Մի տեսակ շատ պարզունակ են իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ` վաճառված երկրի իշխանություն եւ ընդդիմություն լինելու համար, պարզունակ եւ հանգիստ: Վաճառված երկրում ոչ առաջինը, ոչ երկրորդն իրենց նման կերպ չեն պահում. իշխանությունը բացատրում է, ապացուցում է, ցույց է տալիս, որ ինքը ոչ մեկին երկիր, անկախություն չի վաճառել, ընդդիմությունը չի գնում տուն հրապարակից այնքան ժամանակ, մինչեւ «երկրի վաճառքի մասին փաստաթուղթը» անվավեր չի ճանաչվում: Մեր երկրում ոչ առաջինը կա, ոչ երկրորդը:
Բա ժողովո՞ւրդը: Վաճառվող երկրի քաղաքացիները մի քանի հարյուրով կամ հազարով չէ, որ հավաքվում են` բողոքելու վաճառքի փաստի դեմ: Սա, հիշեցնենք, այն ժողովուրդն է, որը հրապարակներ էր լցնում` ընտրություններում պարտված թեկնածուների, կուսակցությունների պատվին: Կասեք` բերո՞ւմ էին, է, ո՞վ է խանգարում հիմա էլ բերել մարզերից, գյուղերից հազարներին, տասնյակ հազարներին, հարյուր հազարի, բերել ու կանգնեցնել Բաղրամյանում: Նախադեպը կա, չէ՞, մարդկանց ավտոբուսներով իրենց հանրահավաքներին բերել են, չէ՞: Հիմա, երբ նույն ռեսուրսներն ունեցողները չեն բերում, ուրեմն կարելի է եւ եզրակացնել, որ կամ երկիրն ամենեւին էլ չի վաճառվել, կամ այսպես կարծողներին ձեռնտու է, որ երկրի վաճառքի փաստը մնա, որպեսզի իրենք միշտ էլ խոսելու բան ունենան:
Այնինչ եթե երկիրը վաճառվել է, ուրեմն քնել չի կարելի, կամ կարելի է, բայց միայն հրապարակներում, ոչ թե սուպերմարկետների հերթերում` ամանորյա գնումներ կատարելիս:
Լավ, իշխանությունը հանցագործություն է կատարել, վաճառել է այն, ինչը չէր կարելի վաճառել, բայց ո՞վ է կամ ո՞ւր է դրա դեմ պայքարողը, դա թույլ չտվողը: Կասեք` պարբերաբար, ամեն օր այդ մասին խոսո՞ւմ են, բայց խոսողն ուրիշ է` բնավորությամբ, գործունեության ձեւով, պայքարողն ուրիշ է:
Կողմնորոշվենք ի վերջո` հիմա վաճառվե՞լ ենք, եթե այո, ապա ինչո՞ւ ենք վերադառնում տուն ամեն երեկոյան, որտեղ տաք է, որտեղ տաք կերակուր կա եւ հարմար քնելատեղ: Եթե չենք վաճառվել, այսպես էլ ասենք` առանց այդ էլ սուտը շատ այս մեր երկրում:
Հովիկ ԱՖՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում