Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռեպլիկ. Երանի բերանդ չկապեիր

Դեկտեմբեր 24,2013 14:17

Միանգամից ասեմ՝ ինքս էլ եմ ժամանակին եղել այն լրագրողների շարքում, որոնք բողոքի ցույց էին անցկացրել խորհրդարանում: Բողոքի առիթը, եթե չեմ սխալվում, «Հայլուրի» փակումն էր: Եվ մենք կարգախոսներով նստացույց արեցինք խորհրդարանի՝ այն ժամանակ դեռ Մելիք Ադամյան փողոցում գումարվող նիստերի դահլիճում:

Ճիշտ նույն քննադատությունները՝ լրագրողական մասնագիտական էթիկան խախտելու վերաբերյալ, որոնք այժմ հնչում են գործընկերներիս՝ Ազգային ժողովի դահլիճում իրականացրած բողոքի գործողությունների առնչությամբ, հնչում էին նաեւ այն ժամանակ: Մեզ անգամ սպառնում էին հավատարմագրումից զրկել՝ նկատելով, թե խորհրդարանում իբրեւ ցուցարար չենք հավատարմագրվել, այլ իբրեւ լրագրող:

Արդարացի քննադատություն է, թե մասնագիտական առումով՝ էթիկական վարք չէ՝ լրագրողը չպետք է դառնա կողմ այն իրադարձությունների, որոնք ինքը լուսաբանում է:

Կոնկրետ երեկվա ցույցի առնչությամբ սակայն չենք կարող պնդել, թե գործընկերներս խախտել էին էթիկայի վարքականոնը, մանավանդ եթե հաշվի առնենք, որ ցուցարարներից կարծես միայն մեկի լրատվամիջոցն ունի նման վարքականոն:

Բայց նման բան չենք կարող պնդել նախ եւ առաջ այն պատճառով, որ ընդհանրապես էթիկայի առումով չկան միանշանակ պատասխաններ: Օրինակ՝ «այո» կամ «ոչ» պատասխան չունի հարցը, որ եթե լրագրողը հանցագործի է տեսնում՝ ինչ որ մեկի կողոպտելիս, պետք է հնարավորության սահմաններում փորձի խոչընդոտե՞լ, թե՞ ուղղակի պետք է լուսաբանի կատարվողը: Լրագրողական սեմինարներից մեկում այս հարցադրման առնչությամբ, իմ կարծիքով, օպտիմալ լուծում առաջարկվեց՝ փորձիր կանխել, բայց այդ դեպքում թող այդ նյութը լուսաբանի խմբագրությունից մեկ ուրիշը:

Ու նման դեպք էլ եմ հիշում մեր իրականությունից: Ժամանակին նախագահի նստավայրի դիմաց լրագրողներով բողոքի ցույց էինք արել՝ բողոքելով Նիկոլ Փաշինյանին առաջադրված մեղադրանքների դեմ, ու կապել էինք մեր բերանները (Գերման Ավագյանի հեղինակած լուսանկարում հենց այդ ցույցն է պատկերված): Ցուցարարներից մեկն էլ այն ժամանակ դեռ «Ազատություն» ռադիոկայանում աշխատող Ռուզան Խաչատրյանն էր, որը եկել էր ցույցը լուսաբանելու, բայց ոչ միայն մասնակցեց բողոքի գործողությանը, այլ քանի որ Ռոբերտ Քոչարյանը պատրաստակամություն էր հայտնել ընդունել ցուցարարներին՝ մասնակցեց նաեւ այդ հանդիպմանը:

«Երանի բերանդ չկապեիր»,- հետո նկատեց «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության այն ժամանակվա ղեկավար Մարտո Սողոմյանը: Դիտողություն արեց՝ ուզում էիր ցույցի մասնակցելո՞ւ գնալ՝  շատ լավ, գնայիր, բայց երանի ասեիր՝ ուրիշ մարդ ուղարկեինք լուսաբանելու: Ցույցի մասին նյութը Ռուզան Խաչատրյանը չհաղորդեց, այլ Աննա Սաղաբալյանը: Եվ հաջորդ ցույցն էլ նա եկավ լուսաբանելու: Աննա Սաղաբալյանը ծիծաղելով պատմում էր, որ նախապես իրեն զգուշացրել են՝ բերանդ չկապես, Ռոբերտ Քոչարյանի հետ բանակցելու չգնաս:

Լրագրողն էլ է նախ եւ առաջ քաղաքացի: Սակայն եթե գործել ես ոչ իբրեւ լրագրող, այլ հենց իբրեւ քաղաքացի՝ ցույց տալով խնդրի վերաբերյալ քո հստակ դիրքորոշումը, պիտի մի կողմ դնես լրագրողական «ատրիբուտները»: Գործընկերներիցս ոմանք երեկ կարծես հենց այդպես էլ վարվել են: Համենայնդեպս՝ «Հետքի» լրագրող Գրիշա Բալասանյանը «Երկիրին» ասել է. « ԱԺ նիստերի դահլիճ մտել եմ լրագրողական բեյջով, մի քանի լուսանկար արել ու ակցիայի ժամանակ հանել եմ լրագրողական բեյջս եւ իմ բողոքն արտահայտել` որպես երկրի ճակատագրով մտահոգ քաղաքացի»:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    Կոնկրետ գրված նյութի հետ համաձայն կամ անհամաձայն չեմ: բայց հետաքրքիր է, այդ ամերիկյան կինոներից եք սովորել, որ ոստիկանը մեկ էլ բեյջը հանում մի կողմ է դնում, իր ծառայողական դիրքին անհամապատասխան արարք կատարում, հետո հետ վերցնում բեյջը:
    դա կինոներում է այդպես: իրական կյանքում, ձեզ հավատրմագրում են, դուք էլ պարտաորվում եք համապատասխան վարքի: գրպանումդ բեյջդ պահելով հավատարմագրված լրագրող չես դադարում լինել:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031