Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Բացարձակ գնահատականները կա՛մ պոպուլիզիմի արդյունք կարող են դիտարկվել, կա՛մ, կներեք, քաղաքական տգիտության». «Առաջին լրատվական» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 25,2013 11:06

Հատված «Առաջին լրատվական»ին ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հարցազրույցից:

 – Ձեր ձախողումների մասին չխոսեցիք: Դուք ՀՀԿ փոխնախագահն եք, որը երեքուկես տարի բանակցում էր Եվրոպայի հետ ԵՄ Ասոցացման պայմանագրի շուրջ: Այս տարիներին մենք  ականատես էինք լինում, թե ինչպես են եվրոպական դիտորդներն ամեն անգամ մեկ քայլ առաջ որակում ընտրությունները նախորդներից: Դա արձանագրվեց նաև նախագահական և քաղաքապետի ընտրություններին: Այսինքն՝ ՀՀԿն Եվրոպայից ստացավ այն, ինչ ակնկալում էր, փոխարենը Եվրոպային փաստի առաջ կանգնեցրեց: Արդյո՞ք սեպտեմբերի 3-ի կարևոր իրադարձությունը ձախողում չէր:

– Հայաստանի եվրամերձեցման քաղաքականությունը բացարձակապես ձախողված չեմ համարում: Ճիշտ հակառակը, սեպտեմբերի 3-ի՝ հայտնի հայտարարությունից հետո այն խուճապային տրամադրությունները, այն ապոկալիպտիկ աշխարհվերջյան կանխատեսումները, որոնք վերաբերում են Հայաստան-ԵՄ հարաբերություններին, շատ արագ ի չիք դարձան, և՛ եվրոպական մեր գործընկերների, և՛ Հայաստանի իշխանությունների՝ իրենց ցանկությունը վերահաստատելով, աշխատելով միասին, ձևավորելով նոր քաղաքական, տնտեսական, հասարակական օրակարգ՝ մենք շարժվելու ենք եվրամերձեցման քաղաքական ճանապարհով դեպի նոր նշանակակետեր: Եվ այստեղ ես բացարձակ խնդիր չեմ տեսնում, ինչպես չեն տեսնում եվրոպացի մեր շատուշատ գործընկերներ: Ավելին՝ սեպտեմբերի 3-ի հայտարարությունը դիտարկում եմ արտաքին քաղաքական ամենալուրջ իրադարձությունը Հայաստանի համար և կարծում եմ՝ ստեղծված աշխարհաքաղաքական, ռազմատնտեսական, ռազմաքաղաքական համատեքստում ժամանակին և տեղին կայացրած որոշում է հնչեցվել Մոսկվայում Սերժ Սարգսյանի կողմից: Բնականաբար, այդ որոշումը միանվագ որոշում չէ, այն ենթադրում է երկարատև գործընթաց: Հայաստանի անվտանգության խնդիրները դիտարկելով որպես առաջնային խնդիրներ՝ կարծում եմ, մենք այս պարագայում շատ ազնիվ վարվելով մեր բոլոր գործընկերների հետ, նախապես զգուշացնելով, որ մեզ երբևէ ընտրության առջև չդնեն, կայացրեցինք այն որոշումը, որը ընկալելի և ըմբռնելի էր մեր եվրոպական գործընկերների համար:

Գիտեք, որ ՀՀԿ-ն արդեն մեկուկես տարի է ԵԺԿ դիտորդ անդամ է: Մենք ամբողջությամբ կատարում ենք մեր պարտավորությունները, ԵԺԿ-ի աշխատանքներին լիարժեք մասնակցում ենք՝ և՛ քաղաքական վեհաժողովին, և՛ թեմատիկ նիստերին, և՛  ԵԺԿ գալիք համագումարին:

Որքանո՞վ լուրջ ընդունեց ԵԺԿն Մաքսային միությանը միանալու այս քայլը:

– ԵԺԿ-ն շատ լուրջ է ընկալել այդ քայլը, ԵԺԿ-ում շատ ավելի լուրջ մարդիկ են աշխատում, քան կարող եք ենթադրել Երևանում նստելով և փորձելով որսալ «տաք» արտահայտություններ և դիրքորոշումներ, որոնք լրագրողական մի հատվածի թույլ կտան քննադատել հայրենի իշխանություններին: Ես չեմ ուզում բացարձակ արժեք տալ որևէ մի իրադարձության: Քաղաքականության մեջ ամեն մի քայլ և որոշում դիտարկվում է ստեղծված համատեքստում: Եվ առնվազն ունի միջնաժամկետ և երկարաժամկետ ազդեցություն ու նշանակություն, ուստի բացարձակ գնահատականները կա՛մ պոպուլիզիմի արդյունք կարող են դիտարկվել, կա՛մ, կներեք, քաղաքական տգիտության:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031