Ճիշտ ասած` ես էլ եմ համաձայն երիտասարդ ժառանգական Դավիթ Սանասարյանի հետ (իր տեսակետը նա արտահայտել էր սոցցանցում), թե լրագրությունը չի բացառում ողնաշարով քաղաքացի լինել: Սակայն մի դեպքում ողնաշարով քաղաքացին քաղաքականների համար նրանք են, որոնք իրենց տեսակետներն են առաջ մղում, եւ նրանք չեն, ովքեր այդ տեսակետները սխալական են համարում: Այստեղ շատ հեռու մնացին քաղաքացին էլ, լրագրողն էլ, առաջինն այն առումով, որ բոլորը նույն բանի մասին միատեսակ չեն կարող մտածել, երկրորդն այն պատճառով, որ լրագրությունը բավարար չի համարում ճշմարտությունը բացահայտելու եւ տեղ հասցնելու, ու այդպե՛ս ազդելու որոշումների կայացման վրա:
Ու ասեմ, որ Ազգային ժողովում բողոքի պաստառներ պարզած լրագրողներից մի քանիսին անձամբ ճանաչում ու հարգում եմ (կարելի է ասել` անգամ սիրում եմ` Նարինե Իրիցյանին ,Գրիշա Բալասանյանին , Տիգրանուհի Մարտիրոսյանին ): Բայց, իրոք, միթե ավելի կարեւոր չէր Արփի Մախսուդյանի արածը, որն ուղիղ եթերում էր ապահովում բոլոր քաղաքացիների տեղեկացված լինելու եւ քննարկվող հարցի վերաբերյալ տեսակետ ունենալու հնարավորությունը: Ու այս ուղիղ հարցին ուղիղ պատասխան էլ ակնկալվում է` երկրորդը, փաստորեն, ա՛յդ կերպ դրսեւորեց իր ողնաշարով քաղաքացի լինելը` մնալով լրագրող:
Ու արժե, որ այս պահն առանձնացվի, զատվի իրարից` ո՞վ է ուզում քաղաքացի լինել, ով` լրագրող, դրանք երկուսն էլ պատվաբեր են, ուղղակի պետք է ընտրել, համատեղել հնարավոր չէ, որ ոչ լրագրողը տուժի, ոչ քաղաքացին:
Մյուս կողմից` կան բացառիկ հարցեր, որոնց ժամանակ մի պահ կարող է սահմանը ջնջվել, երբ հարցը վերաբերի բոլորին ու ամենքի ճակատագրին, ու այդ բոլորի մեջ նաեւ լրագրողի: Ու գազային համաձայնագրի վավերացումը կարելի էր երկրի համար բացառիկ այդ պահը համարել` գուցե թե մի փոքր թուլանալով ու չօգտագործելով «լրագրողական էթիկա» արտահայտությունը, քանի որ ներսում պաստառ պահած լրագրողներին կարելի է հասկանալ, սակայն միեւնույն է, հարգելով, ու անգամ սիրելով նրանց` միանշանակ պատասխան կա, թե նրանցից ինչը սպասելն է ավելի լավ` մասնագիտորեն լուսաբանո՞ւմը, թե՞ քաղաքացիական ակտիվության դրսեւորումը:
Կարդացեք նաև
Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում