Ընդդիմադիրներն ու այլընտրանքը առանձնապես չեն կենտրոնանում Զարուհի Փոստանջյանի արարքի վրա, թերեւս անգամ նրան ինչ-որ տեղ հերոսացնում են, բայց չպետք է մոռանալ, որ կյանքը շարունակվելու է, եւ նման դեպքում մեծամասնությունն էլ ազատ է ԱԺ դահլիճում ընդդիմադիրների քարտերի, խոսափողի եւ պատգամավորական այլ հնարավորությունների հետ վարվել այնպես, ինչպես խելքին փչի:
Եթե մի բան կարելի է ու ներվում է ընդդիմադիրներին, ինչո՞ւ չի կարելի մյուսներին: Դա, իհարկե, ամենատհաճ տարբերակը կլինի, եւ ճիշտն ասած, անցանկալի է: Բայց նաեւ Զ.Փոստանջյանի վարմունքն էլ մի սխրանք չէ: Այսուհետ, համենայն դեպս, պատգամավորները լավ կանեն, որ աչքներն իրենց ունեցվածքի, այդ թվում՝ քվեարկության քարտերի վրա պահեն:
Ինչ վերաբերում է ընդդիմությանն ու այլընտրանքին, ապա առաջիկա քայլերի մեջ նրանք փաստորեն նախ առանձնացնում են ՍԴ դիմելու հնարավորությունը: Նկատենք, որ սա արդեն ՍԴ դիմելու երկրորդ քայլը կլինի՝ պարտադիր կուտակային համակարգի ներդրման հետ կապված հարցը նկատի ունենալով:
Մյուս հետաքրքրական պահը, զուտ ներքաղաքական տեսանկյունից, այն է, որ խորհրդարանական ընդդիմությունն ու այլընտրանքը կարծես սկսում են սովորել, թե ինչպես միմյանց հետ համագործակցված աշխատեն: Համենայն դեպս առայժմ համագործակցում են: Դա, անկախ ամենից, հնարավորություն կտա, որ ընդդիմադիրներն ու այլընտրանքը փորձեն իշխանությանը հակակշիռ լինել:
Կարդացեք նաև
Ճիշտ է, այս դեպքում նրանք երեւի պետք է փորձեն ավելի հետաքրքիր բան մտածել, քան իշխանական գործընկերների քվեարկության քարտերը «թռցնելն» է:
Տ. ՄԻՐԶՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում