Հայաստանի ամենաբարձր կետի՝ 2535մ բարձրության վրա գտնվող Մեղրու լեռնանցքի ճանապարհի սպասարկման ընթացքին ծանոթանալու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը այցելեց Մեղրիի տարածաշրջան:
Մեղրիի տարածաշրջանի ավտոճանապարհները սպասարկող Ճանշինի աշխատակիցները բարեխղճորեն էին կատարել իրենց առջև դրված խնդիրը:
Նրանց սպասարկման տարածքում գտնվող ճանապարհահատվածը, որի երկու կողմերում ձյան բարձր կույտեր էին, իդեալական վիճակում էր:
Այս արդյունքին նրանք հասել են միահամուռ աշխատանքի ու բարձր պատասխանատվության շնորհիվ։
Մեղրու լեռնանցքի ամենաբարձր կետում, ուր բուքն ու մառախուղը առավել հաճախ են դժվարություններ ստեղծում երթևեկության համար, սառնորակ մի աղբյուր է հոսում, որը սիմվոլիկ նշանակություն ունի ճանշինի աշխատակիցների համար. եթե աղբյուրը բաց է, ուրեմն բաց է նաև ճանապարհը։
Ու բոլորի համար շատ կարևոր նշանակություն ունի, որ աղբյուրը տարվա բոլոր եղանակներին հոսի ու բաց պահի ճանապարհը:
Սակայն սրտացավորեն կատարելով իրենց աշխատանքը, ժամանակին ապահովելով ճանապարհի անցանելիությունը՝ Ճանշինի աշխատակիցների համար ամենից վիրավորականն այն է, որ տարբեր լրատվամիջոցներով իրենց կատարած աշխատանքը հաճախ ներկայացվում է աղավաղված:
«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանն ընդհանուր առմամբ դրական գնահատեց Ճանշինի կատարած աշխատանքները:
Նրա խոսքով՝ փորձությունները դեռ առջևում են. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը Ճանշինների հետ համատեղ ամեն ինչ անելու է, որպեսզի ամբողջ ձմռան ընթացքում Հայաստանի միջպետական և հանրապետական ճանապարհները լինեն անցանելի և նորմալ վիճակում:
Մանրամասները՝ տեսանյութում…
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն