Կամ առնվազն երեք պատճառ, թե ինչու պարտադիր ապահովագրումը անբարոյական է եւ նրանից պետք է հրաժարվել, ինչը սակայն անհնար է, քանի դեռ այսպես կոչված «ոսկի միլիարդի» «դեմոկրատական պետությունների» ղեկավարությունը շարունակում է խախտել մարդու իրավունքները, իսկ այդ մարդիկ էլ շարունակում են նիրհել թվացյալ, թեեւ օրըստօրե նվազող բարեկեցության թմբիրի մեջ։
Վերջերս կյանքը ինձ հասցրեց ԱՊՊԱ-ի դուռը։ Անկեղծ ասած սկզբից եւեթ ապահովագրության այս տեսակը ես մարդկային բնական օրենքին հակասող եմ համարել եւ դիտել, որպես օրինականացված դրամաշորթության տեսակ, բայց դե ես ո՞վ եմ, որ իմ կարծիքը ինչ-որ նշանակություն ունենա․ եթե ցանկանում եմ մեքենա ունենալ, պիտի վճարեմ։ Գույքահարկ մուծո՞ւմ եմ․ մուծում եմ։ Էկոլոգիական ինչ-որ հարկ վճարո՞ւմ եմ․ վճարում եմ։ Տեխզննման համար վճարո՞ւմ եմ, դե բա ոնց․ պետության կարծիքով նա իմ կյանքի մասին ավելի շատ է մտածում, քան ես ինքս, եւ տարին մեկ անգամ մեքենան (նույնիսկ իրոք) զննելու դեպքում ես երբեք չեմ բախվի մի իրադրության հետ, երբ, օրինակ, զննումից հետո հենց հաջորդ օրը մի որեւէ սարքամաս չի կոտրվի եւ չի նետի ինձ մի տհաճ իրադրության մեջ։ Մի խոսքով, եւս մի հարկի ավելացումը մի մեծ բան չէ։ Ի դեպ, որքան շատ լինեն հարկերը, այնքան եւս մեկի ավելացումը ավելի աննկատ կլինի։ Իրոք մեկ հարկի համեմատ երկուսը նշանակում է հարկերի հարյուր տոկոսով ավելացում, երրորդ հարկի դեպքում՝ հիսուն տոկոսով, չորրորդի դեպքում՝ ընդամենը երեսուն տոկոսով եւ այդպես շարունակ։ Նախ, կարելի է պարտադիր դարձնել նաեւ կամավոր ԿԱՍԿՈ ապահովագրությունը, կարելի է, օրինակ մտցնել, աղմուկի հարկ (ասում են «առաջադեմ» Եվրոպայում կան նման հարկեր), կարելի է մտցնել գույնի հարկ («բրիտանացի» գիտնականների պնդմամբ, օրինակ, կարմիր մեքենաները ավելի վտանգավոր են շրջապատի համար, ուրեմն թող վճարեն), եւ այլն։
Իսկ ի՞նչ է ապահովագրությունն ըստ էության։ Դա վիճակախաղի (լոտոյի) տեսակ է, որը սակայն ոչ ոք չի ուզում շահել։ Այո, պարբերաբար գումար ես վճարում, եւ հույս ունես, որ երբեք այն ետ չես ստանա։ Հակառակ դեպքում կնշանակեր, որ երազում ես, որ տունդ, ավտոմեքենադ կամ արժեքավոր մեկ այլ ունեցվածքդ վնասվի, կործանվի, առեւանգվի։ Իհարկե, երբեմն գտնվում են մարդիկ, ովքեր փորձում են ներդրված գումարը ետ ստանալ, եւ նույնիսկ դրանից ավելի մեծ գումար՝ պնդելով, որ տեղի է ունեցել «ապահովագրական դեպք», այն է` ներկայացնել գործն այնպես, թե իբր, իրենց ունեցվածքին վնաս է հասցվել։ «Իբր», բայց ոչ իսկապես․ քանի որ ոչ ոք իր ունեցվածքին վատ բան չի ցանկանա․ ավելի լավ է ապահովագրական գումարը կորչի, քան օրինակ՝ ավտոմեքենան։ Թեկուզ եթե տարիների ընթացքում վճարված գումարը մի ավտոմեքենայի գնի վերածվի (օրինակ․ եթե տարեկան մուծում ես 100 դոլար, ապա 20 տարում կվճարես 2000 դոլար․ գումար, որով այսօր հեշտությամբ կարելի է ավտոմեքենա գնել)։
Գուցե ԱՊՊԱ-ն լավ բան է։ Օրինակ` Ապպա-ի մի գովազդ կառուցված էր այն տրամաբանության վրա, որ եթե աստված չտա, վնաս պատճառես մի որեւէ թանկարժեք մեքենայի, ապա գրեթե կործանված ես տնով ու տեղով (բառի բուն իմաստով)։ Իսկ ԱՊՊԱհովագրված լինելու դեպքում ծախսերիդ մասին կհոգա քո ապահովագրական ընկերությունը։ Տպավորիչ փաստարկ է։ Երբեք չգիտես թե ինչպես կյանքն ի՛նչ անակնկալ քեզ կբերի։ Բայց չգիտեմ ինչու, կասկած ունեմ, որ կան ԱՅՆՔԱՆ թանկարժեք ավտոմեքենաներ, որոնց նույնիսկ եթե ոչ թե ԵՍ վնաս պատճառեմ, այլ հենց ԻՆՁ դրանք վնաս պատճառեն, ապա ոչ մի ԱՊՊԱ ինձ չի փրկի։ Նման դեպքերում միակ հույսը կարող է լինել ՊԱՊԱ-դ, եթե ունես այդպիսի ՊԱՊԱ… Եվ այսպիսով․
Կարդացեք նաև
Տուժողը հայտնվում է կրկնակի տուժածի վիճակում։
Նախ տուժածը սպասում է ԱՊՊԱ-ի գործակալի ժամանման եւ իրավիճակի լուսանկարման համար, հետո՝ ճանապարհային ոստիկանի (միաժամանակ՝ շուրջ բոլորը ժամերի ընթացքում խցանում ստեղծելով, եւ հայհոյանքների արժանանալով), հետո (մի քանի օր անց) անձամբ (հաճախ արդեն առանց մեքենայի) հասնում է «փոսի ՊԱՏ»՝ վթարի մասին արձանագրությունը վերցնելու եւ ապա՝ ԱՊՊԱ ներկայացնելու համար, հետո (մի քանի օր) սպասում է, որ վերանորոգող կազմակերպությունը գնահատի աշխատանքը, հետո (մի քանի օր) սպասում է, որ ԱՊՊԱ-ի գործակալը կրկին ժամանի վերանորոգող կազմակերպության տարածք եւ լուսանկարի պատճառված վնասը (երկրորդ անգամ), հետո (մի քանի օր) սպասում է, որ ԱՊՊԱ-ի հիմնարկը նիստ կայացնի, հաստատելու համար վճարվելիք գումարը, հետո (մի քանի օր) սպասում է, որպեսզի իր ավտոմեքենան վերջապես նորոգվի։ Իմ դեպքում դա տեւեց շուրջ հինգ շաբաթ։ Բնականաբար, ոչ ոք չի փոխհատուցում կորցված ժամանակը եւ բաց թողնված եկամուտը (եթե այն կորցրել ես մեքենայի բացակայության պատճառով)։ Մինչդեռ հին ժամանակներում քո մեքենան կարող էր նորոգվել մի 2—3 օրվա ընթացքում՝ վնասը պատճառողի հաշվին (այս մասին ստորեւ)։ Ի դեպ, Մարդու իրավունքների հռչակագրի հինգերորդ հոդվածում ասված է․ «Ոչ ոք չպետք է ենթարկվի կտտանքների, դաժան, անմարդկային կամ ստորացուցիչ վերաբերմունքի կամ պատժի»։ Սա, իհարկե, կտտանք չէ, ոչ էլ դաժան կամ անմարդկային վերաբերմունք։ Սա պարզապես ստորացուցիչ է։
Կարգապահները վճարում են կարգազանցների փոխարեն։
Իրոք, ովքե՞ր են վնաս պատճառողները։ Որպես կանոն՝ երթեւեկության կանոնները խախտողները։ Բնականաբար, վնաս պատճառողի դերում կարող է ճակատագրի բերմամբ հայտնվել եւ անմեղը։ Բայց ակնհայտ է, որ սովորաբար լինում է հակառակը։ Ուրեմն ԱՊՊԱ-ն փոխհատուցում է կարգազանցներին․․․ Փաստորեն երթեւեկության կանոնները խախտողները կարող են այսուհետ հանգիստ լինել․ իրնեց փոխարեն կվճարեն ուրիշները։ Ճիշտ է, յուրաքանչյուր միջադեպ վատացնում է իրենց վարկային պատմությունը, բայց փաստը մնում է փաստ․ իրենց խախտման դիմաց վճարում են ուրիշները։ Իսկ ովքե՞ր։ Հենց նրանք, ովքեր ոչ մեկին վնաս չեն պատճառել, այսինքն՝ կարգապահները․․․ Հիշո՞ւմ եք «լոտոն, որը ոչ ոք չի ուզում շահել»։
Ոչ, եթե մարդու հետ անկանխատեսելի անախորժություն է եղել՝ մեքենայի վրա ծառ է ընկել, կամ այն առեւանգել են, դա այլ բան է․ ինչո՞ւ իրար չօգնենք։ Բայց օգնել կարգազանցի՞ն․․․
Ստիպողական լավություն — բռնի բարություն
Կրկնում եմ․ գուցե ԱՊՊԱ-ն լավ բան է։ Չգիտեմ։ Բայց թող մարդիկ իրենք համոզվեն, որ դա լավ բան է եւ իրենց ոտքով գան ու ապահովագրվեն։ Իսկ եթե դա արվում է ստիպողաբար, դա նույնպես մարդու իրավունքների խախտում է։ Թեեւ այդպես է ամբողջ «զարգացած» աշխարհում, ինչի մասին է խոսքը։ Կարող են պատասխանել, որ եթե դա թողնեն մարդկանց ցանկությանը, ապա ապահովագրական մեխանիզմը չի գործարկվի։ Համաձայն եմ։ Ուրեմն թող այլ լուծում գտնեն։ Թող ավելի համոզիչ կերպով գովազդեն, վերջապես։ Դա իրենց գործն է…
Հավանաբար եւ այլ փաստարկներ կարելի է գտնել։ Սակայն կարեւորը միայն դրանք չեն։ Այլ նաեւ այն, որ շատ հարցերում մարդիկ իրե՛նք պիտի կարողանան լեզու գտնել միմյանց հետ, առանց օրենսդրական «հենակների» գործադրման։ Դա նաեւ սրում է մարդու պատասխանատվության զգացումը։ Սեփական ունակությունները չգործադրելը բերում է դրանց հետաճի եւ վերացման։ Լեզու գտնելու ունակությունը եւ պատասխանատվության զգացումը Մարդ լինելու համար ամենաառաջնային պայմաններն են, որովհետեւ հենց դրանցով է մարդը տարբերվում գազաններից եւ հենց դրա առկայությունն է քաղաքացիական հասարակարգի գոյության գրավականը։
Ռուբեն Թարումյան
2013.10.19
1. Նորմալ երկրում ապահովագրականը ուրիշ մեքենա է տալիս, ասում ա՝ գնա, գործերովդ զբաղվի, քոնը կսարքենք, կզանգենք, կգաս կտանես, 2 ճիշտ եք, տաքսի եմ նստել վայրենավարի քշում, ա- ասում ա, ապե որ խփեմ, մեկա փողը ես չեմ տալու, 3. լռիվ նոր ավտոն տալի ջարդում են, ապպայի փողը վերցնում ես, վրադիր պետքա դնես, որ նոռմալ սարքես
Ես դեռ ամենը չեմ նկարագրել․ միայն հիմնական դեպքերը․ քանի անգամ եմ այցելել այդ ԱՊՊԱ-ի գրասենյակը, ինչ զրույցներ եմ ունեցել։ Ավելացնեմ, որ ի վերջո պարզվեց, որ վնասվել էր նաեւ նվագարկիչը, որը բեռնախցիկում էր տեղադրված։ Ես դա նկատեցի ուշ՝ իրենք էլ, կամ չէին նկատել, կամ հույս ունեին, որ ես չեմ նկատի։ Այդպես էլ եղավ․ նկատեցի, երբ արդեն վաղուց վերցրել էի մեքենան։ Չգիտեմ, գուցե եթե կրկին դիմեի, կնորոգեին, բայց ակնհայտ է, որ եղած քաշքշուկից հետո արդեն նորից չէի ցանկանա մտնել այդ գործի մեջ։ Մնում է որ ինքս վճարեմ՝ նորոգելու համար։ Ասում են, որ հաճախ նման վնասվածքները հնարավոր էլ չի վերացնել։ Այսպիսի բաներ։-))
ԱՊՊԱ-ն պետք է լրիվ վերանայել: Ինչքան շուտ, էնքան լավ: Իսկ կարմիր ավտոյի համար հարկ վերցնելը շատ դիպուկ էր: Հայ չինովնիկները մեծ սիրով կանեին: Ի դեպ, գույքահարկը հենց դրա տարատեսակներից է: Ավելի շատ ձիաուժ ունեցող մեքենայից ավելի շատ փող շորթելը նույնպես դրա տարատեսակներից է: Հայաստանում պետք է վերանայվի, վերաիմաստավորվի, այլ կերպ ասած իմաստավորվի փող հասկացությունը եւ այն ամենը ինչ կապված է փողի, վճարի հետ: Թե չէ հիմա պետությունը մենակ փող ա ուզում ու վերջ: Փող տուր ու ոչ դու, ոչ էլ որեւէ այլ բան իրենց հետաքրքրիր չէ: Մաքսազերծում, գույքահարկ, արտոնագրային վճար, օդի փող, պետտուրք եւ այսպես շարունակ: Պետությանը, մարդկանց, ընկերություններին վճարելիք պետք է լինի, եւ հենց սա է, որ պետք է իմաստ ստանա ու մեր կյանքը հավատացեք շաաաաաաաաաաաատ կլավանա: