Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը. Սերժ Սարգսյանի հավաստիացումները վերջին իրադարձությունների լույսի ներքո արժանահավատ չեն

Դեկտեմբեր 24,2013 15:22

Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ)  Արեւելյան գործընկերության (ԱլԳ) վիլնյուսյան գագաթնաժողովը գնահատում է որպես կարեւոր իրադարձություն, որը հնարավորություն ընձեռեց «վերանայել իրողությունները», հստակ եւ համարժեքորեն ձեւակերպել ինչպես գործընկեր յուրաքանչյուր երկրի, այնպես էլ Եվրոպական միության ձեռքբերումները, անհաջողությունները, հավակնություններն ու պատասխանատվության աստիճանը:

Գագաթնաժողովը վերջնականապես արձանագրեց ԵՄ հետ Ասոցացման ուղղությամբ  Հայաստանի Հանրապետության վերջին տարիների քաղաքականության ձախողումը: Փաստորեն, հրաժարվելով եվրոպական ինտեգրացիայից եւ ընտրելով ինտեգրացիոն  այլ մոդել՝ Հայաստանը կորցրեց իր պետականությունը նոր որակի բարձրացնելու ամենաակնառու հնարավորությունը եւ ոտք դրեց իր ինքնիշխանության եւ ազգային անվտանգության համար  իրական սպառնալիքներով  լի ուղի: ՀՀ իշխանությունների այս քայլով խիստ սահմանափակվեցին ժողովրդավարական ինստիտուտների, մարդու իրավունքների եւ այլ ոլորտներում բարեփոխումների իրականացման հնարավորությունները։

 ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը վերստին ընդգծում է.

  • Մաքսային միությանը միանալու եւ Եվրասիական միության կազմավորմանը մասնակցելու մտադրությունը եւ, համապատասխանաբար, ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից հրաժարումը կայացվել է առանց ՀՀ պետական մարմինների հետ պատշաճ համաձայնեցման եւ հասարակության հետ քննարկումների։
  • ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի կողմից Հայաստանի ղեկավարությանը մոտ չորս ամիս շարունակ ուղղված կոչերը՝ սույն հարցը մտցնել ՀՀ Ազգային ժողովի նստաշրջանի օրակարգ, անցկացնել խորհրդարանական լսումներ եւ քաղաքացիական հասարակությանը ներկայացնել որոշման հիմնավորումները, անտեսվել են։ Հարցի քննարկման նկատմամբ լուրջ շահագրգռություն հանդես չի բերել ոչ միայն իշխող կոալիցիան, այլ օրենսդիր մարմինն՝ ընդհանուր առմամբ։
  • Մաքսային միությանը միանալու դեմ սեպտեմբերի 5-ի ակցիայից հետո քաղաքացիական ակտիվիստներ Հայկակ Արշամյանի եւ Սուրեն Սաղաթելյանի հանդեպ կատարված դաժան բռնարարքի, ինչպես նաեւ նմանատիպ այլ դեպքերի հետաքննությունն իրականացվում է առանց հանցագործությունների բացահայտման համար անհրաժեշտ միջոցների կիրառման։
  • Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված՝ 2013թ. դեկտեմբերի 2-ի ակցիայի մասնակիցների հանդեպ իշխանությունների կողմից կիրառված գործողությունները, մասնավորապես 110 ակտիվիստների ոստիկանության բաժիններ բերման ենթարկելը,  աննախադեպ են եղել իրենց անհամաչափությամբ եւ կոպտորեն սահմանափակել են քաղաքացիների հավաքների եւ  ազատ արտահայտվելու իրավունքները։
  • Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման խափանման եւ ՄՄ ուղղությամբ շարժվելու հետեւանքները՝ գազային նվաստացուցիչ պայմանագրերը, իշխանությունների վերահսկողության ներքո գտնվող ԶԼՄ-ների եւ հատկապես Հանրային հեռուստատեսության եթերում բազմակարծության սահմանափակումները, Հայաստանի պետական լեզվի կարգավիճակի վերանայման եւ նմանատիպ այլ միտումներն արդեն իսկ մտահոգիչ են։

ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը հայտարարում է, որ՝

  • ԱլԳ վիլնյուսյան գագաթնաժողովում Սերժ Սարգսյանի ելույթում հնչած՝ մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության սկզբունքներին հավատարմության հավաստիացումները վերջին իրադարձությունների լույսի ներքո արժանահավատ չեն։
  • ՀՀ ղեկավարության վերջին ամիսների պահվածքը ոչ մի կերպ չի համապատասխանում ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի եւ ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի համատեղ հայտարարությունում տեղ գտած՝ քաղաքացիական հասարակության ամրապնդման կարեւորության ճանաչմանը։
  • Ոչնչով չի հաստատվում ՀՀ իշխանությունների համաձայնությունը 2013թ. դեկտեմբերի 9-ին Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդի 14-րդ նիստից հետո Եվրամիության ընդլայնման եւ  հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի կատարած այն հայտարարության հետ, որում կարեւորվում է ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի դերը բարեփոխումների մոնիտորինգում։

Հաշվի առնելով վերոհիշյալը եւ ԱլԳ շրջանակներում Եվրամիության եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների հետագա ձեւաչափի եւ բովանդակության վերաբերյալ նոր մոտեցումների մշակման իրողությունը, Հայաստանի ազգային պլատֆորմը Հայաստանի Հանրապետության ղեկավարությունից պահանջում է մինչեւ 2014թ. հունվարի վերջն ընկած ժամանակահատվածում մասնակցել ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի նիստին, որի ժամանակ՝

  • կոնկրետ հիմնավորումներ ներկայացնել՝ եվրաինտեգրման ուղին  եվրասիականով փոխարինելու, Մաքսային միությանը միանալու վերաբերյալ որոշման սահմանադրականության, ինչպես նաեւ ՀՀ ներկայիս արտաքին քաղաքական ուղղության պարագայում Հայաստանի ինքնիշխանության պահպանման երաշխիքները։
  • քննարկել եւ կոնկրետացնել ՀՀ կառավարության եւ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համագործակցության, ներառյալ՝ «կառուցվածքային երկխոսության» գաղափարի եւ ԵՄ կողմից Հայաստանին բյուջետային աջակցության նկատմամբ վերահսկողության մեխանիզմները։

Նշված պահանջների անտեսումը ՀԱՊ-ը գնահատելու է որպես ՀՀ իշխանությունների կողմից վերջնական հրաժարում քաղաքացիական հասարակության հետ կառուցողական երկխոսությունից եւ երկրում բարեփոխումներն առաջ տանելու հնարավորությունը կապելու է  նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների միջոցով ՀՀ իշխանափոխության հետ։

ԵՄ-Հայաստան հարաբերությունների հնարավոր նոր ձեւաչափի հստակեցման պարագայում Եվրամիության կառույցներին կոչ ենք անում՝

  • դասեր քաղել նախկին փորձից եւ Հայաստանի հետ հարաբերությունները կառուցել պարտավորությունների անվերապահ կատարման հիման վրա, բացառելով երկակի ստանդարտների կիրառումը եւ խստորեն հետեւելով «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքին,
  • հետեւողականություն հանդես բերել բարեփոխումների արդյունավետության գնահատման եւ, մասնավորապես, Եվրամիության կողմից հատկացված օգնության օգտագործման մոնիտորինգում քաղաքացիական հասարակության իրական ներգրավվածություն հարցերում։

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը վերահաստատում է իր հավատարմությունը Հայաստանի եվրաինտեգրման տեսլականին եւ վճռականությունը՝ հանդես գալ որպես ՀՀ իշխանությունների ընդդիմախոս՝ Մաքսային միությանն անդամակցելու հարցում։ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը պատրաստ է օգտագործել իր ամբողջ ներուժը՝  Հայաստանը Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի օրակարգին վերադարձնելու համար: Այդ նպատակով ՀԱՊ-ն իրազեկման լայնածավալ աշխատանք է իրականացնելու եւ պատրաստ է համագործակցել քաղաքական եւ քաղաքացիական այն բոլոր կառույցների հետ, որոնք կիսում են Պլատֆորմի մոտեցումներն ու նպատակները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031