Լրահոս
Օրվա լրահոսը

Վենետիկի համալսարանի հայագիտության ամբիոնը խնդիրներ ունի

Դեկտեմբեր 24,2013 13:35

Իտալիայում բուհերն անցել են մասնակի ինքնաֆինանսավորման

Վենետիկի համալսարանի հայագիտության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր Սոնա Հարությունյանը բազմաթիվ գիտական հրապարակումների հետ մեկտեղ, հեղինակն է նաեւ Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը», «Զմյուռնիայի ճանապարհը» վեպերի եւ Ալերամո Հերմետի «Հայերի Վենետիկը» գրքի հայերեն թարգմանությունների: Վերջերս նա Երեւանում էր ու մտահոգություն էր հայտնել հայագիտության ամբիոնի վերաբերյալ: Տիկին Հարությունյանը սիրով հարցազրույց տվեց «Առավոտին»:

– 1996 թվականին գերազանց ավարտել եք Երեւանի պետական համալսարանի ռոմանա գերմանական բանասիրության ֆակուլտետը եւ սկսել եք դասախոսել նույն ֆակուլտետում: Ինչպե՞ս տեղափոխվեցիք Վենետիկ եւ հաստատվեցիք այնտեղ:

– Հայերիս համար Վենետիկը մի անդիմադրելի կանչ ունի, եւ ես էլ զերծ չմնացի այդ կանչին տրվելուց: Դեռեւս ուսումնառությանս տարիներին արդեն երկու անգամ հնարավորություն էի ունեցել վերապատրաստվելու Վենետիկի համալսարանում: 1996թ. դասավանդելուն զուգահեռ սկսեցի աշխատել թեկնածուական ատենախոսությանս վրա, որի թեման էր` Դանտեն հայ իրականության մեջ: Կրկին պատեհ առիթ ներկայացավ Վենետիկ մեկնելու, այս անգամ առավել երկար ժամանակով, քանի որ Դանտեն հայալեզու ընթերցողին ողջ շուքով ներկայացրել են Սբ. Ղազար կղզու Մխիթարյան միաբաններն ու նրանց աշակերտները: Անսահման սիրով եմ հիշում այդ տարիները, քանի որ ինձ համար մի նոր աշխարհ բացվեց: Դանտեագիտական ուսումնասիրությունների շրջանակում տասներեքերորդ դարի իտալերենին զուգահեռ սկսեցի սերտել գրաբար եւ ուսումնասիրել Ալիշան, Բագրատունի եւ Ղազիկյան` ի թիվս մյուս նվիրյալների… 2006թ. պաշտպանեցի թեկնածուական, իսկ 2011 թվականին` դոկտորական ավարտաճառերը եւ դանտեագիտական ուսումնասիրություններն ամփոփեցի հայերենով, անգլերենով եւ իտալերենով հրատարակված հոդվածներում: Ունեցա նաեւ բազմաթիվ դասախոսություններ Դանտեի ծննդավայր Ֆլորենցիայում, Ռավեննայում, որտեղ Դանտեի դամբանն է, իտալական այլ քաղաքներում, Երեւանում, ինչպես նաեւ Սորբոնի, Բոստոնի, Միչիգանի Անն Արբոր, Լոս Անջելեսի (UCLA եւ USC) համալսարաններում` ներկայացնելով գիտական հանրությանը հայ դանտեագիտությունը, յուրաքանչյուր անգամ հպարտորեն նշելով, որ ասիական բոլոր եւ եվրոպական որոշ ազգերից առաջ մեր ժողովուրդն է թարգմանել Դանտեի «Աստվածային Կատակերգությունը» մեծ երախտավոր հայր Արսեն Բագրատունու ջանքերով: Վերջին երեք տարիների ընթացքում ուսումնասիրել եմ նաեւ իտալահայ բանաստեղծուհի Վիկտորիա Աղանուրի պոեզիան եւ զանազան դիվաններում պեղել եւ գտել նրա հայկական ինքնությունը հավաստող նամակները ուղղված Ալիշանին, Ղազիկյանին, ինչպես նաեւ Արշակ Չոպանյանին: Շուտով «Բազմավեպ» հանդեսի մեջ լույս կտեսնի ուսումնասիրության առաջին պտուղներն ամփոփող հոդվածը:

– Ներկայացրեք, խնդրեմ, Վենետիկի համալսարանի հայագիտության ամբիոնը եւ հայագիտություն ուսումնասիրող ոչ հայ ուսանողներին:

– 1976 թվականին Վենետիկի Կա’Ֆոսկարի պետական համալսարանում մեծանուն հայագետ հայր Լեւոն վարդապետ Զեքիյանի ջանքերով հիմնադրվել է հայոց լեզվի եւ գրականության ամբիոնը: Այս գրեթե չորս տասնամյակների ընթացքում ոչ միայն պաշտոնապես դասավանդվել են «Հայոց լեզու» եւ «Հայ գրականություն» առարկաները բակալավրիատի, մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի մակարդակներով, այլեւ իրականացվել են բազմաթիվ հայագիտական հրատարակություններ եւ գիտաժողովներ: Հայագիտություն ուսումնասիրող ուսանողների գերակշռող մեծամասնությունը իտալացիներ են, երբեմն ունենում ենք նաեւ ուսանողներ արտասահմանից, հիմնականում ԱՄՆ-ից: Վերջին երեք տարիների ընթացքում ունեցել եմ Նյու Յորքից մի ուսանողուհի եւ այժմ ղեկավարում եմ նրա դիպլոմային աշխատանքը: Այս տարի ունեմ նաեւ Լոնդոնի համալսարանից մի ուսանողուհի, որը ցանկություն է հայտնել ուսումնասիրելու հայ լեզվաբանություն: Ուսանողների հետ կատարում ենք նաեւ թարգմանություններ հայերենից իտալերեն եւ հայերենից անգլերեն: Ներկայումս հրատարակության ենք նախապատրաստում հայ ժամանակակից կին գրողների մի քանի բանաստեղծություններ իտալական հեղինակավոր ամսագրերից մեկում տպագրելու համար:

– Ի՞նչ դժվարությունների առաջ է կանգնած ամբիոնը:

– Մինչեւ վերջերս Իտալիայում համալսարաններն ամբողջովին ֆինանսավորվում էին Իտալիայի կրթության եւ գիտության նախարարության կողմից: Սակայն վերջին ճգնաժամային իրավիճակի հետեւանքով դրանք անցան մասնակի ինքնաֆինանսավորման, որը ենթադրում է արտաքին հաստատությունների եւ համալսարանների միջեւ համագործակցություն: Վենետիկի համալսարանը, որտեղ դասավանդվում է գրեթե 40 լեզու, արդեն համագործակցում է մի շարք արտասահմանյան կազմակերպությունների հետ, որոնք դրամական օժանդակություն են ցուցաբերում համալսարանում դասավանդվող իրենց լեզվի եւ մշակույթի ամբիոններին: Ուրախությամբ նշեմ, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը խոստացել է հնարավորության սահմաններում օժանդակել Վենետիկի հայագիտության ամբիոնի հզորացմանը: Մաղթենք, որ համատեղ ջանքերով հայագիտությունը շարունակի ծաղկել Վենետիկում, որտեղ հայկական տարրը առկա է դեռեւս 6-7-րդ դարերից, որտեղ 1235 թ.-ին ծնվել է Եվրոպայի առաջին «Հայ տունը», 1512 թ.-ին տպվել է հայ առաջին տպագիր գիրքը` «Ուրբաթագիրքը», եւ ի վերջո որտեղ Մխիթար Սեբաստացին հաստատել է հայ մշակույթի սյուն իր Միաբանությունը` Սբ. Ղազար կղզում:

Զրուցեց  ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031