Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ՝ դատարանից փախուստի դիմած կալանավորի մասին

Դեկտեմբեր 24,2013 19:20

Քիչ առաջ ոստիկանությունը հայտնաբերել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի բակից  փախուստի դիմած  23-ամյա  Ռոբերտ Ջիվանի Մուրադյանին: Պարզվում է, որ երեկ  դատարանը քննել է վերջինիս նկատմամբ սանկցիա կիրառել-չկիրառելու  հարցը, դատը ավարտվելուն պես, երբ ոստիկանները  երիտասարդին ուղեկցել են բակ` կալանավորների մեքենա նստեցնելու ու Արթիկ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու համար, նա դիմել է փախուստի` վազելով դատարանին հարակից Տեքստիլ թաղամաս: Ոստիկանները, այդ թվում  դատարանի կարգադրիչները վազել են նրա հետևից, սակայն Ռոբերտ Մուրադյանը վայրկենապես անհետացել է տեսադաշտից` մտնելով  այդ մեծ թաղամասի շենքերի արանքները:

Դատարանի կարգադրիչները երկար ժամանակ այդ սառնամանիքին պահակություն են արել  քաղաքի կենտրոնական թաղամասում, անգամ թակել են Տեքստիլ թաղամասի  բնակիչների դռներն ու հարցուփորձ արել փախուստի դիմած կալանավորից: Սակայն նրանց ջանքերն ապարդյուն են անցել:

Գյումրեցի վարորդների ասելով, երեկվանից իրենց համար  համարյա թե  արտակարգ դրություն էր, ոստիկանությունը կանգնեցնում էր նույնիսկ քաղաքի ծայրամասային Մուշ թաղամաս գնացողներին ու ստուգումներ  անցկացնում:

Նշենք, որ Ռոբերտ Մուրադյանը  մեղադրվում է  ավազակային հարձակում կատարելու մեջ, ըստ մեր տեղեկությունների, նա  փորձել էր թալանել Գյումրու 102-րդ ռազմաբազայում ծառայող երկու ռուս զինվորականների:

Մի խոսքով, թեև ոստիկանները նրան փնտրում էին Գյումրիի սահմաններից դուրս, սակայն հայտնաբերեցին  Գյումրու ռեստորանային համալիրներից մեկում: Այս փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Հոդվածը, որը կոչվում է «Փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից», նախատեսում է  հետևյալ պատիժը. « Կետ 1-ին` Փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով»:

Չի բացառվում, որ կալանավորին ուղեկցող ոստիկանները ազատվեն աշխատանքից:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031