Լրահոս
Օրվա լրահոսը

«Շանգրի Լա» խաղատունը, հանրային շահն ու ԲՀԿ-ի`քվեարկել-չքվեարկելու հարցը

Դեկտեմբեր 24,2013 16:59

«Կային խոսակցություններ, որ ԲՀԿ-ն հնարավոր է չքվեարկելով դեմ արտահայտի իր դիրքորոշումը: Իսկ դիրքորոշման վերաբերյալ վարանում ու կասկած չի եղել: Իսկ թե ինչպես կարտահայտեինք այդ դիրքորոշումը՝ բնականաբար պիտի կախված լիներ գործընկեր քաղաքական ուժերի հետ համատեղ մշակվող մարտավարությունից ու իրավիճակից»,-Aravot.am-ի հարցին` ինչո՞ւ ԲՀԿ-ն չմնաց ՀՀ Աժ նիստերի դահլիճում և դեմ չքվեարկեց «գազային համաձայնագրին»` մանավանդ, որ կարծիքներ էին հնչում, թե ԲՀԿ-ն ի վերջո դեմ չի քվեարկելու այդ համաձայնագրին, այսպես պատասխանեց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Պարոն Ուրիխանյանը նաև պատճառաբանեց, թե «այնպիսի իրավիճակ ստեղծվեց ԱԺ-ում, որ բոլոր ոչ իշխանական ուժերը կայացրին որոշում»:

Կատարվածը Տիգրան Ուրիխանյանը ապօրինություն է համարում և մեկնաբանում Զարուհի Փոստանջյանի կողմից պատգամավորների` գրանցման քարտերը հավաքելու փաստը. «Չգիտեմ` քարտերը ով է հավաքել, գիտեմ խոսակցություններ: Խոսակցություններ էին գնում, թե քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներն էլ էին քարտեր հավաքում: Այս դեպքում երկրորդական է, թե որ քաղաքական ուժերի քարտերն էին հավաքում: Ստեղծվեց մի իրավիճակ, որի արդյունքում քաղաքական մեծամասնությունը մենաշնորհային որոշում կայացնելու հնարավորությունից զրկվեց»:

Aravot.am-ի մյուս հարցին` թե կառավարության գործունեությանը դեմ լինելով` ինչու ԲՀԿ խմբակցությունը կողմ քվեարկեց «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթին, մանավանդ որ շահարկվում է «Շանգրի Լա» խաղատան հետ կապված հարցը, պարոն Ուրիխանյանը պատասխանեց. «Օրենքը կազինոների մասին չէ, այլ պետական տուրքի մասին: Դրա հետ կապված մեկնաբանություններ տրվել են ոչ մեկ անգամ: Եթե ԲՀԿ-ի ցանկացած քվեարկություն ցանկանում են շահարկել, ընդամենը ունենք խնդիր պարզաբանելու օրենքից բխող հանրային շահի վերաբերյալ: Բոլոր մեր քվեարկությունները նպատակ ունեն տվյալ օրենքով կամ փոփոխությամբ ապահովել հանրային շահ»: Հետաքրքրվեցինք` ո՞րն է այդտեղ հանրային շահը: ԲՀԿ խոսնակը պատասխանեց. «Պատգամավոր Բաբայանը մանրամասն մեկնաբանություններ ներկայացրել է այդ մասին: Դրանով հնարավորություն է տրվում դաշտը կանոնակարգել»:

Տիգրան Ուրիխանյանը անընդհատ շեշտում էր այն մասին, թե իրավիճակը պայթյունավտանգ է, ու «կամ քաղաքական մեծամասնությունը վերջիվերջո պիտի սկսի հաշվի նստել հասարակության հետ, հետ, կամ մարդիկ կարտահայտեն իրենց գնահատականը` դա կլինի ընտրությունների, կամ այլ տեսքով»:

Այս համատեքստում հետաքրքրվեցինք` Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության հետ հույսեր կապո՞ւմ է: Պարոն Ուրիխանյանը պատասխանեց. «Հարգանքով եմ վերաբերվում Նիկոլ Փաշինյանին ու նրա նախաձեռնությանը: Նա այն քաղաքական գործիչն է, որի նախաձեռնությունները կարող են ունենալ լուրջ հեռանկարներ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031