Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային արխիվը թվայնացնում է կարևոր փաստաթղթերը

Դեկտեմբեր 24,2013 20:00

Ազգային արխիվն այս տարի մոտ 35.000 փաստաթուղթ է ընդունել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Նրա հավաստմամբ՝ տարեկան միջին տվյալը 40.000 է:

Ամփոփելով տարին`  պարոն Վիրաբյանն այն բարեհաջող համարեց արխիվի համար: Դա հիմնականում պայմանավորված է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: «Ես նկատել եմ, որ գնալով թղթային կրիչով փաստաթղթերը պակասում են, և դրանց փոխարինելու են գալիս էլեկտրոնային փաստաթղթերը: Մենք արդեն մոտ 1 մլն 800.000 էլեկտրոնային փաստաթուղթ ենք ընդունել: Ակտիվորեն թվայնացնում ենք արխիվները, ինչը թույլ կտա քաղաքացիներին ավելի հեշտ փնտրել և գտնել ուզած նյութը: Բացի այդ, թվայնացումը կնպաստի թղթի երկարաժամկետ պահպանմանը, որովհետև այլևս արխիվային գործը չենք տա ընթերցողին, կտանք դրա էլեկտրոնային տարբերակը»,- ասաց Ա. Վիրաբյանը:

Նրա խոսքով՝ արխիվում այս պահին պահպանվում է 4 մլն 124.796 արխիվային գործ, որի չնչին մասն է, սակայն, թվայնացված (մոտ 0.1%-ը): Այս տարվա ընթացքում թվայնացրել են շուրջ 119.000 թերթ արխիվային փաստաթուղթ: «Առայժմ ամենակարևոր փաստաթղթերն ենք թվայնացնում, որովհետև կան նաև այնպիսի փաստաթղթեր, որոնք հարյուր տարին մեկ են պետք լինում: Այսօր ամենապահանջված փաստաթղթերը մարդկանց արմատներին, ծագմանը վերաբերող փաստաթղթերն են»,- տեղեկացրեց Ազգային արխիվի տնօրենը:

Բանախոսը նկատեց, որ տարեցտարի ավելանում է իրենց դիմող քաղաքացիների թիվը: Եթե անցյալ տարի նրանց դիմել է մոտ 24.000 քաղաքացի, ապա այս տարի դիմել է 29.000-ը: «Վերջերս մեզ հաճախ են դիմում մարդիկ, որոնք ցանկանում են տեղեկություն ստանալ ռազմաճակատ մեկնած-չվերադարձած իրենց պապերի մասին»,- հայտնեց Ա. Վիրաբյանը:

Նա նաև ասաց, որ օբյեկտիվ պատճառներով շատացել են Ազգային արխիվի կողմից ռուսերենով տրվող տեղեկանքները: «Դա ունի իր բացատրությունը. մեր հայրենակիցներից շատերը 90-ականներից սկսած մեկնել են Ռուսաստան, բնակվում են այնտեղ և այժմ անհրաժեշտ տեղեկանքներ են պահանջում թոշակի համար»,- ասաց արխիվի տնօրենը և հավելեց, որ հայերենով ու ռուսերենով այս տեղեկանքների թիվը հիմա գրեթե հավասար է, եթե չասենք, որ ռուսերենով սկսել է ավելի շատանալ:

Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի արխիվում 40-ով ավելացել է նաև հետազոտողների թիվը և դարձել 571:

Պարոն Վիրաբյանը տեղեկացրեց, որ եկող տարի պատրաստվում են հրապարակել 1832թ. Արցախում իրականացված մարդահամարի բոլոր գրառումները: Նրա փոխանցմամբ՝ դա մոտ 4.000 թերթ փաստաթուղթ է:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031