Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Առաջին հերթին մեր տնտեսական շահն է ցույց տալիս մեր տնտեսական կողմնորոշումը» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 24,2013 14:12

Հարցազրույց տնտեսագետ, Վերահսկիչ պալատի նախկին  նախագահ Աշոտ Թավադյանի հետ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանի ղեկավարած տնտեսագետների խումբը հետազոտություն է անցկացրել՝ պարզելու համար, թե ո՞ր տարբերակն է Հայաստանի համար տնտեսապես նախընտրելի՝ Մաքսային միությանն անդամակցությո՞ւնը, թե՞ ԵՄ հետ Խորը եւ համապարփակ առեւտրի եւ Ասոցացման համաձայնագրերի կնքումը:

Այդ հետազոտությունների արդյունքում տնտեսագետների խումբը եզրակացրել է, որ Հայաստանի տնտեսության համար Մաքսային միությանն անդամակցությունը ավելի ձեռնտու է:

«Առավոտի» հետ զրույցում պարոն Թավադյանը մեկնաբանեց. «Մենք հաշվարկեցինք ռիսկերը Ասոցացման ճանապարհով գնալու դեպքում: Եվ տեսանք, որ բավականին լուրջ պրոբլեմներ կան այդ ճանապարհին: Իհարկե, փորձագետները գնահատել էին նաեւ դրական ազդեցությունը, այն է՝ 146 մլն ԱՄՆ դոլար պիտի մտներ Հայաստան՝ երկարաժամկետ կտրվածքով: Սակայն մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դա այն պարագայում կլիներ, եթե բացվեր Թուրքիայի սահմանը, սակայն դա չի լինի մոտ ապագայում՝ մենք դա գիտենք: Երկրորդը արտահանման հարցն է: Մենք հիմնականում Եվրոպա ենք արտահանում ռեսուրս՝ հանքանյութեր, բայց ռեսուրս արտահանելու համար որեւէ ինտեգրացիա պետք չէ, ինտեգրացիայի միջոցով պատրաստի արտադրանքն են արտահանում: Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի փորձը ցույց է տալիս, որ ռեսուրս արտահանելու համար որեւէ ինտեգրացիայի կարիք չկա, անգամ Իրանն է կարողանում առանց սանկցիաները հաշվի առնելու՝ ռեսուրս արտահանել: Պետք է արտահանել պատրաստի արտադրանք, որտեղ ավելացված արժեքը շատ բարձր է, որպեսզի մարդիկ կարողանան աշխատել»:

Աշոտ Թավադյանը շեշտում է, որ Մաքսային միությանն անդամակցելու արդյունքում սպասվող գազի գնի իջեցումից մեր պետությունը շահելու է մոտավորապես 140 մլն դոլար՝ ամեն տարի, հինգ տարվա ընթացքում մոտ 800 մլն դոլար. «Իհարկե, մենք մեր հասարակությանը պետք է հստակ բացատրենք, թե ուր են գնալու այդ միլիոնները: Այդ գումարները հստակ պետք է ցույց տրվեն հասարակությանը, ընտրողներին, որպեսզի մարդիկ հասկանան, որ այո՛, այ սա մեր օգուտն է՝ թոշակների բարձրացում, աշխատավարձերի բարձրացում, որը սպասվում է նոր տարուց՝ մոտ 40%, միգուցե դա՞ է հիմք ծառայել»:

Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու պարագայում, ըստ Թավադյանի խմբի ուսումնասիրությունների, մենք այլ ռիսկի առաջ էլ կկանգնեինք. «Հաջորդ ռիսկը գազի գնի բարձրացումն էր, որը կհասներ 400 դոլարի, եւ տարեկան կունենայինք մոտ 250 մլն դոլարի կորուստ, 5 տարում՝ 1 միլիարդից ավելի կորուստ: Կար նաեւ այլ ռիսկ՝ սահմաններին կարող էր ուժեղացվել վերահսկողությունը ապրանքների նկատմամբ: Դա բնական է, որովհետեւ Ռուսաստանին ձեռք կտար այդ պարագայում զարգացնել կոնյակագործությունը Դաղստանում, քան ներկրել հայկական կոնյակ»: Այդուհանդերձ, պարոն Թավադյանը շեշտում է, որ պետք է գտնել ոսկե միջինը՝ ե՛ւ աջակցել տեղական արտադրողին, ե՛ւ սպառողի՝ բարձրորակ ապրանք ունենալու պահանջարկը բավարարել: Դրա համար, ըստ Ա. Թավադյանի, պատրաստի ապրանքների տարիֆները որոշելիս պետք է հստակ եւ համարձակ բանակցել Մաքսային միության հետ եւ ոչ թե անել այնպես, ինչպես մտանք Առեւտրի համաշխարհային կազմակերպություն, երբ ամեն ինչ արվում էր «որքան հնարավոր է՝ շուտ լինի» սկզբունքով. «Ոչ թե շուտ լինելն է կարեւոր, այլ մեր շահը»:

«Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում սահմանների վրա խնդիրը, եթե Վրաստանը ստորագրի Ասոցացման համաձայնագիրը, իսկ մենք միանանք Մաքսային միությանը: Աշոտ Թավադյանը լավատես էր. «Մենք որեւէ պրոբլեմ չենք ունենա, որովհետեւ ե՛ւ Վրաստանը, ե՛ւ Հայաստանը շահագրգռված են հյուսիսային շուկայով: Զարմանալի բան է. Վրաստանը 47% արտահանում է ԱՊՀ, իհարկե, այդ թվում՝ Ադրբեջան, իսկ երբ ՌԴ հետ հարաբերությունները մի քիչ տաքացան, այդ թիվը արագորեն հասավ 55%-ի, ԱՄՆ արտահանում է 4%, նույնքան Գերմանիա, այնքան, ինչքան Հայաստան՝ 4%, որը ԱՄՆ-ից 100 անգամ է փոքր, Գերմանիայից՝ 30 անգամ: Ուզում եմ ասել՝ առաջին հերթին մեր տնտեսական շահն է ցույց տալիս մեր տնտեսության ուղղվածությունը: Բնական է, որ Վրաստանի, ինչպես նաեւ մեր տնտեսական շահը՝ արտահանել պատրաստի արտադրանք, որովհետեւ դա նաեւ ներսում գործազրկության խնդիր է լուծում, դա Ռուսաստանի հետ կապերն են: Այստեղ, իհարկե, որոշակի, քաղաքական առումով ինքնիշխանության հետ կապված խնդիրներ կարող են լինել՝ սա այլ հարց է: Բայց դու տնտեսական հնարավորություններդ ես մեծացնում եւ լուծում ես հետեւյալ խնդիրները՝ ավելի մեծ տեմպերով ՀՆԱ-ի աճ՝ կապված արտահանման եւ ներմուծման աճի հետ, լուծվում է նաեւ զբաղվածության խնդիր, իսկ դա մեզ համար առաջնահերթ կարեւորություն ունի: Իսկ ինչ վերաբերում է Վիլնյուսում մեր ստորագրած պայմանագրերին, ապա դուք կտեսնեք, որ կոռուպցիայի դեմ պայքարի, դատական համակարգի զարգացման, մարդու իրավունքի խնդիրների համար Հայաստանը կստանա նույն օգնությունը, ինչ որ Վրաստանը: Որովհետեւ այդ խնդիրները երկիրն ինքնուրույն է լուծում: Գիտեք, որ կոռուպցիայի դեմ պայքարի առումով Վրաստանը ահագին առաջ քայլ է արել՝ իր ներքին աշխատանքի հաշվին՝ չլինելով ինտեգրված որեւէ միության: Չի կարելի սպասել, որ դրսից կգան եւ քաղաքական կամ մարդու իրավունքների խնդիրները կլուծեն: Եվ հետո՝ գիտե՞ք, կարող է՝ մենք ստորագրեինք Ասոցացման պայմանագիրը եւ դրա համար մեզ բարձր գնահատականներ տային: Մենք ասեինք, որ մեզ մոտ լավ չի վիճակը իրավունքների բնագավառում եւ այլն, բայց իրենք դրական գնահատեին: Մենք դա տեսել ենք, որ դրսի գնահատականը մեր գնահատականին չի բռնում»:

Պարոն Թավադյանը մի քանի անգամ շեշտեց, որ հարցն այն չէ, թե ինքն անձնապես ի՞նչ մոտեցում ունի Հայաստանի կողմնորոշման հարցին, այլ «այն տնտեսամաթեմատիկական վերլուծությունը, որը կատարել են՝ փորձելով լինել իսկապես օբյեկտիվ, ցույց է տվել, որ Հայաստանը տնտեսապես կշահի, եթե ընտրի Մաքսային միության ճանապարհը»:
«Եվրոպան շատ լավ է, բայց արտահանում չկա դեպի Եվրոպա, զբաղված է եվրոպական շուկան, իսկ Ռուսաստանում մեր բրենդները ճանաչում են, եւ հնարավորություն կա արտահանումը զարգացնելու: Ռուսաստանն էլ իր հերթին իր աշխարհաքաղաքական եւ անվտանգության խնդիրներն է լուծում՝ մեզ համար շատ լավ է, որ իրենց այդ խնդիրները համընկնում են մեր տնտեսական շահերի հետ: Իսկ եթե մենք լուծենք մեր ներքին խնդիրները՝ կապված կոռուպցիոն ռիսկերի նվազման, մարդու իրավունքների ոլորտում իրավիճակի բարելավման հետ, ապա ավելի հետաքրքիր եւ ծանրակշիռ կդառնանք նաեւ Եվրոպայի համար»:

Տնտեսագետը գտնում է. «Երկիրը պետք է ճկուն լինի՝ ֆլեքսիբլ, կարողանա ամեն տեղից իրենը վերցնել: Վրաստանում էլ, կարծում եմ, մեզանից ոչ պակաս խելոք են, եւ իրենք կաշխատեն մեր հնարավորություններն օգտագործել դեպի հյուսիս, մենք էլ կաշխատենք Վրաստանի հնարավորություններն օգտագործել դեպի ԵՄ: Ուկրաինացիներն այս ամենը մի քիչ ուշ հաշվարկեցին եւ ընկան պատմությունների մեջ: Իրենց թվում էր, թե իրենք նույն օգնությունը կստանան, ինչ որ Լեհաստանը՝ ԵՄ անդամ երկիրը, որը միայն 5 տարվա ընթացքում ստանալու է 70 մլրդ եվրոյի օգնություն՝ 38 մլն բնակչության համար, եթե պրոյեկտենք Հայաստանի վրա՝ կստացվի տարեկան 1 մլրդ եվրո օգնություն: Եթե մենք այդքան ստանայինք, դա, ճիշտ է, մեր անվտանգության խնդիրները չէր լուծի, բայց գոնե գազի գնի հարցը կլուծեինք եւ ոչ միայն՝ արտահանման հետ կապված որոշ խնդիրներ կլուծեինք: Թեեւ էլի լավ սցենարներ չեմ տեսնում, որովհետեւ եթե տնտեսությունդ զարգացնում ես միայն ներքին շուկայի հաշվին, իսկ փող ես ստանում որպես տրանսֆերտ, գրանտ, վարկ՝ դա մի բան է, եւ շատ ավելի լավ է, եթե կարողանում ես արտահանման աճի, պատրաստի արտադրանքի հաշվին զարգացնել տնտեսությունդ: Դա ուրիշ ռեզերվ է»,- ասում է տնտեսագետը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031