Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը 2013 թվականի իր համերգաշրջանն սկսեց իտալացի բանդոնեոնահար, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի հետ համատեղ ելույթով և նրա հետ էլ եզրափակում է տարին:
Տարեվերջյան համատեղ համերգը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 25-ին, Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում:
«Ես շատ եմ կարևորում հայաստանյան իմ համերգները: Ինձ անչափ գրավում են Հայաստանի գույները, բնությունը, մթնոլորտը… Այս համերգին կներկայացնենք նոր ծրագիր: Համերգը կբացենք Աստոր Պիացոլայի «Կոնցերտո դի Ակոնկագուա» ստեղծագործությամբ, որն առաջին անգամ կհնչի Հայաստանում: Եվ, ընդհանրապես, ողջ համերգի ընթացքում կհնչեն Պիացոլայի այն ստեղծագործությունները, որոնք հայտնի չեն հայ հանդիսատեսին»,- ասաց Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին:
Համերգին մասնակցում է նաև հայտնի ֆլեյտահար Սառա Ռուլին. «Ինձ համար մեծ պատիվ է լինել Հայաստանում Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի հետ, որովհետև գիտեմ, թե նա որքան սիրահարված է Հայաստանին ու հայ հանդիսատեսին,- ասում է Սառա Ռուլին,- և ինձ համար շատ կարևոր է հայաստանյան մեր համերգը, որովհետև ծրագիրը, որ պիտի ներկայացնենք, պարզապես ծրագիր չէ: Այն ամբողջովին մշակվել է բանդոնեոնի ու ֆլեյտայի համար և արվել է հատուկ Հայաստանի համերգի համար»:
Կարդացեք նաև
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն էլ, ամփոփելով տարին, այն բավականին արդյունավետ համարեց Երիտասարդական նվագախմբի համար: Նա, մասնավորապես, մեծ հաջողություն համարեց նվագախմբի՝ Երաժշտական գործակալների միջազգային ասոցիացիային (International Artist Managers’ Association-IAMA)) անդամակցությունը, Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը՝ նվիրված կոմպոզիտորի 110-ամյակին և այլն:
Սերգեյ Սմբատյանը չցանկացավ խոսել առաջիկա ծրագրերի մասին, որովհետև, նրա խոսքով, դրանք բազմաթիվ են:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ