«Ինձ հրավիրում են Հատուկ քննչական ծառայություն՝ մասնակցելու դատավարական գործողության»,-դեկտեմբերի 24-ին մինչ Հատուկ քննչական ծառայություն գնալը հայտարարեց Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը: Նա նշեց, որ իր ՀՔԾ ներկայանալու պատճառը մեկն է. երեկ իրեն Հատուկ քննչական ծառայությունից ուղարկվել է գրություն, որտեղ նշվել է՝ իր գործով մեղադրական եզրակացությամբ հանդերձ գործը ներկայացվել է գլխավոր դատախազին եւ նա գործը վերադարձրել է լրացուցիչ քննության:
Պարոն Կիվիրյանը հայտարարեց, որ չի կարող ենթադրել, թե ինչի՞ հետ է կապված գործի վերսկսումը, քանի որ չի կարողանում ենթադրել, թե ի՞նչ աբսուրդային մտածելակերպով են շարժվում նախաքննական մարմինները:
Հատուկ քննչական ծառայությունից հետո՝ պարոն Կիվիրյանը իրավիճակը բնութագրեց՝ «Աբսուրդի թատրոնը շարունակվում է» բացականչությամբ: Նա նշեց, որ իրեն ներկայացվել էր ինչ-որ արձանագրություն՝ կեղծ մատնության կապակցությամբ, որին ինքն ու իր փաստաբանը հրաժարվել են ծանոթանալ եւ այն ստորագրել.
«Շարունակել մասնակցել այդ աբսուրդի թատրոնին արդեն զավեշտալի է: Մենք հրաժարվեցինք ընդհանրապես ծանոթանալ, ստորագրել եւ այդ պատճառով ես չեմ կարող ասել՝ ինչի՞ մասին էր եւ ի՞նչ բովանդակություն այն ուներ»:
Կարդացեք նաև
Պարոն Կիվիրյանը ենթադրում է, որ այն կարող է կապ ունենալ իր դեմ հարուցված քրեական օրենսգրքի 333 հոդվածով մեղադրանքին: Նրա փաստաբան Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ դադարել է հասկանալ, թե ի՞նչ է կատարվում.
«Հերթական անգամ ինչ-որ ցուցումով, երբ որ իմանում ենք, նորից սկսվել է նախաքննությունը, մենք, իհարկե՛, սպասում ենք, որ ինչ-որ մի աբսուրդ պետք է լինի, բայց երեւի աբսուրդներն էլ վերջ ունեն: Հիմա՝ Արգիշտի Կիվիրյանի գործով, աբսուրդները վերջ չունեն: Հուսանք, որ կվերջանան այդ աբսուրդները»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ