«Գազային համաձայնագիրը գրել են ռուսները, հայ չինովնիկն անգամ այդ լեզվին չի էլ տիրապետում ու գրիչը չի էլ վերցրել, որ ինչ-որ բան ուղի այդ համաձայնագրում: Նման համաձայնագիր ցանկացած երկրի հետ չեն ստորագրում»,-այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը:
Կողմ լինելով Մաքսային միությանը նա ասաց. «Չեմ կարծում, որ պիտի հասնենք այն աստիճանի, որ նման համաձայնագիր ստորագրենք: Այն նախարարը, ով բանակցություններ է վարել, պիտի դատի տալ նրան, քանի որ սա բացահայտ քրեական հանցագործություն է: Նրանք այդ պարտքը հատուկ են կուտակել»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը հակադարձեց. «Տարին դրական էր այն առումով, որ մենք հստակեցրեցինք մեր քաղաքական կուրսը՝ միանալով մաքսային միությանը: Հեշտ է քննադատել, ինքս էլ կարդացել եմ այդ համաձայնագիրը, կան վիճարկելի որոշ հարցեր, բայց այնպես չէ, ԱԺ-ի մի հատվածում նստած են հերոսները, մյուսում` դավաճանները: Այն պահին, երբ ՀՀ նախագահը մեկնում է Մոսկվա բանակցելու եվրասիական տնտեսական ֆորումի ղեկավարության հետ ու մենք այս ձևով ենք ընդդիմանում, կարծում եմ, որ դա էլ է դավաճանական ակտ է»:
Անուշ Սեդրակյանը տարին «նեգատիվ» գնահատեց՝ ՀՀ ինքնիշխանության բացարձակ կորստի առումով ու մանրամասնեց. «Սահմանում ռուսական զորք է կանգնած, որը չի ենթարկվում ՀՀ-ին, Հայաստան մուտք գործող զենքը պատկանում է ՀԱՊԿ-ին, որը կարող է օգտագործվել՝ ինչպես ուզեն: ՀՀ-ում գազային պարտքը գոյացել է նրանից, որ ունենք «Գազարդի» մի շարք մասնավոր փայատերերից, փաստորեն ՀՀ գազի տեղաբաշխումը անհասկանալի սկզբունքներով է տեղի ունեցել, այդտեղից էլ գոյացել է ՀՀ պարտքը: Ուկրաինան էլ ունի գազի պարտք, բայց այնուամենայնիվ, այդ երկիրը հասկացել է, որ ՌԴ-ից գազը թանկ պիտի առել, բայց ժողովրդին էժան վաճառել»:
Կարդացեք նաև
Անուշ Սեդրակյանը որպես դրական երևույթ նշեց այն, որ «արթուն քաղաքացի ունենք, որը հասկացել է, որ անվտանգությունը այն չէ, որ ռուս զինվորը լցվել է Գյումրվա բազան»:
Գերագույն Խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը տարին «լյուստրացիայի տարի» համարեց. «Մենք չհանձնվեցինք, մեզ նվաճեցին: Սեպտեմբերի 3-ին Հայաստանը նվաճվել է՝ որպես պետություն ու որպես պետական երկիր: Անձամբ ես շատ դժգոհ եմ իշխանությունից բացառությամբ մի քանիսից: Մենք իմացանք՝ ով է մեզ վարկաբեկողը»:
Ի հակադրություն Կարինե Աճեմյանի՝ պարոն Արշակյանը նշեց. «Ես մրրկահավերից տարբերվում եմ և մեզ ու ձեզ միասին եմ դիտարկում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ