Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄԱ նախագահը՝ միմյանցից գողանալու եւ ԶԼՄ-ների «նյարդ» լինելու մասին

Դեկտեմբեր 24,2013 14:32

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այսօր «Տեսակետ» ակումբում խոսեց ԶԼՄ-ների դերի ու ազատության սահմանի մասին:

ԵՄԱ նախագահի խոսքով, 2013-ին երկու ուշադրություն գրավող զարգացումներ են տեղի ունեցել ԶԼՄ-ների ոլորտում, որոնցից մեկը Հեղինակային իրավունքի մասին օրինագիծն էր, որով մեծ ուշադրություն է դարձվում հեղինակային իրավունքի եւ մտավոր սեփականության պահպանմանը ԶԼՄ-ներում: Նրա խոսքով, մի մասը գտնում է, որ այդ օրենքի ընդունումից հետո գրագողությունը մի փոքր նվազել է, լրագրողական աշխարհից որոշ մարդիկ էլ պնդում են, թե ոչինչ չի փոխվել, գնալով ուրիշից նյութեր գողանալ եւ տեղադրելը այլ ԶԼՄ-ներում զարգացում է ունենում: Ըստ Նավասարդյանի, ոմանք իբրեւ դրա դեմն առնելու միջոց համարում են դատարանը. «Առաջին անգամ մեր պատմության մեջ լրագրողները ցանկանում են, որ դատական գործեր լինեն այլ լրագրողների եւ ԶԼՄ-ների նկատմամբ»:

Նրա ձեւակերպմամբ, միտումները համաշխարհային մամուլում այնպիսին են, որ օրենքով հնարավոր չէ պաշտպանել հեղինակային իրավունքը ԶԼՄ-ներում, ուստի համաշխարհային տեղեկատվական շուկայում աշխատող ԶԼՄ-ները գերադասում են պաշտպանվել իրենց միջոցներով, հնարավորինս սահմանափակելով տեքստերի գողանալը:

2013-ի երկրորդ զարգացումը, ըստ Բորիս Նավասարդյանի այն է, որ վերջապես մի ընկերություն շահեց տենդեր եւ իրականացնելու է թվայնացման գործընթացը հեռարձակման, ու հաջորդ տարվանից սկսած պետք է սկսվի թվայնացման գործընթաց, որը կավարտվի 2015-ի կեսերին: «2006-ից սկսած գործընթացը, որ պետք է հայեցակարգ եւ ծրագիր լինի, չի իրականացվել, վերջին պահին միայն վատ սովորող աշակերտի նման փորձում ենք անգիր անել, որպեսզի երկուս չստանանք»,-փաստեց բանախոսը:

Նրա ասելով, ԶԼՄ-ների գործունեությունը կախված է շատ այլ հանգամանքներից, այդ թվում՝ քաղաքական, հասարակական:

Անդրադարձ եղավ Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալուն եւ այդ համատեքստում ԶԼՄ-ների ազատությանը:

«Այն ընտրությունը, որ կատարել է Հայաստանը, ընդ որում, այսօր էլ պատրաստվում է ճանապարհային քարտեզը ստորագրել Մաքսային միության, շատերի համոզմամբ, բերելու է խոսքի ազատության սահմանափակման: Ամեն դեպքում քաղաքական շրջադարձը փոփոխություններ մտցնելու է:

Հիմնական շանսը եւ հնարավորությունը ՀՀ-ում քաղաքացիական նախաձեռնություններին հետեւելն է, Հայաստանը այդ առումով ամենաառաջատարներից մեկն է: Քաղաքացիական նախաձեռնություններն իրենց գոյությամբ կարեւորում են նաեւ ԶԼՄ-ների դերը, ինչը շանս է հասարակական կարծիքը բարձր մակարդակի վրա պահելու»,-համոզված է ԵՄԱ նախագահը:

Նա ԶԼՄ-ներին որակեց նյարդային համակարգ, որը «օգնում է օրգանիզմին առողջանալ»: Նավասարդյանի խոսքով, «Գոնե ԶԼՄ-ները, պետք է պահպանեն ակտիվությունը եւ ապագայի նկատմամբ հույսը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031