերյալ հարցը, որտեղով է այն անցնելու Հայաստանում` ղարաբաղյան հակամարտության հետ կապված, բաց է մնում։ Այդ պատճառով մենք գործընկերների հետ կստորագրենք «ճանապարհային քարտեզները», սակայն հատուկ պայմանով, որը կներկայացվի»։ Նա հույս է հայտնել, որ փաստաթղթի համաձայնեցման ընթացքում փորձագետները կգտնեն տվյալ հարցի լուծումը։

Հիմա Հայաստանի իշխանական վերնախավը, ովքեր մի քանի ամիս Հայաստանի կայացրին որոշումը՝ անդամակցել Մաքսային միությանը, գոնե պետք է իրենք պարզաբանումներ պահանջեն այն մասին, թե ինչպես է ստացվում, որ Մաքսային միությանը չանդամակցող Ադրբեջանի շահերի մասին բարձրաձայնում են մի կառույցում, որում Հայաստանը կայծակնային արագությամբ փորձում է ինտեգրվել՝ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը «թշնամուց» պաշտպանելու համար եւ «անվտանգության» նկատառումներից ելնելով:
Իսկ գուցե Ռուսաստանն այնքան է՞լ դեմ չէ, որպեսզի Եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում Իլհամ Ալիեւին ռեւերանսներ արվեն, գուցե Մոսկվան էլ այսկերպ ի՞ր շահերն է հետապնդում, որը ամենեւին էլ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շահերից չի բխում՝ այնպես, ինչպես չի բխում Ադրբեջանին չորս միլիարդ դոլարի հարձակողական զենքի վաճառքը Ռուսաստանի կողմից…

Այս իրավիճակում առավել ուշագրավ կլիներ լսել թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներին, ովքեր տարբեր աշխարհաքաղաքական վերլուծություններ են բերում՝ «պատմականորեն» ապացուցելու, որ՝ կա՛մ Ռուսաստանի հետ ենք, կա՛մ կպարտվենք կուռ «համոզմունքով» պետք է առաջնորդվի ինքնիշխան Հայաստանի հասարակությունը:
Բայց ամենահետաքրքրականը, թերեւս, այն է, որ Հայաստանի իշխանություններին այս ամենը Մոսկվայում ասվեց՝ Հայաստանի խորհրդարանում «գազային» համաձայնագրերի քվեարկությունից ընդամենը մեկ օր անց:
Ինչ խոսք՝ յուրօրինակ «պարգեւատրում» էր:

Ինչպես ռուսները կասեն՝ «то ли еще будет»…

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031