Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական պատգամավորները պատրաստ են վայր դնել մանդատները, եթե…

Դեկտեմբեր 24,2013 16:08

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի բնորոշմամբ, գազային պայմանագրի քվեարկության վերաբերյալ ԱԺ-ում երկիմաստ դրություն է ստեղծվել: Նրա համոզմամբ, ԱԺ 4 խմբակցությունները ներկայացնող պատգամավորները պետք է լսեն հանրության ձայնը եւ իրենց մանդատները վայր դնեն:

Հիշեցնենք, որ երեկ գազային պայմանագրի դեմ բողոքող քաղաքացիները 4 խմբակցության պատգամավորներից պահանջում էին վայր դնել իրենց մանդատները:

«Գտնում եմ` դա ճիշտ պահանջ է: Համարում եմ, որ դա ճիշտ քաղաքական քայլ կարող է լինել, եթե գնան այդ ճանապարհով, դուրս գան խորհրդարանից, ստեղծեն խորհրդարանային ճգնաժամ, իրենց ուսերի վրա վերցնեն երկրում հեղափոխություն իրականացնելու քայլը եւ այդ գործողությունները կստանան հանրության լայն աջակցությունը: Եթե նրանք երաշխավորեն, որ ազատ ընտրությունների անցկացումը, նոր Սահմանադրության ընդունումը իրենց համար բացարձակ արժեք է: Եվ ՀՀԿ-ի վերաբերյալ ցուցաբերեն այն դիրքորոշումը, որ այդ կուսակցությունը չպետք է լինի քաղաքական գործընթացների մասնակից»,- ասաց պարոն Ղուկասյանը:

Aravot.am –ը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց` ինչպս է վերաբերվում մանդատները վայր դնելու պահանջին:

«ԲՀԿ-ում որեւէ մեկը երբեւէ մանդատից կառչած չի եղել: Ցանկացած քայլ կարելի է քննարկել, բայց ցանկացած քայլ պետք է քննարկել ոչ թե զգացմունքային դաշտում, րոպեական խնդիրներ լուծելու համար, այլ շատ ավելի գլոբալ նայելով խնդրին: Եթե մենք տեսնենք, որ այն պահն է, որ մանդատները վայր դնելը հարցի լուծման լավագույն տարբերակն է, վստահեցնում եմ` ԲՀԿ-ում չի գտնվի որեւէ պատգամավոր, որ կընդդիմանա այդ որոշմանը»,- ասաց տիկին Զոհրաբյանը:

Բայց նա կարծում է, որ այս պահին ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցության պատգամավորների մանդատները վայր դնելու քայլը ձեռնտու կլինի միայն իշխանությանը. «Մանդատները վայր դնելը բխում է բացառապես իշխանության շահերից: Որովհետեւ իշխանությանն է անհրաժեշտ, որ իրենց ցանկացած քայլ ու որոշում խորհրդարանում անցնի միաձայն, բացարձակ одобрямс-ի մթնոլորտում: Իշխանությանն է ձեռնտու, որ միջազգային հարթակներում աշխատող պատգամավորները Հայաստանում տիրող այս կամ այն խնդրի վերաբերյալ չբարձրաձայնեն միջազգային հարթակներից: Մենք մանդատները դնելու հարց չենք քննարկել, որովհետեւ այս պահին այդ հարցը համարում ենք ժամանակավրեպ, ես կարծում եմ` խորհրդարանում մենք անելիք ունենք: Այն պահին, երբ տեսնենք, որ մեր ռեսուրսները սպառված են, բնականաբար, ցանկացած հարց` այդ թվում մանդատների վայր դնելու հարցը, պատրաստ ենք քննարկել»:

Մեր հարցին, ԱԺ 4 խմբակցությունների ռեսուրսները կբավականացնե՞ն ԱԺ-ում գազային պայմանագրի վերջնական չհաստատման հարցում հաջողության հասնելու, ասաց. «Մենք ցանկացած օրինական գործիք օգտագործելու ենք` հասնելու նրան, որ Սահմանադրական դատարանը անվավեր ճանաչի երեկվա քվեարկությունը: Այս պահին չեմ կարող կանխատեսել` ինչին կհասնենք` հաշվի առնելով ՍԴ-ի բարոյական նկարագիրը եւ այլ պատճառներ, բայց դրանք չպետք է մեզ խանգարեն իրավական ճանապարհով վիճարկել երեկվա որոշումը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031