Փորձեցինք պարզել, թե որքան գումար է պահանջվում տոնական գիշերը ռեստորանում նշելու համար։
«Հավանա» ռեստորանային համալիրից տեղեկացրին, որ դեկտեմբերի 31-ի գիշերը ժամը 23:00-ից են այցելուներին ընդունելու։ «Շոու ծրագրին մասնակցելու համար մեկ անձը պետք է վճարի 27 հազար դրամ, իսկ եթե 6 հոգուց անցնում են, գինը նվազում է՝ դառնալով 25 հազար դրամ»,- ասաց աշխատակիցը՝ հավելելով, որ սնունդն այդ գումարի մեջ չի մտնում։ Վերջինիս խոսքով, սննդի գումարը կախված է այն բանից, թե ինչ են պատվիրելու. «Շոու ծրագրին կմասնակցեն 15-ից ավելի երգիչ-երգչուհիներ։ Մասնավորապես՝ երգիչ Էրիկ Կարապետյանը, Արմոն, Նարեկ Բավեյանը, Վարդան Բադալյանը եւ Հասմիկ Կարապետյանը, ինչպես նաեւ ելույթ կունենա «Հավանա» շոու-բալետը»։
Որոշ ռեստորաններում կա մուտքի գումար։
«Փարավոն» ռեստորանային համալիրում մեկ անձի մուտքը 60-100 հազար դրամ է՝ կախված ճաշացանկի բաղադրությունից։ Այդ երեկո նախատեսված է հատուկ շոու ծրագիր, ծրագրին կմասնակցեն նաեւ Վիտամին ակումբը, Թաթան, Արման Հովհաննիսյանը, Քրիստինե Պեպելյանը, Եվա Ռիվասը եւ «Փարավոն» համույթը։
«Բելաջիո» ռեստորանային համալիրում մեկ անձի մուտքավճարը 45 հազար դրամ է։ Ռեստորանի մենեջերը հստակ չկարողացավ ասել, թե մուտքավճարից բացի որքան պետք է վճարեն այցելուները։ «Գումարի չափը կախված կլինի այն բանից, թե ինչ են պատվիրելու»,- ասաց մենեջերը։ Այստեղ երգելու են Արման Հովհաննիսյանը, Աննա Խաչատրյանը, Արսեն Գրիգորյանը, Միհրան Ծառուկյանը եւ Մարտին Մկրտչյանը։
Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը` shoppingsite.am-ից