Aravot.am-ը ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է գնահատում երեկ խորհրդարանում լրագրողների իրականացրած ակցիան ` ընդդեմ գազային համաձայնագրերի:
«Շատ բարձր եմ գնահատում, որովհետեւ կան իրավիճակներ, երբ անհրաժեշտ է նման կերպ վարվել՝ անկախ մասնագիտությունից: Տեղյակ եմ, որ երեկ եւ այսօր վիճաբանություն է եղել՝ արդյոք լրագրողը պե՞տք է թողնի գործը եւ միանա քաղաքացիական նախաձեռնություններին: Լինում են իրավիճակներ, երբ քաղաքացի լինելն ավելի կարեւոր է, չնայած լրագրողը մի՛շտ է քաղաքացի:
Այժմ ժամանակներ են, երբ բարոյական ազդեցությունը մեր քաղաքական վերնախավի վրա դառնում է արդիական, մարդիկ հասկանում են, որ համարյա ոճրագործություն է կատարվում մեր երկրի հանդեպ, դրա համար էլ ցանկացած ձեւով խղճին դիմելը արդյունավետ է եւ անհրաժեշտ:
Ցավոք, Հայաստանում կարելի է ամեն ինչ վերահսկել, ՀՀ-ում քաղաքացիների մեծ մասը վերահսկելի է, մեկը բիզնես, մյուսը աշխատանք, երրորդը այլ բան կորցնելու վախ ունի: Մեկ էլ այդ տոտալ վերահսկելիության եւ կառավարելիության իրավիճակում հանկարծ խիղճը սկսում է աշխատել: Դա միակ փրկությունն է»,-ասաց պարոն Նավասարդյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ