«Լոռու մարզում արտագաղթի ծավալները շատ ավելին են` համեմատած այլ մարզերի, ինչը մտահոգիչ է բոլորիս համար»,-այդ մասին տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ, ի լրումն այլ տեղեկությունների, ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Նա նշեց, որ կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է ` արտագաղթի ցուցանիշները բարձր են հատկապես Վանաձորում:
«Խորհրդային տարիներին Վանաձորը եղել է լուրջ արդյունաբերական կենտրոն, հիմա Վանաձորում արդյունաբերության մասին խոսելը գրեթե անիմաստ է: Մենք հույս ունեինք, որ «Քիմպրոմը» կաշխատի, չնայած հույսներս դեռ չենք կորցրել: Այս առումով բանակցություններ են տարվում տարբեր միջազգային կառույցների հետ»,-տեղեկացրեց մարզպետը:
Կարդացեք նաև
Նա նաեւ անդրադարձավ արտագաղթի այլ պատճառներին` նկատելով, որ երեւույթը կապված է նաեւ աշխատատեղերի բացակայության, աշխատաշուկայում առաջարկի եւ պահանջարկի անհամապատասխանության հետ, մասամբ էլ նրանով, որ արտագաղթելը մոդայիկ է դարձել:
«Նաև հայրենասիրության պակաս կա: Արտերկրում մեր քաղաքացիները կատարում են շատ ավելի նվաստացուցիչ աշխատանքներ, մինչդեռ հայրենիքում հրաժարվում են ցանկացած բանվորական աշխատանքից»:
Արթուր Նալբանդյանը հավելեց, որ գործազրկության նվազեցման նպատակով մարզում իրականացվում են մի շարք ծրագրեր փոքր և միջին բիզնեսի զարգացման, հատկապես երիտասարդ, սկսնակ ձեռներեցներին աջակցելու նպատակով:
«Մեզ համար առաջնային խնդիր է արտագաղթի նվազեցումը: 2014 թվականին շեշտը դնելու ենք փոքր եւ միջին բիզնեսի զարգացմամբ արտագաղթի ծավալները նվազեցնելուն»,-եզրափակեց մարզպետը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ