Աշոտ Մալաքյանի դեմ հարուցված քրեական գործով տուժող ճանաչված Արմեն Մանվելյանը գտնվում էր արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Ահա, թե ինչու ոստիկանությունը չէր կարողացել բերման ենթարկել նրան, կատարելով Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Իսկ թե ինչ հիմքերով, դա հայտնի չէր անգամ մեղադրանքը պաշտպանող դատախազին:
Տուժողի մայրն այսօր ինքն էր ներկայացել դատարան եւ խնդրում էր, որպեսզի ամբաստանյալի պաշտպանը` ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ինեսա Պետրոսյանը միջնորդի, որպեսզի իրեն դատակոչեն որպես վկա:
Նա ասում էր, որ իր որդին հիվանդ է, ունի հոգեկանի հետ կապված խնդիրներ եւ նաեւ` ինքնավնասման հակում: Աշոտ Մալաքյանը մեղադրվում է, որ դանակով ծանր վնասվածք է հասցրել տուժողին, մինչդեռ տուժողի մայրն ասում էր, որ որդին է ինքնավնասել իրեն:
Այն, որ տուժողն ունի ինքնավնասման հակումներ հաստատեց դատարան ներկայացած վկա Դավիթ Մանվելյանը: Վերջինն իրեն համարել է տուժողի մտերիմ ընկերներից, նրան ճանաչել է, քանի որ ապրել են նախկինում նույն շենքում:Վկան տաքսու վարորդ է աշխատել, պատմեց, թե ինչպես է դեպքի օրը` հունիսի 17-ին իր մեքենան նստած տուժողը խանութի դիմաց հանդիպել ամբաստանյալին, նրա ընկերոջը, ստիպել, որ գնան իրենց տուն, քանի որ մոր ծննդյան օրն էր: Գնացել են, կես լիտր օղի են նրանք խմել:Վկան ասաց, որ տեսել է, թե ինչպես է Արմենը «Բիկ» սափրվելու սայրը վերցրել, վազել են հետեւից, ինքը նրա գրպանից հանել է «Բիկը» գցել…դաշտը: Դրանից հետո տուժողի հայրն իրեն ասել է, հեռացի, երեք երեխա ունես, ու նա հեռացել է:Այն հարցին, թե երբ է տեսել ընկերոջը, վկան ասաց, քննիչի հետ` հիվանդանոցում, «երես-բերեսի» ժամանակ: Մեղադրողի` տիկին Թադեւոսյանի հարցին էլ, թե ինչու ես մտել ընկերոջդ գրպանը, եթե հանգիստ կանգնած էր, վկան պատասխանեց, որ երբ նա խմում է, սկսում է «փրթել» իրեն, եւ հիշեց, որ ամռանը տուժողը ցույց է տվել իր թեւերը նման հետքերով:
Կարդացեք նաև
Վկան ասաց, որ տուժողի ու նրա հոր միջեւ է փոքրիկ վեճ եղել, կապված մագնիտոֆոնի հետ. իրենք պարել են, հայրն անջատել է, ասելով, թե հարեւաններին կխանգարի:
Դատախազը, սակայն տուժողին բազմաթիվ հարցեր տալուց հետո միջնորդեց, որպեսզի հրապարակվեն նրա ցուցմունքները: Դատավորը տրամադրեց:Պարզվեց, որ վկայի ցուցմունքը գրել է քննիչ Սեւակ Հայրապետյանը, որն իբր կարդացել եւ ստորագրել էր վկան: Սակայն դատախազը չէր կարողանում կարդալ մի բան, որը հաստատելուց հետո է ուղարկվել դատարան: Դատախազն ասաց, թե լուսավորությունը վատ է: Տասնհինգ րոպե ընդմիջում հայտարարվեց, դատարանի էլեկտրիկը աստիճան բերեց եւ փոխեց լամպերը: Դա էլ չօգնեց, քանի որ անընթեռնելի էր ձեռագիրը:
Ինեսա Պետրոսյանը հեգնեց.միգուցե վկան կարդա,քանի որ նա ստորագրել է դրանց տակ, «ընթերցել» է դրանք: Դատախազը պատասխանեց, թե վկան իրավունք չունի հրապարակելու, ինքը պիտի կարդա:
Դատախազի համար եւս քսան րոպե ժամանակ տրվեց:
Սակայն դա էլ չօգնեց, եւ դատախազն ասաց, թե լուսավորությունը, թե ձեռագիրը խանգարում են, չի կարողանում կարդալ, խնդրեց հետաձգել նիստը:
Ամբաստանյալի պաշտպանն ասաց, թե ունի խափանման միջոցը փոխելու հետ կապված միջնորդություն,սակայն դատավորը մերժեց քննության դնել այն, պատճառաբանելով, որ դեռեւս չհետազոտված ապացույցներ կան:
Դահլիճից մի տիկին բղավեց. «Խոշորացույց տվեք դատախազին, որ կարդա», որպեսզի ըստ նրա չհետաձգվի նիստը:
Դատավորն այստեղ «օգնության» հասավ մեղադրողին, պատճառաբանելով, թե այլ նիստ ունեն: Այդ պատճառաբանությամբ էլ հետաձգվեց նիստը:
Երեք անչափահաս երեխաների հայրը, որը շինարար է, եւ հազիվ է ծայրը ծայրին հասցնում, օգոստոսից կալանավորված է, էլի կմնա մեկուսարանում, այն դեպքում, երբ տուժողի ընտանիքը պնդում է, որ իրենց որդին նորմալ չէ, եւ նա է ինքնավնասել իրեն:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ