«Իրանում տեղի ունեցած իրադարձությունները 2013 թվականին թեժ էին եւ ակտիվ, այնտեղ նախագահական ընտրություններ եղան, որտեղ իշխանության եկավ Հասան Ռոհանին, որը մշակել էր այն թեզը, թե պետք է բանակցություններ վարվեն արեւմուտքի հետ: Նրա կառավարման առաջին իսկ ամիսներից գնաց այդ գործընթացը ու հասան նրան, որ վեց ամսվա ընթացքում Իրանում պատժամիջոցները թեթեւացան, ժողովուրդը շունչ քաշեց, իրանական ռեալը արժեւորվեց»,- այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող, իրանագետ Գոհար Իսկանդարյանը:
Գոհար Իսկանդարյանը նաեւ հավելեց, որ նոր նախագահի ընտրվելուց հետո ստացվեց այնպես, որ Իրանի կողմից Հայաստանին մատչելի գներով գազ մատակարարելու թեմայով խոսակցություններ շրջանառվեցին, ինչը մինչ այդ չկար: Գոհար Իսկանդարյանը գտնում է, որ 2013 -ին Իրանի իսլամական հանրապետության ամենակարեւոր գործընթացը Ժնեւի կոնֆերանսի արձանագրությունն էր ու այնտեղ տեղի ունեցած նախագահական ընտրությունները:
«Տարածաշրջանում Իրանի դիրքերը գնալով ամրապնդվում են»,- ավելացրեց նա:
«Արմեդիա» գործակալության վերլուծաբան, միջազգայնագետ Սեւակ Գոմցյանն էլ գտնում է` հիմնական իրադարձությունները, օրինակ` Սիրիայում անցնող տարվա ընթացքում կապված են եղել միջուկային զենքի հետ, ինչպես նաեւ` միջուկային ծրագրի հետ կապված ԱՄՆ- ՌԴ համաձայնությունն էր. «Արեւմուտքի համար Ասադի վարչակարգը այլընտրանք չունի»:
Կարդացեք նաև
Սեւակ Գոմցյանը Եգիպտոսի հետ կապված էլ ասաց, որ այս տարի տապալվեց Մուրսիի վարչակարգը, իսկ 2014-ին այստեղ սպասվում են նոր ընտրություններ ու սահմանադրության հանրաքվե: «Լիբանանի դեպքում հիմնական զարգացումը` միջկրոնական բախումներն էին: Սիրիայի հարցում Հայաստանի դիրքորոշումն այն է եղել, որ հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով: Միջազգային մի շարք խոշոր պետություններ համակարծիք են սրա հետ: Հայաստանի պարագայում` հարցը ցավոտ է` համայնքի առկայություն կա»:
«Արեւելքում եւս իրադարձություններով լի տարի էր»,- նշեց ԵՊՀ–ի դասախոս, արեւելագետ Նաիրա Մկրտչյանը: Նա անդրադառնալով Չինաստանին, ասաց, որ նրա հետ արդեն հաշվի են նստում ոչ միայն արեւելքում, այլեւ արեւմուտքում: Ուժեղացել է չինական արժույթը: Այն արդեն սկսել են օգտագործել Եվրոպական այնպիսի երկրում, ինչպիսին` Գերմանիան է: 2013-ին այնտեղ փոխեցին նախագահին, սակայն երկրի կառավարման համակարգը շարունակեց մնալ նույնը:
«Չինաստանն ու Հնդկաստանը սահմանային բախումներ ունեցան, բայց այն մի քիչ հարթվեց, քանի որ Հնդկաստանը թողարկեց հրթիռներ, որոնք կարող են հասնել Պեկին եւ Շանհայ: Ինչ վերաբերվում `Չինաստան-Հայաստան հարաբերություններին, ապա այդ հարաբերությունները շատ լավ են, ավելին` Չինաստանը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Հնդկաստանի հետ էլ չնայած ունենք բազմադարյա հարաբերություններ, բայց այս երկրի պոտենցիալը, ինչպես նաեւ Չինաստանինը, չենք օգտագործում»,- հավելեց Նաիրա Մկրտչյանը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ