Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Գործող իշխանության դեմ պայքարը հաջողությամբ կպսակվի»

Դեկտեմբեր 24,2013 14:01

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանի համոզմամբ՝ այդպես կլինի,  եթե «միաժամանակ ռուսական գաղութատիրության դեմ պայքար ընթանա»

– Պարոն Գրիգորյան, ԱԺ-ում հայ-ռուսական պայմանագրերի ընդունման գործընթացը ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ՝ հասարակական բողոքներ կարո՞ղ են ծավալվել: Բացի այդ, ինչպե՞ս եք վերաբերվում «ՀայՌուսգազարդի» հետ գործարքի առիթով խորհրդարանական ուժերի դիրքորոշմանը:

– Առավել ամոթալի է, որ Հայաստանը միակ երկիրն է, որ ինքնիշխանությունը հանձնելու փաստի առաջ է կանգնել, ու անգամ ընդդիմադիր ուժերի մեծ մասը ռուսական կայսերապաշտական ծրագրերի դեմ հանդես չի գալիս, մինչդեռ խոսքը դե ֆակտո բռնակցման մասին է, եւ միայն գործող իշխանության դավաճանական էությամբ չէ, որ պայմանավորված է ներկայիս վիճակը: Իհարկե, «ՀայՌուսգազարդի» 20% բաժնեմասի օտարման գործընթացն առավել ընդգծեց իշխանավորների ոչ պրոֆեսիոնալիզմը, մորթապաշտությունը եւ հանցավորությունը. բավական է հիշել թեկուզ էներգետիկայի նախարարի սուտը՝ Իրանից գազ ներկրելու առաջարկի վերաբերյալ, կառավարության աշխատակազմի ղեկավարի՝ նախկին ֆինանսների նախարարի անտեղյակությունը 300 միլիոն դոլարանոց պարտքի մասին եւ իհարկե՝ «ՀայՌուսգազարդի» բաժնեմասին վերաբերող պայմանագրի ամբողջական բովանդակությունը: Գուցե այդ պայմանագրի վավերացման գործընթացը նպաստի բողոքի գործողությունների ընդլայնմանը, բայց մի՞թե սեպտեմբերից մինչ այժմ պետք էր սպասել՝ նախքան լայնածավալ բողոքի գործողություններ սկսելը: Բացի այդ, մասնավորապես խորհրդարանական ուժերը պետք է հստակ հասկանան, որ գործող իշխանության դեմ պայքարը որպեսզի հաջողությամբ պսակվի, պետք է միաժամանակ ռուսական գաղութատիրության դեմ պայքար ընթանա: Ավելին՝ իշխանափոխության հայտ ներկայացնող ուժերը վստահության են արժանի միայն Ռուսաստանի հետ հարաբերությունների ողջ համակարգը վերանայելու պատրաստակամության մասին հստակ դիրքորոշման առկայության դեպքում:

– Հետխորհրդային տարածքի երկրներում դիրքորոշման փոփոխություն Ռուսաստանի նկատմամբ կարո՞ղ է տեղի ունենալ՝ հիմք ընդունելով Մոսկվայի կոշտ քաղաքականությունը նախկին խորհրդային երկրների նկատմամբ:

– Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումը հստակ է. բոլորի համար նախընտրելի կլիներ, որ Ռուսաստանը լիներ ժողովրդավարական երկիր եւ վստահելի գործընկեր. այդպիսով կայունություն կապահովվեր եւ տնտեսական զարգացման լավ հնարավորություն կստեղծվեր: Ի դեպ, ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագիր կնքող երկրները չեն զրկվում նաեւ այլ երկրների հետ երկկողմ ազատ առեւտրի պայմանագրեր կնքելու հնարավորությունից՝ ի տարբերություն Մաքսային միության: Այսինքն՝ հետխորհրդային երկրների մերձեցումը ԵՄ-ին Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության խոչընդոտ հանդիսանալ չի կարող եւ շահավետ կլիներ բոլոր կողմերի համար:

Սակայն պուտինյան վարչախումբը միջպետական հարաբերությունները դիտարկում է որպես զրոյական արդյունքով խաղ, որում բոլորը շահել չեն կարող: Կայսերապաշտական տեսանկյունից հետխորհրդային երկրների լիարժեք ինքնիշխանությունը, ժողովրդավարացումը եւ տնտեսական զարգացումը հակասում են Ռուսաստանի շահերին: Արդյունքում՝ Ուկրաինայի եւ Մոլդովայի դեմ «առեւտրային պատերազմ» է ծավալվել (կարելի է նաեւ հիշատակել Դ. Ռոգոզինի՝ մոլդովացիներին ուղղված սպառնալիքները եւ բազմաթիվ այլ իրողություններ), Վրաստանը մնում է ագրեսիայի վտանգի ներքո, Հայաստանը նույնպես ուժեղ ճնշումների ենթարկվեց, սակայն մեր պարագայում առավել մեծ դեր է խաղացել ներսում ռուսական գործակալների ահռելի քանակը եւ ազդեցությունը:

Ռուսաստանյան վարչախմբի գործելաոճը պարտադրում է, որ հետխորհրդային երկրներն ու նաեւ միջազգային հանրությունը հստակեցնեն դիրքորոշումները. այդ առումով ուկրաինացիների ընդվզումն առավել կարեւոր է, քանի որ այն ԵՄ-ի անդամներին եւ ԱՄՆ-ին ուղղակի ստիպել է դիրքորոշում արտահայտել՝ ոչ միայն պրագմատիկ հաշվարկները, այլեւ արժեքները հաշվի առնելով: Կարեւոր եւ բնական է, որ ԵՄ-Ուկրաինա-Ռուսաստան եռակողմ բանակցությունների պուտինյան առաջարկը մերժվեց. այն պարզունակ ծուղակ էր, քանի որ այն ընդունելը վատ նախադեպ կստեղծեր. դա կնշանակեր համաձայնվել, որ հետխորհրդային երկրները լիարժեք ինքնիշխան պետություններ չեն եւ պարտավոր են ստանալ Ռուսաստանի համաձայնությունը՝ արտաքին հարաբերությունների վերաբերյալ որոշումներ կայացնելիս: Ի դեպ, դեռեւս տարիներ առաջ առիթ էր եղել նշելու, որ հետխորհրդային երկրների գործերին միջամտելու ՌԴ ղեկավարության հավակնությունները նման են «Բրեժնեւի դոկտրինի» նորացված տեսակին՝ առայժմ մեծ մասամբ ոչ թե ռազմական միջամտության, այլ գործակալական ցանցերի եւ տնտեսական լծակների կիրառմամբ:

Վրաստանի եւ Մոլդովայի հետ Ասոցացման պայմանագրերի ստորագրումն արագացնելու մասին Հ. Վան Ռոմպեյի հայտարարությունը նույնպես Մոսկվայի քաղաքականությանը հակազդելու անհրաժեշտության գիտակցման արդյունք էր: Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանն ուժեղացնելու է ճնշումը Մոլդովայի նկատմամբ, ինչի համար մի քանի լծակներ գոյություն ունեն: Վրաստանում իրավիճակն այլ է, քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը հստակ կողմնորոշված է դեպի ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ հետագա մերձեցում, եւ հասարակական կարծիք փոխելու միջոցով Մոսկվան հաջողության հասնել չի կարող: Չի կարելի, սակայն, բացառել սադրանքների եւ ուժային միջամտության տարբերակը. այս առումով բավական մտահոգիչ է նաեւ Հայաստանում ռուսական ռազմական ներկայության ընդլայնումը, իսկ Սոչիի օլիմպիադային հաջորդող ժամանակահատվածը կրիտիկական է լինելու:

– Եվրոպական կառույցների գործելաոճի վերաբերյալ առկա դժգոհությունների մասին ի՞նչ կարծիքի եք:

– Թե եվրոպական կառույցները, թե ԱՄՆ-ը քննադատության ենթակա են, անշուշտ: Սկսենք հայաստանյան իրողություններից. չնայած համատարած կոռուպցիային, քաղաքացիական իրավունքների եւ ազատությունների ոտնահարումներին, բռնաճնշումներին, կեղծված ընտրություններին, անգամ մարտի 1-ի սպանություններին՝ Հայաստանի իշխանությունների նկատմամբ անհրաժեշտ կոշտ դիրքորոշումը չցուցաբերվեց: Հիմա դրա պատճառներից միայն մեկը նշեմ. Արեւմուտքում լուրջ էին վերաբերվել Ս. Սարգսյանի հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ցանկությանը: «Ֆուտբոլային դիվանագիտության» առաջարկով եւ դրան հաջորդած գործողություններով Ս. Սարգսյանն Արեւմուտքում «առաջադեմ» գործչի համբավ ձեռք բերեց: Դեռեւս շուրջ չորս տարի առաջ նշել էի, որ «ֆուտբոլային դիվանագիտության» առաջարկն արվեց Մոսկվայից ստացված խորհրդով՝ հատուկ Ս. Սարգսյանի իշխանության միջազգային լեգիտիմացման, ոչ թե հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու նպատակով: Ի վերջո, «ֆուտբոլային դիվանագիտության» արդյունքում հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու փոխարեն նոր բարդություններ առաջացան, իսկ 2010թ. երկարաձգվեց ռուսական ռազմակայանի տեղակայման պայմանագրի ժամկետը՝ ինչպես եւ պլանավորված է եղել:

Կոնկրետ Ասոցացման պայմանագրի ստորագրման գործընթացի համատեքստում եվրոպական կառույցների կողմից կոպիտ սխալ թույլ տրվեց. Ուկրաինայի հետ պայմանագրի ստորագրումը, իսկ մնացած Արեւելյան գործընկերներից յուրաքանչյուրի հետ նախաստորագրումը պետք էր իրականացնել հնարավորինս արագ՝ բանակցային գործընթացների ավարտից անմիջապես հետո: Դա չանելու արդյունքում Ռուսաստանն առավել արդյունավետ կերպով մանեւրելու հնարավորություն ունեցավ: Պատճառը, հավանաբար, եվրոպացի պաշտոնյաների սերն է մեծ, հանդիսավոր արարողությունների նկատմամբ՝ ինչպիսին Վիլնյուսի գագաթնաժողովն էր: Այդպիսի արարողությունները կարող են փիառի հիանալի հնարավորություն ստեղծել, եւ պետք չէ մոռանալ, որ 2014թ. տեղի են ունենալու Եվրոպական խորհրդարանի ընտրություններ ու Հանձնաժողովի նոր կազմ է ձեւավորվելու, իսկ ցանկացած բյուրոկրատական կառույցի ու դրա պաշտոնյաների առաջնային նպատակը վերարտադրությունն է: Ինչեւէ, արդյունքում թանկարժեք ժամանակը բաց թողնվեց, իսկ փիառն այնքան էլ հաջող չստացվեց:

Պետք չէ նաեւ մոռանալ, որ Արեւմուտքում եւս կան իրենց «պրագմատիկ» համարողներ, ում համար առաջնայինը ոչ թե արժեքային համակարգն է, այլ կոնկրետ շահերը, մասնավորապես՝ երբ խոսքը ռուսական, հայկական կամ այլ կոռումպացված (եւ Մ. Խոդորկովսկու բնորոշմամբ՝ կոռուպցիա արտահանող) ռեժիմի հետ հարաբերությունների մասին է: Վերը նշված բոլոր հանգամանքները, սակայն, չեն նշանակում, որ Արեւմուտքից հիասթափվել է պետք կամ նեղացածի կեցվածք ընդունել:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Կարծու՞ մ եք թե արևմուտքն այնքան միամիտ էր, որ պետք է մեծ օգնությու՞ն ցույց տար 2008թ- ից սկիզբ առած շարժմանը, այն դեպքում երբ ԼՏՊ-ն ամենայն հավանականությամբ կատարում էր կրեմլի պատվերը, որը ապացուցում է ՀԱԿ ներկայիս պահվածքը:Նա օգնեց այնքան որքան անհրաժեշտ համարեց, այն էլ կարծում եմ արվեց պայքարող քաղաքացիների համար:Կարծում եմ արևմուտքը ռուսական КГБ – ից պակաս հնարավորություններ չուներ, որ չիմանար, թե՝ ՀԱԿ ղեկավարությունը զբաղեցնում է մեր ժողովրդին ու ընդիմադիր դաշտի տեղը, ռուսական ծրագրերի իրագործման ու դրանց հետագայում սկուտեղի վրա Սեռժի միջոցով ռուսներին մատուցելու համար: Հիմա արդեն պարզ է դառնում, որ ԼՏՊ-ի օգտին տված ձայների բյուլետենների տրձակը ինչու կամովին դրեցին Սեռժին ձայն տվածների բյուլետենների վրա: ԼՏՊ-ն անցնելով բարգավաճի կողմը փաստորեն տարակուսանքի մեջ թողեց շարժմանը նվիրված ՀՀ քաղաքացիների մի զգալի մասին: Քաղաքական սպեկտրը ամբողջությամբ իրենց կառավարման տակ պահելու ռուսական ծրագիրը իրագործված է փայլուն ձևով: Վկան մաքսային միությունը: ԼՏՊ- ն կանխեց Երևանյան մայդանը ջաղջախելով ու ցանք ու ցրիվ անելով շարժումը: Անկախության թևերի վրա գալով ասպարեզ, օգնեց ավարտին հասցնել Ռոբի կիսատ թողած գործը՝ անկախությունը վերջնականապես հանձնվեց ռուսներին:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031