Երեկ խորհրդարանում, «գազային համաձայնագրերի» քվեարկության ժամանակ խորհրդարանում հավատարմագրված լրագրողների կազմակերպած բողոքի ցույցը ոչ միանշանակ ընկալվեց նաեւ լրատվական դաշտում: Ամենատարբեր մեկնաբանություններ ու որակումներ հնչեցին:
Այնուհանդերձ, ակցիայի մասնակիցներից zham.am կայքի լրագրող Աննա Եղիազարյանը չի փոշմանել իր արածի համար: «Ի վերջո, խորհրդարանում շատ ավելի վտանգավոր եւ պետական դավաճանությանը հավասար մի նախագիծ հաստատվեց, իսկ մարդիկ քննարկում են այս չորս լրագրողներիս հարցը, թե որքանո՞վ ճիշտ վարվեցինք մենք: Սա ողբերգություն է»,- Aravot.am-ի հետ զրույցում փաստեց մեր գործընկերուհին:
Հարցին՝ ինչպե՞ս կվերաբերվես, եթե քեզ զրկեն ԱԺ հավատարմագրման իրավունքից, Աննա Եղիազարյանը պատասխանեց. «Չեմ կարծում, թե ԱԺ-ում այնքան անմիտ կգտնվեն, որ նման քայլի դիմեն: Նախ, այդ քայլով ես եւ իմ մյուս գործընկերները, իմ պատկերացմամբ, որեւէ օրենք չենք խախտել, եւ հարցն այստեղ ավելի շուտ էթիկական հարթության վրա է, հետեւաբար մեզ հավատարմագրման իրավունքից զրկելու որեւէ հիմք չկա: Երկրորդն էլ` ԱԺ-ի կողմից ցանկացած նման որոշում բուռն արձագանք կունենա եւ հնարավոր է նաեւ` հանգեցնի մի շարք պատասխան ակցիաների, ինչը բացի ավելորդ գլխացավանքից, նրանց ոչինչ չի տա»:
Մեր դիտարկմանը՝ որքա՞ն էր ճիշտ նման կեցվածքը, ի վերջո, դու այդ հաստատություն մուտք գործելու իրավունք ունես`ԱԺ-ի աշխատանքները լուսաբանելու համար եւ այդ պահին, ըստ էության, խախտել էիր քեզ վերապահված իրավունքը, գերազանցել էիր այն: Չե՞ս կարծում, որ քաղաքացիական կեցվածք կարող էիր արտահայտել`ցուցարարների հետ միասին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Դուք, իհարկե, ճիշտ հարցադրում եք անում, սակայն այն միանշանակ պատասխան չունի նույնիսկ միջազգային լրագրողական պրակտիկայում: Մինչեւ այսօր միջազգային լրագրության մեջ չկա հստակ սահմանում կամ կանոն, թե ինչպե՞ս պետք է վարվի լրագրողը: Եթե, օրինակ, ահաբեկիչը պատրաստվում է սպանել երեխային` թողնի ամեն ինչ եւ փրկի՞ երեխային, թե՞ հավերժացնի սպանության այդ կադրը: Յուրաքանչյուր լրագրող ինքն է որոշում, թե որտե՞ղ է մասնագիտական պարտականության եւ մարդ մնալու միջեւ իր սահմանը:
Կարդացեք նաև
Մեր դեպքում, հարցը իրավական հարթության մեջ դիտարկելը ճիշտ չէ, քանի որ իրավական տեսանկյունից ես չեմ խոչընդոտել ԱԺ աշխատանքը, բռնություն չեմ կիրառել ոչ մեկի նկատմամբ: Նույն հաջողությամբ իմ ձեռքի պաստառի փոխարեն ես կարող էի նման գրառմամբ հագուստ կրել` միաժամանակ իրականացնելով նաեւ լրագրողական պարտքս. այդ դեպքում ո՞վ կարող էր հայտարարել, որ իմ հագուստով ես իրավունք եմ խախտում կամ չարաշահում: Ծիծաղելի է:
Բարոյական նորմերի տեսանկյունից եւս, ես դա լրագրողական էթիկայի խախտում չեմ համարում: Ինձ համար տվյալ դեպքում շատ ավելի առաջնային է «պետական դավաճանության» հարցի բարձրացումը (թե որպես լրագրող եւ թե որպես քաղաքացի), քան մասնագիտական «պարտքը» կատարելը, որը, ինչպես այսօր պարզվեց, շատերը շփոթում են ձայնագրիչի գործառույթի հետ: Կարող եք նաեւ համարել, որ մեր այս ակցիան ուղիղ ռեպորտաժ էր, միայն թե այս անգամ ռեպորտաժի լեզուն մեր պոստերներն էին, իսկ լսարանը` ՀՀԿ պատգամավորները»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ