Լրահոս
Օրվա լրահոսը

«Արգենտինայից եկած ծերուկի» եւ «Զվարթնոցի» օդանավակայանի հին շենքի մասին․ (Տեսանյութ)

Դեկտեմբեր 24,2013 19:53

Հանրային խորհրդի չորս ենթահանձնաժողովներ (Մշակույթի, Քաղաքաշինության և ճարտարապետության, Օդային տրանսպորտի քաղաքականության, Ազգային արժեքների պահպանման) այսօր համատեղ նիստում քննարկում էին «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի հարցը:

DSCN4685

Այդ կառույցը պահպանելու աննպատակահարմարության մասին քանիցս հայտարարել է «Արմենիա» միջազգային օդանավակայանի տնօրինությունը:  ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչությունն էլ, ցանկանալով պարզել հանրության տրամադրությունը, դիմել է Հանրային խորհրդին, որի տարբեր ենթահանձնաժողովներ եւ հանձնաժողովներ քննարկել եւ բացասական եզրակացություն են տվել քանդելու որոշմանը:

Հոկտեմբերին խնդրի վերաբերյալ Հանրային խորհրդում տեղի էր ունեցել փոքր խորհրդի նիստ, որի քննարկումների արդյունքների հիման վրա մշակվել էր որոշման նախագիծ, որն ընդունվել էր ՀԽ նոյեմբերի 11-ի լիագումար նիստում: Հանրային խորհուրդը դիմել էր կառավարություն` չհամաձայնելու կոնցեսիոների կողմից «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրը քանդելու առաջարկությանը: Իսկ  դեկտեմբերի 18-ին քաղավիացիայի գլխավոր վարչությունը դրական եզրակացություն է տրվել կոնցեսիոների ներկայացրած մաստեր պլանին, որտեղ ներառված է նաև կառույցը քանդելու հարցը և եզրակացությունն ուղարկվել է ՀՀ կառավարություն:

Եվ քանի դեռ այդ մաստեր պլանը կառավարությունը չի հասցրել հաստատել՝ Հանրային խորհրդի չորս ենթահանձնաժողովները որոշեցին նոր հայտարարությամբ հանդես գալ, եւ կրկին դիմել կառավարությանը՝ թույլ չտալ քանդել «Զվարթնոցի» հին շենքը:

Քննարկման ժամանակ, որը տեւեց ավելի քան երկու ժամ, բազմաթիվ ելույթներ եղան, բայց հնչեց մեկ միասնական կարծիք՝ չի կարելի թույլ տալ քանդել այդ շինությունը, որը մեր պատմության մի մասնիկն է:

Ճարտարապետ Ռուբեն Արեւշատյանը ներկայացրեց Վենետիկի արվեստագետների բարձր կարծիքը մեր «Զվարթնոցի» հին շինության մասին: Ավելի ուշ, ԳԽ երկու գումարումների պատգամավոր Նորիկ Պետրոսյանը իր զարմանքը հայտնեց, որ «ծաղկածիծաղ ճարտարապետություն ունեցող Իտալիայի պես երկիրը հիացած է մեր ճարտարապետությամբ, իսկ Արգենտինայից եկած մի ծերուկ, երջանկահիշատակ Էռնեկյանը ուզում է քանդել մեր արժեքը»:

Բնապահպան Կարինե Դանիելյանը նկատեց, որ ճարտարապետությունն էլ մեր հոգու բնությունն է եւ այն պետք է պահպանել: Նա կարծում է, որ համատարած գլոբալիզացիայի դարաշրջանում ամեն ազգայինի վրա խաչ է քաշվում, եւ այդ միտումով մենք անխնա վերացնում ենք մեր ճարտարապետության նմուշները:

Հանրային խորհրդի անդամ Ժասմեն Ասրյանը, հակադարձելով նրանց, ովքեր հավանում են օդանավակայանի նոր՝ ապակեպատ շենքը, ասաց, որ որոշ մասնագետներ կարծիք են հայտնել, թե երբ ժամանակը գա, այդ շենքը կարող են վրանի նման հավաքել եւ տանել:

Խաչիկ Ստամբոլցյանն իր խոսքը սկսեց Զվարթնոցով, սակայն հենց երկրորդ նախադասությունից անցավ գենդերային խնդիրներին եւ Եվրոպայից եկող գենդերային վտանգներին:

Քննարկման մյուս մասնակիցներն էլ հիմնականում ավելի գլոբալ մտահոգություններ էին հայտնում:

Որոշում ընդունվեց կրկին դիմել կառավարությանը՝ քանդումը  թույլ չտալու եւ իրավիճակից ելքեր գտնելու նպատակով:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031