Հունվարի 1-ին Քանաքեռի ճանապարհի թիվ 8 հիվանդանոցում ծնվեց: Բերեցին տուն, տոնածառի տակ նկարեցին, նորամուտը նոր էին տոնել, խաղալիք չկար, մինչեւ հիմա էլ խունացած լուսանկարի վրա երեւում է, որ հայրը ճյուղերին միայն մանդարիններ ու կոնֆետներ էր կախել: Այդ նույն տարում մահացավ Ստալինը:
Կարճ շալվար, գրքեր, մանկապարտեզ: Վախեր՝ պահարանի հետեւում ինչ- որ սարսափելի բան կա, շա՛տ սարսափելի: Երեւի հենց այդտեղից էլ մնաց երջանկությունը խաթարող մշտական զգացումը՝ այս կյանքում ինչ-որ սարսափելի բան կա, մահը չէ, ավելի սարսափելի մի բան: Որ ինքը եկել է լույս աշխարհ շատ կոնկրետ առաքելությամբ ու կձախողի այդ առաքելությունը: Ու բոլորը կտեսնեն, որ չի կարողացել անել այն, ինչի համար ծնվել է: Ամոթալի մերկությամբ կկանգնի բոլորի առջեւ: Հետո արդեն դպրոցում կարդաց Ալեքսանդր Բլոկի մասին, որ պոետին ողջ կյանքի ընթացքում մոտավորապես նույն զգացումն էր հետապնդում՝ առջեւում ինչ-որ վատ բան է սպասվում:
«Երեք հրացանակիրներ», Ժյուլ Վեռն, Արթուր Կոնան Դոյլ, Ջոն Ափդայք, Ֆյոդոր Դոստոեւսկի, Ռեյ Բրեդբերի… Հետո արդեն անցավ չափածոյին, դա զարմանալիորեն համընկավ գարնան հետ, կամ միգուցե հակառակը՝ բոլոր սուր զգացմունքներն ավելի սրող ծիրանի ծաղիկների բույրը մղեց դեպի Տերյան ու Դուրյան, իսկ ո՞վ չգիտի, որ ապշած լճակն ու մթնշաղի անուրջները սահուն կերպով տանում են դեպի դպրոցական սեր:
Պայուսակը թողնելով ընկերոջ մոտ, ապրիլի միջով գնաց կանաչ գլխարկի հետեւից, կանգնեցրեց Օպերայի ծառերի տակ ու ասաց այն, ինչ ասում են: Սուտ էր, ասելուց անմիջապես հետո գիտակցեց, որ սուտ էր: Ավելի լավ էր՝ չլիներ: Ու զգաց, որ Ալբերտ Շվեյցերը սխալվում էր, երբ պնդում էր, թե «ես ինքս կյանքն եմ, որն ապրելու անհագ ծարավ ունի, եւ գոյություն ունեմ ապրելու ծարավ ունեցող կյանքում»: Ոչ մի անհագ ծարավ էլ գոյություն չունի, իսկ եթե նույնիսկ գոյություն ունի՝ դա ԿԱՆԱԶ¬ի գործարանի մոտի Ութնոց կոչվող ջրամբարի մազութոտ պղտոր ջուրը դրա հատակում խմելու ծարավն է:
Բայց գարունը բուժեց: Թե՞ ուսանողական պորտվեյնը: Ավելի շուտ՝ գարունը, պորտվեյնը եւ բանասիրականի աղջիկները՝ բոլորը միասին: Գարնանային հաճելի բուժման ընթացքը կտրուկ ընդհատեց գարնանային զորակոչը: Հետաքրքիր էր, անհասկանալի տղամարդկային խաղի նման: Հետո արդեն, երբ տարիներ անց Ֆեյսբուքում տեսավ, թե ինչպես են բանակում մի ժամ էլ չծառայած նախարարները հրճվում զինվորական համազգեստ հագնելիս, հիշեց, թե ինչպես ինքն էլ Բալթիկ ծովի ափին առաջին անգամ խեբե հագնելուց հետո նայեց հայելուն, տարօրինակ զգացում ունեցավ՝ իր կողմից կառավարվող կյանքն ավարտվեց, սկսվեց կյանքի պարտադիր հատվածը: Իրականում կյանքի ամենաանհոգ ժամանակաշրջանն էր՝ անհասկանալի ու ոչ մի վայրկյան հանգիստ չտվող առաքելության ծանր բեռը մնաց նախկին Օրանիենբայում, հիմա՝ Լոմոնոսով գեղեցիկ առափնյա քաղաքի հետեւակային ստորաբաժանման դարպասների առջեւ: Ամբողջ երկու տարով:
Կարդացեք նաև
Երկու տարվա երջանկություն Օրանիենբայում, այսինքն, գեմաներեն Նարնջի ծառ կոչվող քաղաքում, որը ռուս կայսրերի ամառային նստավայրն էր: Չհաշված՝ ցրտահարության պատճառով հեռացված միջնամատը եւ 15 օրվա գուբախտը Կրոնշտադտ կղզում Պետրոս Առաջինի կառուցած մութ ու ցուրտ միջնաբերդում:
«Փառք Սովետական Միության Կոմունիստական կուսակցությանը»: Սրա վրա երբեք ուշադրություն չէր էլ դարձնում, մինչեւ բանակից հետո խմբագրությունում աշխատանքի չընդունվեց: Վերադարձավ առաքելության ծանր բեռը, որը թողել էր բանակային դարպասների դիմաց: Բրեժնեւին, Անդրոպովին, Չեռնենկոյին եւ Ուստինովին հանձնում էր թերթի էջերին, իրականում աշխատում էր ապրել Լեոնիդ Ենգիբարյանով եւ «Արարատ-73»¬ով: Բայց երբ Արմեն Մերուժանյանենց տանը Օկուջավայի երգերն էին երգում ու Սոլժենիցինի գրքերը թաքուն միմյանց փոխանցում, հիշում էր, որ Սախարովը տնային կալանքի տակ է, Բուկովսկին, Հայրիկյանը ու էլի շատ շատերը նստած են: Նրանք հաստատ իրենց առաքելությունը կատարում էին, իսկ իր առաքելությունը նահանջում էր՝ Պապլավոկում երկու շշից հետո:
«Մի-ա-ցում»-ին ու «Ղա-րա-բաղ»-ին հետեւած «լույսը տվին»-ի տարիներին առաքելության մասին մտածելը դագաղի նման սառն անկողնում ընդհանրապես ծիծաղելի էր: Մի փոքր օգնում էր պաշտպանության նախարարությունում աշխատելու պատրանքը: Թեեւ այդ պատրանքն էլ հօդս էր ցնդում, երբ Սպայի տան դահլիճից հերթական անգամ սգո թափորը գերեզմանատուն էր տանում հայտնի հրամանատարներին: «Իսկ դու Աշտարակի խճուղու քո առանձնասենյակում նստած ես: Մի բուխանկա էլ հաց ես տանում տուն»:
Գարնանը հրանոթները վերջապես լռեցին, իսկ քիչ հետո սկսվեց նրա լոսանջելեսյան ամառը արմավենիների տակ: Թվում էր, թե առաքելությունը մնաց «Զվարթնոցում»՝ շատ ծանր էր, փառք Աստծո, ու չթողեցին անցկացնել ինքնաթիռ, ինչի համար միայն ուրախ էր: Բայց կալիֆոռնիական հեռուստաստուդիայում էլ հանգիստ չկար: Անընդհատ այցելում էին դարերի մշուշից ելած նարինջ ըմբոշխնողները ու ներկայացնում Տեսլականը, որը հայաստանյան իրականությունից հեռու էր ճիշտ այնքան, որքան հնամաշ նետը ճոճող այդ բիձուկների բարեկեցիկ կյանքն էր հեռու՝ Երրորդ մասում մի վառարանի շուրջ խմբված իրենց հայրենակիցների առօրյայից:
Կյանքի ամառն անցնում էր ու տարիների ընթացքում հետզհետե սկսեց վերադառնալ առաքելությունը, կարծես Հայաստանից արտագաղթածների ամեն խումբ իր հետ բերում ու Վեննայսի նրա մեկսենյականոց բնակարանի դռան դիմաց թողնում էր դրա մի մասնիկը, թեեւ ինքը երբեք հայրենիքից որեւէ բան բերել չէր խնդրել, մանավանդ՝ առաքելությունը:
Երեւանցի նախկին դասընկերը, որը նույնիսկ Ատլանտյան օվկիանոսի վրայով կարողանում էր գուշակել նրա ահագնացող առաքելական տրամադրություններն ու մտքերը, էլեկտրոնային փոստով գրեց. «Դու հարցնում ես՝ ինչպիսին է հիմիկվա Հայաստանը: Այսպես բնորոշեմ՝ կոռումպացված ու մոնոպոլիզացված ճահիճ, որտեղ իշխում են բացառապես սեփական շահը հետապնդող մի խումբ պատահականներ, որոնց մտավորական կարողությունները եւ կառավարելու ունակությունները գոնե ինձ մոտ շատ մեծ կասկած են հարուցում: Կգա՞ս»:
Եկավ աշունը, ու նա եկավ: Ճահճային կյանքն իրականում այնքան էլ տխուր չէր: Ճիշտ է, աշխատավարձը, որն առաջարկում էին տարբեր խմբագրություններում, ծիծաղելի էր, բայց պոմիդորը, պանիրն ու դեղձը՝ անմահական: Ջիփերով իր վրա քշողների դեմքերը եւ մանավանդ պարանոցները ճահճային պայմանների համեմատ չափազանց պարարտ էին, բայց գոնե հայհոյում էին մաքուր հայերենով, ինչն արդեն հաճելի էր: Բայց ամենից հաճելին այն էր, որ ճահիճը բավական ժողովրդավարական էր, համենայնդեպս, շատ հստակ գործում էր Հայդ փարքի սկզբունքը՝ հայհոյիր, ում ուզում ես եւ որքան ուզում ես: Մի խոսքով, ճահիճ՝ առանց սահմանների: Միայն հեղափոխություններն էին խստիվ արգելված՝ նման փորձ անողներին անմիջապես տանում էին հոգեբուժարան, որովհետեւ իշխանավորների մտքով անգամ չէր անցնում, որ բանական մարդը կարող է փորձել համատարած բարգավաճ ճահճում հեղափոխություն անել:
Աշնան վերջին նա սկսեց բոլորի նման ամփոփվել: Այլեւս չէր գնում Ազատության հրապարակ, այլ տանը նստած շատ հանգիստ դիտում էր հեռուստացույցով, թե ինչպես է երկրի առաջնորդը ընդունում այս կամ այն աֆրիկյան երկրի դեսպանին եւ խրոխտ դեմքով ցուցումներ տալիս տարբեր գերատեսչությունների ղեկավարներին, որոնք լուռ ու հնազանդ գրի էին առնում նրա ամեն մի բառը: Դա բարի կարոտաբաղձություն էր առաջացնում նրա հանդարտված ու ամեն ինչի հետ համակերպված հոգում՝ ուզում էր հիշել, թե ով ումից հետո եկավ՝ Չեռնենկոն Ուստինովի՞ց հետո, թե՞ հակառակը…
Այդպես աննկատ վրա հասավ երեւանյան ձմեռը: Նա լսում էր, թե ինչպես են նախարարներն ամփոփում տարին, եւ ինքն էլ փորձում էր ամփոփել իր կյանքը: Բայց ինչ-որ բան չէր ստացվում, ինչ-որ բան պակասում էր լիովին ամփոփվելու համար: Ու երբ եկավ շտապօգնությունը եւ տարավ Քանաքեռի ճանապարհին գտնվող թիվ 8 հիվանդանոց, սպիտակ սավանին պառկած նա հանկարծ մտաբերեց՝ «Առաքելությունը…»: Վերջին ձայնը, որը հասավ նրա ականջին, նորածին երեխայի ճիչն էր հիվանդանոցի մյուս մասնաշենքից… Ծնվեց մի նոր առաքելություն…
ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ