ՀՀԿ-ն ընդամենը ժպտում է խորհրդարանական ընդդիմադիր ուժերի այն պահվածքի վրա, որը դրսեւորվեց դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում: Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը`պատասխանելով լրագրողներից մեկի հարցին:
Հիշեցնենք, որ այդ օրը ԱԺ-ն վավերացրեց «գազային» համաձայնագրերը, որոնց քվեարկությունը բոյկոտեցին խորհրդարանական ընդդիմադիր ուժերը: «Ինձ թվում է, որ ՌԴ-ից շատ են վախենում, դրա համար էլ դեմ չեն քվեարկել»,- հավելեց Գալուստ Սահակյանը:
Ինչ վերաբերում է ոչ իշխանական ուժերի մանդատները վայր դնել-չդնելու հարցին, ապա պարոն Սահակյանը համոզված է՝ չեն դնի. «Դա պոռթկումով հայտարարություն էր: Մանդատները խաղալիք չեն: Ով պրոֆեսիոնալ են, հասկացան, որ պետք չէ ու նաեւ ԱԺ-ն միայն ՀՀԿ չի կարող լինել: Այդպես արտահայտվում են նրանք, որոնք շատ հուզական են վերաբերում քաղաքականությանը: Մանդատը տվել է ժողովուրդը, նա էլ ետ է վերցնելու»:
Մանդատը վայր դնելու մասին բոլոր հայտարարությունները քաղաքական խորհրդարանական մեծամասնության ղեկավարը համարում է «հասարակությանը խաբկանքի տանող ճանապարհ», քանի որ «հաշվիչ հանձնաժողովն ընդամենը ժամանակավոր է ու կատարում է տեխնիկական աշխատանք»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերվում է ԱԺ հաշվիչ հանձնաժողովի`ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների կողմից վաղը հրավիրվելիք արտահերթ նիստին եւ, առհասարակ, հանձնաժողովի այդ օրվա գործունեությանը վերաբերվող քննադատություններին, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասում է.«Քանի որ սա բաց քվեարկություն է, խնդիր չի առաջանում, որ քվորում չի եղել, ՀՀԿ-ն ապահովել է քվեարկությունն ու քվորումը: Դրսի կանգնած այդ 200-300 հոգին դա չեն հասկանում: Ընդդիմության հիստերիան այնտեղից սկսվեց, երբ իրենց պահանջը չի կատարվել, որ հաշվիչ հանձնաժողովը պետք է նիստ գումարեր: Բայց դա ԱԺ նախագահի լիազորությունների շրջանակներում է: Դա վերաբերում է փակ, գաղտնի քվեարկությանը: Հանձնաժողովի անդամները եղել են դահլիճում ու կարող էին փառահեղ կատարել հաշվարկը: Լուսնորդային ձեւով քարտերը տանելուց հետո ստիպված այլ տիպի քվեարկություն եղավ»:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ