Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում «Եվրոպական ինտեգրացիա» հկ-ի ներկայացուցիչները խոսեցին 2013 թվականի արտաքին քաղաքական զարգացումների մասին՝ ամփոփելով արդյունքները։
«Եվրոպական ինտեգրացիա» հկ-ի վարչության անդամ, վերլուծաբան Մանվել Ղումաշյանն անդրադառնալով Ղազախստանի նախագահ Նազարբաեւի կողմից հնչեցրած ԼՂՀ-ի վերաբերյալ հայտարարություններին, ասաց, որ Նազարբաեւը ընդամենը տուրք է տալիս Ադրբեջանի հետ ունեցած իր խորը գործընկերային հարաբերություններին, սակայն Մաքսային միության մեջ, խոսքը մեծ հաշվով կախված է լինելու Ռուսաստանից:
Հարցին էլ, թե չարժե՞ արդյոք արձագանքել, դիրքորոշում հայտնել, Մանվել Ղումաշյանն այսպես արձագանքեց. «Հայաստանի դիրքորոշումը այս առումով չպետք է բարձրաձայնել, քանի որ մենք հիմնական խնդիրները կարողանում ենք լուծել Ռուսաստանի հետ: Ես մտավախության հիմքեր չեմ տեսնում, դա կարող է լինել միայն այն դեպքում, երբ սկսվի Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների քննարկում` Մաքսային միության շրջանակներում»:
Միջազգայնագետ Քրիստինե Հովսեփյանի խոսքով էլ` տարին բուռն էր թե ԱՄՆ-ի ներսում, թե նրա շուրջ: «2013-ին ԱՄՆ-ի դրսեւորած միտումներից հարկ է նշել արտաքին քաղաքականության հարցում որոշ կոմպլեքսների հաղթահարումը: Դժվար է փաստել, որ ԱՄՆ-ն Մերձավոր արեւելքում նոր գործընկերներ է փնտրում»,-ասաց նա:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերվում է`ԱՄՆ – ՌԴ հակասություններին, ապա Քրիստինե Հովսեփյանը նշեց, որ այս գործընթացը փակուղի է մտել, իսկ կողմերը սկսել են նոր պաշտպանական հայեցակարգեր մշակել:
«ԱՄՆ արտաքին քաղաքականության տեսակետից էլ մեզ համար հետաքրքիր է ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները, այստեղ բոլոր նախադրյալները կար, որ առաջընթաց գրանցեինք»,- ավելացրեց Քրիստինե Հովսեփյանը:
Քաղաքագետ Աննա Կարապետյանն էլ անդրադառնալով 2013-ին թվականին ԵՄ ծավալած գործունեությանը՝ նշեց, որ այս կառույցի համար տարին ճգնաժամային էր, հատկապես տնտեսական ոլորտում, որը զգալի վնասներ տվեց:
Աննա Կարապետյանը կարեւորեց նաեւ գործազրկությունը. «Այս խնդիրները ԵՄ-ի ներսում քաղաքական ճգնաժամի հանգեցրին, օրինակ` Գերմանիայի հասարակությունը բողոքի ձայն բարձրացրեց, որը համարում էր, թե իր վճարած հարկերը հատկացվում են երկրներին օգնելու համար»:
Իսկ Հայաստանի համար, ըստ նրա, կարեւոր են ԵՄ-ի հարաբերությունները հարեւան երկրների հետ: Արեւելյան գործընկերության վերաբերյալ էլ`Աննա Կարապետյանը հավելեց, որ ԵՄ-ի կողմից այս կառույցին նույնպես մեծ ուշադրություն էր դարձվում, նա հատկանշական համարեց նաեւ ԵՄ-ի ցուցաբերած ուշադրությունը` Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ