Լրահոս
Օրվա լրահոսը

Գտի՛ր 100 տարբերություն

Դեկտեմբեր 24,2013 13:27

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Կարո՞ղ եք պատկերացնել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերը երկրի անկախացումից 20 տարի անց Անգլիայի կողմից ԱՄՆ-ի վերստին գաղութացման կոշտ եւ համառ փորձը համարեին որպես «կատարված փաստ», որի դեմ պայքարելն «օրակարգային չէ»: Հայաստանի Հանրապետության հիմնադիր հայրերը, կամ գոնե նրանց առաջնորդ-գաղափարակիրները, հենց այդպես էլ վարվում են: Նրանք մրցասպարզ են դուրս եկել Հայաստան ռուսական ներխուժումն արդարացնելու, դրա պատմական անհրաժեշտությունը հիմնավորելու, Ռուսաստանի գերզգայուն ուշադրությանն արժանանալու համար:

«Ղարաբաղ» կոմիտեի անդամներից Վազգեն Մանուկյանը, Աշոտ Մանուչարյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջին շաբաթներում, իրար հաջորդելով, ռուսական ինտերվենցիան հրապարակայնորեն համարում են հաճելի անակնկալ: Աշոտ Մանուչարյանը երբեք չի լռում, ուստի նրա վերջին դարակազմիկ մտքերը քննարկելն «օրակարգային չէ», Վազգեն Մանուկյանի մտքերն ու գործերը ռուսական կողմնորոշման առումով ավելի ու ավելի են համընկնում. այս դեպքում եւս քննարկելու առանձնապես նյութ չկա, իսկ, ա՛յ, Լեւոն Տեր-Պետրոսյանը, իհարկե, հետաքրքիր է. նա խոսքի արժեքը լավ գիտե. խոսում է 3, 6, 9 ամիսը կամ 10 տարին մեկ: Այս ժլատ պարբերականությունից հետո Տեր-Պետրոսյանը դեռ համեստորեն զարմանում է, որ իր ելույթների ինտերնետային դիտումը 60 հազար է եղել: Դեկտեմբերի 21-ին ՀԱԿԿ հանրապետական խորհրդի նիստում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը կարող է արդեն նախորդ դիտումների համեմատ նոր ռեկորդ արձանագրել՝ 60 հազար դիտում եւ 600 հազար զարմացող: Եվ քանի որ հանրային դիտումների ռեկորդն ապահովված է, մնում է մտածել քաղաքական ռեկորդի սահմանման հնարավորությունների մասին:

Դեկտեմբերի 21-ի Տեր-Պետրոսյանի ելույթը բոլոր հիմքերն ունի դառնալու վերջին շրջանի քաղաքական հիթ: Քաղաքական մրցակիցներին, այդ թվում նաեւ՝ Սերժ Սարգսյանին, «Հավերժ Ռուսաստանի հետ» կոչվող քաղաքական երգի մրցապայքարից դուրս մղելու համար Տեր-Պետրոսյանը պարզապես գրավեց բեմը՝
– ելույթ ունենալով Ազգային ժողովի ճակատագրական նիստից առաջ՝ ցույց տալու համար, որ այն, ինչ չի կարող անել Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ-ն, կարող է անել ինքը մեկ ելույթով՝ հնարավորինս աջակցելով «Ռուսգազարդի» համաձայնագրի վավերացմանը ԱԺ-ում,
– թիկունք դարձնելով Եվրոպային՝ չաջակցություն-չաջակցության դիմաց ժեստով եւ վայելելով վրեժի քաղցրությունը:

Սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքական ռեկորդներ է սահմանում ոչ միայն մրցակիցների, այլեւ, որ ամենահիասքանչն է՝ ինքն իր նկատմամբ: Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական կենսագրության 25 տարիների ընթացքում նա իր իսկ մտքերին, գաղափարներին, տեսակետներին, դիրքորոշումներին հակասելու առնվազն 100 հնարավորություն է իրացրել: Առնվազն 100 տարբերություն կա, որ կարելի է գտնել Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթների միջեւ:

Այս տարվա դեկտեմբերի 21-ին Տեր-Պետրոսյանը նկատեց. «Հակառուսական տրամադրված որոշ անհատների եւ մարգինալ տարրերի մշտական առկայությամբ հանդերձ Հայաստանում հակառուսականություն, որպես երեւույթ, գոյություն չի ունեցել եւ հիմա էլ գոյություն չունի»:
1988թ. օգոստոսի 19-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Հայաստանում հակառուսական տրամադրությունների իսկական հրահրողը, որքան էլ տարօրինակ է, հենց հանրապետության ղեկավարությունն է: Ինչի՞ է նման, օրինակ, այն փաստը, որ համարյա բոլոր նոմենկլատուրայի աշխատողների երեխաները ուսանում են ռուսական դպրոցներում, ղեկավար անձանցից շատերը չեն տիրապետում մայրենի լեզվին եւ գերադասում են ելույթ ունենալ ռուսերեն լեզվով: Այս բոլորը, բնականաբար, ժողովրդի մոտ ռուսաց լեզվի համար առանձնաշնորհված սոցիալական գերակայության եւ ռուսականացման պատկերացում է ստեղծում, որը արդարացի զայրույթ է առաջ բերում»:

21 դեկտեմբերի, 2013 թ.
«Մինչեւ Եվրաասոցացման գաղափարի նախաձեռնումը Ռուսաստանը Ուկրաինայի եւ Հայաստանի առջեւ Մաքսային միությանը միանալու կոնկրետ պահանջ չէր դրել, բայց երբ Ռուսաստանը տեսավ, որ բացեիբաց փորձ է արվում այդ երկրները դուրս բերել իր ազդեցության գոտուց, հանդես եկավ կտրուկ դիրքորոշմամբ»։

1988թ. «…անհաշտ պայքար ծավալել ազգային շահերի ոտնահարման, մեծապետական շովինիզմի եւ ռուսականացման քաղաքականության ցանկացած դրսեւորման դեմ»:

21 դեկտեմբերի, 2013 թ.
«Նորանկախ Մոլդովայի, Վրաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները, կորցնելով իրականության զգացողությունը, առաջին իսկ օրվանից որդեգրեցին կոշտ հակառուսական դիրքորոշում, ինչի պատճառով ունեցան պետականության կայացման հետ կապված լրջագույն խնդիրներ՝ ուղեկցված զգալի տարածքային կորուստներով։ Ի տարբերություն այդ պետությունների, 1990-ական թթ. Հայաստանը ոչ միայն խուսափեց նրանց բաժին ընկած ճակատագրից, այլեւ խոհեմություն ունենալով հակասովետական պայքարը չվերածելու հակառուսականի, կարողացավ պահպանել թե՛ իր տարածքային ամբողջականությունը եւ թե՛ էապես նպաստել Արցախի ազատագրման գործին»:

28 հունվարի, 1990 թ.
«Հայաստանը չի հանդարտվի, քանի դեռ Լեռնային Ղարաբաղը դուրս չի բերվել հայ ժողովրդի բնաջնջումը որդեգրած հանրապետության կազմից եւ չի սկսվել նրա բաժանված տարածքների վերամիավորումը հռչակած պատմական որոշման իրականացումը: Մոսկվան այլընտրանք չունի եւ եթե չի ուզում խորհրդային դաշնության կազմում ունենալ հավերժ ըմբոստ մի հանրապետություն, պետք է վերջապես հաշվի նստի այդ մտքի հետ»:

Հենց Լեւոն Տեր-Պետրոսյանն էր ղարաբաղյան Շարժման տարիներին հայտարարում, որ հայ ժողովրդի բոլոր քաղաքական ձախորդությունները սկսել են 1813թ. Գյուլիստանի պայմանագրով, երբ Ռուսաստանին միացավ Արեւելյան Հայաստանի մի մասը:
Եվ այժմ Լեւոն Տեր-Պետրոսյանը «ընդդեմ Եվրոպայի» կեցվածքով փորձում է շրջանցել մեկ այլ «կատարված փաստ»՝ դեպի Եվրոպա են գնում այն պետությունները, որտեղ հաղթել են հեղափոխությունները: Տեր-Պետրոսյանի գլխավորած հայկական հեղափոխությունը, ցավոք, ձախողվել է:
Անպատասխան է մնում այն հարցը, թե 2013 թ. դեկտեմբերի 21-ին նրա իսկ մատնանշած «Իշխանության հաշիվ տալու ժամանակը» Մոսկվա՞ն է բերելու արդյոք: Այն Մոսկվան, որի աջակցությանն այդքան երկար սպասեց Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008 թ. մարտի 1-ին:

———————
Հղումներն ըստ՝
1. https://www.aravot.am/2013/12/21 /417142/
2. Լեւոն Տեր-Պետրոսյան, Ընտրանի, Եր., 2006 թ.

 

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Garry says:

    Է ինչ կա չհասկանալու, ԼՏՊ նեղացել է առևմուտքից, հիմա էլ հակառակ արևմուտքի է խաղում: Գուցե նա նեղանալու հիմքեր ունի, որ իր` ընդիմության առաջնորդի փոխարեն արևմուտքն ընտրեց իշխանության ներկայացուցիչին, բայց գաղափարական առումով, նրա փոխակերպումն արդեն բացահայտ է դառնում և դա շատերին դուր չի գալիս: Չէ որ նրա հետևորդներից շատերը արևմտյան արժեքների համար պայքարողներ էին:

  2. Ettentcchi says:

    Եթե մարդու ասաց խոսքը այդքան բարդ է և չեք հասկանում գոնե բարի եղեք ու մի մեկնաբանեք:
    Միթե կարելի է զավեշտալի համեմատություններ անել և հանգել ինչ որ անհասկանալի ու անտրամաբանական եզրակացության:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031