Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` 27-ամյա Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանը դատի է տվել Վարդան Կոլյայի Ղուկասյանին ու նրա գրասենյակին, երրորդ անձ «Պանորամա ԷՅ ԷՄ», «Առավոտ» օրաթերթ ՍՊ ընկերություններին և Անժելա Թովմասյանին: Վերջինս պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից :Բանն այն է, որ Վարդան Ղուկասյանի գրասենյակը տարածել էր հայտարարություն, որտեղ, ըստ ամբաստանյալի, կան վիրավորական արտահայտություններ իր հասցեին: Եվ այդ հայտարարությունը մ տեղադրել են հիշյալ լրատվամիջոցները:
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Հովհաննես Ղազարյանի նախագահությամբ, սկսեց նախնական դատական նիստը, որին, սակայն, չէր մասնակցում ամբաստանյալ Հարություն Սարգսյանը: Դատը տևեց ընդամենը 5 րոպե` հետաձգվելով փետրվարի 13-ին:
Վարդան Ղուկասյանի շահերը ներկայացնող Հայկ Ալումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Վարդան Ղուկասյանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ եղել են որոշակի արտահայտություններ, որոնք հայցվոր կողմը համարում է իր համար վիրավորական և պահանջում է, որ դատարանը պարտավորեցնի հերքել, ներողություն խնդրել: Իսկ թե կոնկրետ ո՞ ր արտահայտություններից է վիրավորվել Հարություն Սարգսյանը, Հայկ Ալումյանը չուզեց կրկնել: «Չեմ ուզում կրկնել էլի, ստացվում է, որ նույն բառերը ես եմ ասում, էլի, ճիշտ չի ստացվի», -ասաց նա: Իսկ միգուցե Հարություն Սարգսյանի անմեղության կանխավարկա՞ծն է խախտվել, դրա համա՞ր է պատիվ պահանջում: «Իրենք ասում են, որ կա անմեղության կանխավարկածի խախտում, իմ դիրքորոշումը ես կներկայացնեմ դատաքննության ժամանակ: Ես չեմ ուզում ժամանակից շուտ արտահայտել, մենք հայցի դեմ առարկել ենք, այդ թվում և այն պատճառաբանությամբ, որ վաղեմություն կա մեկամսյա ժամկետի, մենք ասում ենք, որ մեկամսյա ժամկետը բաց է թողնված, բայց մեր ամբողջական դիրքորոշումը կներկայացնենք դատաքննության ընթացքում`փետրվարի 13-ին, ժամը 16.30»,- ասաց Հայկ Ալումյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ