Սկսենք առաջին տարբերակից՝ Հայաստանն անդամակցում է Մաքսային միությանը (ներկայումս արագացված տեմպերով հենց այս գործրնթացն է տեղի ունենում): Այդ դեպքում Հայաստանն ընդամենը մեկ-երկու տարի անց կորցնելու է իր «ինքնիշխանությունը եւ վերածվելու է Ռուսաստանի ծայրագավառի, ու թող որեւէ մեկը հույս չունենա, թե մեր վիճակն այնպիսին կլինի, ինչպիսին, ասենք, Կալինինգրադի մարզինը։ Կալինինգրադի մարզը Ռուսաստան է, սահմանակից է Եվրոպային, ծովային ելք ունի եւ այլն, դրա համար էլ Ռուսաստանի ամենազարգացած մարզերից մեկն է, իսկ Հայաստանը դառնալու է ամենահետամնացը։
Ճիշտ է, սովից չենք մեռնի (Ռուսաստանի ներքին գներով ցորեն– բան կներմուծենք), խոպանչիները փող-բան կուղարկեն՝ յոլա կգնանք, բայց զարգանալը՝ հաստատ չենք զարգանա։
Հիմա՝ երկրորդ տարբերակը։ Հայաստանը հրաժարվում է Մաքսային միությանն անդամակցելուց։ Ասենք՝ Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե «բոլ էղավ-հերիք էղավ, մենք էլ արժանապատվություն ունենք, թույլ չենք տա նվաստացնել մեզ» ու «պասլատ» է անում Ռուսաստանի իշխանություններին։ Ի պատասխան՝ Ռուսաստանը սկսում է Հայաստանին գազ վաճառել եվրոպական գներով, մենք ի պատասխան ՍԴ որոշմամբ չեղյալ ենք հայտարարում գազային պայմանագրերը, «չորով» ազգայնացնում ենք «Գազպրոմի» ունեցվածքը եւ սկսում ենք գազ ներկրել Իրանից՝ թեկուզ կրկնակի բարձր գնով։
Ի պատասխան՝ Ռուսաստանում «չորով» սկսում են նեղել երկուսուկես միլիոն հայերին, մենք չեղյալ ենք հայտարարում հայ-ռուսական միջպետական պայմանագրերը եւ պահանջում հնարավորինս արագ ՀՀ տարածքից դուրս բերել ռուսական ռազմաբազան։
Կարդացեք նաև
Օգտվելով առիթից՝ Ադրրեջանն ամենայն հավանականությամբ փորձում է գրավել Ղարաբաղը, ու մենք փորձում ենք զենքի եւ զինամթերքի առկա պաշարներով պաշտպանել մեր տարածքները։ Կկարողանանք պաշտպանել՝ լավ, չենք կարողանա՝ ուրեմն ստիպված կլինենք մեր անկախությունը կերտել այնքան տարածքի վրա, որքանն ի վիճակի ենք ինքնուրույն պաշտպանել (համենայն դեպս Ղարաբաղն այսօր ինքնուրույն ենք պաշտպանում):
Զուտ ֆիզիկական գոյատեւման տեսանկյունից՝ երկրորդ տարբերակն, իհարկե, անհամեմատ ավելի բարդ է ու դժվարին։ Բայց ցանկացած ստրուկ ինչ-որ պահի կանգնում է այդպիսի երկընտրանքի առաջ:
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում