«Մաքսային միությունը ոչ թե ՀՀ իշխանության, այլ Ռուսաստանի և Ղազախստանի ձեռքբերումն է»,-այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում հայտարարեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Պարոն Ուրիխանյանը շնորհակալություն հայտնեց այն լրագրողներին, որոնք «առանց վախենալու գրաքննության մահակից եկել են ԲՀԿ ներկայացուցչի ասուլիսին»:
Հարցին՝ որո՞նք են իշխանությունների ձեքբերումները՝ Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց, թե ժամանակը չի հերիքի, որ այնքան երկար մտածի, որ գոնե մեկ ձեռքբերում գտնի: Հետո ասաց. «Չէի ուզենա ամանորի նախաշեմին մռայլեցնել իրավիճակը: Երևի ինչ-որ առումով ձեռքբերում է այն, որ իրենք իրենց համար, չնայած սառնասրտորեն հերքվող իրավիճակի, բացահայտեցին հակադիր ուժ՝ ի դեմս ակտիվ ու գիտակից քաղաքացիների»:
Տիգրան Ուրիխանյանը խոսեց նաև իշխանությունների բացթողումներից. «Բացթողումներից է այն, որ ստեղծվել է սոցիալական ծանր վիճակ, ինչը նաև քաղաքական առումով պայթյունավտանգ է: Քաղաքացիների մոտ օր օրի նկատվում է բարոյալքվածություն ու անելանելիության զգացում»:
Երեկ խորհրդարանում կատարվածին պարոն Ուրիխանյանն այսպիսի գնահատական տվեց. «Երեկ ապօրինություն տեղի ունեցավ: ԱԺ հաշվիչ հանձնաժողովը կոլեգիալ մարմին է, կոլեգիալ որոշում պիտի կայացնի, ինչը տեղի չունեցավ: Այդ մարմինը իրավասություն չուներ քվեարկության արդյունքը արձանագրել: Հարցը պիտի վիճարկվի ՍԴ-ում»:
Կարդացեք նաև
Լրագրողների՝ ԱԺ-ում կազմակերպած բողոքի ակցիայի մասին պարոն Ուրիխանյանն ասաց. «Դրանում անիրավաչափ գործողություն չեմ տեսել: Կան լրագրողներ, որոնք ժողովրդի ալիքի հետ համահունչ պիտի գործեն, կան լրագրողներ, որոնք պիտի չեզոք լինեն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ