«ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը միշտ ողջունել է կառուցողական նախաձեռնությունները եւ մեր կողմից մենք էլ ունենք նախաձեռնություններ ոչ միայն երկկողմանի մակարդակի, այլեւ՝ բազմակողմանի»,- դեկտեմբերի 24-ին Մոսկվա-Կիեւ-Քիշնեւ-Երեւան-Աստանա հեռուստակամրջի ընթացքում հայտարարեց ՀՀ Կրթության եւ գիտության Արտաքին կապերի եւ սփյուռքի կառավարման ղեկավար Տիգրան Սահակյանը:
Հեռուստակամրջի գլխավոր թեման էր «Ռուսական բուհերը ԱՊՀ քաղաքացիների համար», քանի որ սույն թվականի դեկտեմբերի 12-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր՝ «Մոտակա ժամանակ պետք է ապահովել դպրոցական կրթության մասին փաստաթղթերի փոխադարձ ընդունումը Համագործակցության բոլոր երկրներում, նաեւ մշակել ռուսական չափանիշներով ՄՊՔ-ի (Միացյալ պետական քննություն) անցկացման կարգը, օրինակ՝ ԱՊՀ երկրներում ռուսաց լեզվի կենտրոնների հիմքի վրա»: Պլանավորվում է, որ ՄՊՔ-ի անցկացման արտասահմանյան կենտրոնները ստեղծվելու են 2014 թվականից:
Տիգրան Սահակյանը նշեց նաեւ, որ ի շնորհիվ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» եւ Կրթության եւ գիտության նախարարության համատեղ ծրագրի, հայ շրջանավարտները ամեն տարի հնարավորություն են ունենում սովորել Ռուսաստանի Դաշնությունում:
Իսկ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի մշտական անդամ, ԱԺ պատգամավոր, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը հայտարարեց, որ ողջունում է ՌԴ նախագահի հայտարարությունը, քանի որ դա հայ ուսանողների համար մի նոր հնարավորություն է ստանալ որակավորում Ռուսաստանի առաջատար համալսարաններում.
Կարդացեք նաև
«Հումանիտար համագործակցության խորացման թեման մեզ մոտ է. մենք՝ Հայաստանում կարծում ենք, որ ԱՊՀ տարածքում հումանիտար համագործակցությունը պետք է շարունակել խորացնել»:
Հայկ Բաբուխանյանը նշեց, որ այդպիսի առաջարկների շնորհիվ նոր հորիզոններ են բացվում եւ պետք է օգտվել առիթից:
Հեռուստակամրջին մասնակցող երկրներին անհանգստացնում էր հիմնականում երկու հարց՝ Մոսկվայի թանկ քաղաք լինելը եւ իրենց երկրներում ռուսական համալսարանների քիչ հայտնի լինելը: Ղազախ քաղաքագետ Նուրլան Երիմբետովը հայտարարեց, որ ռուսական համալսարանները այդքան էլ բարձր վարկանիշ չունեն եւ ապահով չեն այլազգի ուսանողների համար.
«Ինչքանո՞վ է ՌԴ նախագահը, հրավիրելով ղազախներին սովորել Ռուսաստանում, լուծել տեխնիկական խնդիրները, ինչքա՞ն է բարձր ռուսական բուհերի վարկանիշը: Մենք կորցրեցինք այն ժամանակը, ախր դա «կադրերի դարբնոց» էր: Ղազախները վերջին 20 տարիների ընթացքում աշխարհը տեսնելու հնարավորություն ունեցան: Մեզ մոտ, ի շնորհիվ նախագահի «Բալաշակ» ծրագրի 10000 մարդ սովորում էր աշխարհի խոշոր համալսարաններում: Վարկանիշային աղյուսակում որտե՞ղ է հիմա ՄՊՀ-ն (Մոսկվայի պետական համալսարան) եւ Ռուսաստանի մնացած համալսարանները»:
Նա նշեց, որ իր երկու տղաները սովորել են Ռուսաստանի Դաշնությունում եւ իր մտերիմները, լսելով դա, հարցրել են՝ «Դու իրենց մահվան դուռն ես ուղարկո՞ւմ»: Նա հավելեց, որ այդ այլազգի ուսանողները ուսանող լինելուց բացի ինչ-որ մեկի զավակներն են, եւ նրանց ծնողներին անհանգստացնում են մի շարք հարցեր. «Ո՞ւր են նրանք գնալու, ո՞ր երկիր եւ արդյոք այդտեղից ողջ եւ առողջ են հետ վերադառնալու»:
Ի պատասխան ղազախ քաղաքագետի՝ Ռուսաստանի Դաշնության Ֆինանսական համալսարանի Միջազգային համագործակցության եւ շարունակական կրթության պրոռեկտոր Օլգա Պրիխոդկոն հայտարարեց, որ ուսանողները ապրելու են հանրակացարաններում, որոնք ե՛ւ մատչելի են, ե՛ւ մոտ են այն ուսումնական հաստատությանը, որտեղ սովորելու է ուսանողը:
Ամի ՉՒՉԱԿՅԱՆ