«Ենոքի աչքի» հաղթարշավը
Արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանի «Ենոքի աչքը» վեպը թարգմանվել է անգլերեն, ներկայումս ընթանում են խմբագրական աշխատանքները՝ առաջիկայում ԱՄՆ-ում հրատարակելու նպատակով:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Գուրգեն Խանջյանը նշեց, որ հիշյալ վեպը տպագրվել է «Անտարես» հրատարակչությունում, Առաջին գրական գործակալության շնորհիվ էլ՝ թարգմանվել: Դիտարկմանը՝ հավանաբար վեպի ասելիքը համամարդկային է, հակառակ դեպքում այն չէր հետաքրքրի ամերիկացիներին, մեր զրուցակիցը, համամիտ լինելով, հայտնեց. «Ճակատագրեր, անհատականություններ, ներփակ բնավորություններ, որ հարաբերվում են վիպական ինքնատիպ տարածության մեջ՝ միմյանցից անկախ վերհանելով ընդհանրական խնդիրներ, իբրեւ առանցքում ունենալով ապակե աչքի ամենատես ոսպնյակը: Աշխարհագրական առումով էլ ընդգրկել եմ ոչ միայն Հայաստանը, այլեւ Վրաստանն ու Ռուսաստանը»: Գրողի խոսքերով. «Մի քիչ էլ դետեկտիվի տարրեր կան, օրինակ՝ հայրասպանություն, որն, ըստ իս, ընթերցանությունն ավելի հետաքրքիր է դարձնում»: Փոքր-ինչ մանրամասնելով էլ Խանջյանը ասաց, թե վեպում հոր սպանության առիթով տարբեր բնավորությունների տեր նրա երկու որդիների բանավեճն է՝ կառուցված դրամատիկ հենքի վրա. «Չգիտեմ՝ հայ կամ ամերիկացի ընթերցողի մոտ ինչ զգացողություններ կառաջացնի վեպս, բայց մի բան կարող եմ ասել. այսօր հստակ դեղատոմս տալը անհնար է, ընթերցողը թող որոշի, ասենք՝ ով է ճիշտ կամ սխալ, բարի ու չար եւ այլն»: Իսկ թե ամերիկյան հոնորարի ինչ չափաբաժին է իրեն հասնելու, Գուրգեն Խանջյանը հիշեցրեց, որ ամերիկյան կողմի հետ բանակցությունները ընթացել են Առաջին գրական գործակալության միջոցով, այս պահին միայն իրեն հայտնի է, որ ԱՄՆ-ում գրքի վաճառքից 6 ամիսը մեկ անգամ որոշակի տոկոս է նախատեսված հեղինակի համար:
Արձակագիր դրամատուրգը հայտնի անուն է կինոաշխարհում. այս տարի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում նրա «Վեցերորդ պատվիրան» երկի հիման վրա կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանի «Լռության ձայնը» ֆիլմը մեծ ընդունելություն ունեցավ հանդիսատեսի կողմից: Խանջյանը Չալդրանյանի հետ իրականացրել է նաեւ «Լռության սիմֆոնիա», «Մաեստրո» ֆիլմերը, հիմա էլ արվեստագետները աշխատում են «Աբգար արքա» ֆիլմ-օպերայի վրա: Այսուհանդերձ, մեր զրուցակցին ավելի շատ հետաքրքրում են սեփական պիեսների բեմադրությունները մեկ պատճառով: Գրողի խոսքերով՝ «ֆիլմերում համահեղինակ եմ դառնում ռեժիսորի հետ, իսկ թատրոնում, ինչպես ասում են՝ ես իմ գլխի տերն եմ: Սակայն դա չի նշանակում, թե բեմադրիչի կարծիքի հետ հաշվի չեմ նստում»: Իսկ թե ինչու մեր թատրոններում չեն գերակշռում հայ հեղինակների գործերը, Գուրգեն Խանջյանը սրտնեղեց. «Մենք՝ դրամատուրգներս, ստեղծագործում ենք՝ հենք ունենալով մերօրյա թեմաները: Դրանք հանդիսատեսին չեն հասնում, որովհետեւ բեմադրիչները նախապատվությունը չեն տալիս մեզ: Եթե իրենց հարցնեք, կասեն թույլ է մեր դրամատուրգիան: Ինչ-որ տեղ ես էլ եմ դրան համամիտ, չէի ասի, թե հզոր դրամատուրգիա ունենք, բայց մյուս կողմից էլ պետք է թատրոնները օգնեն մեզ՝ դրամատուրգների գործերը հանրայնացնելու մասով»: Նշենք, որ Խանջյանի 30 պիես բեմադրվել է հայաստանյան եւ սփյուռքյան թատրոններում:
Կարդացեք նաև
Զրույցի ընթացքում արվեստագետը չթաքցրեց, որ ունեցել է սերիալների սցենարներ գրելու պատվերներ, սակայն հրաժարվել է. «Սերիալ նկարողները գնում են առավել հեշտ ճանապարհով. հասարակության մեծ մասը գողական օրենքներով է դաստիարակված: Նման սցենարները լավ են վաճառվում»: Գուրգեն Խանջյանը հետո էլ հավելեց. «Հայկական սերիալները սկսվեցին ռուսական «Բրիգադայից» հետո: Այդ սերիալում ամեն ինչ կար, նույնիսկ հայրենասիրություն: Մերոնք էլ ինչո՞ւ չարչարվեն, պատրաստի ռուսական մոդելը կար: Սկսեցին մեկը մյուսի հետեւից սերիալներ արտադրել, արդյունքում՝ բոլոր դարձան «Բրիգադայի» պսեւդո տարբերակը»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ