Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանի բժշկական կենտրոնի աշխատակիցները բողոքի նամակ են գրել Սերժ Սարգսյանին

Դեկտեմբեր 24,2013 11:15

Դեկտեմբերի 28-ին Տավուշի մարզպետարանում պետք է կայանա «Դիլիջանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի թափուր տեղի համար մրցույթ: Մեր տեղեկություններով՝ առողջապահական այդ հիմնարկության տնօրենի պաշտոնին հավակնում են Դիլիջանի բժշկական կենտրոնի տնօրեն Սիլվա Պետրոսյանը եւ Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Արթուր Ռոստոմյանը:

2013թ. Դիլիջանում բացվեց առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանին պատկանող «Տավուշ» բժշկական կենտրոնը: Այն գործարկվեց Դիլիջանի նախկին պոլիկլինիկայի շենքում: Այդ կենտրոնն իր այցելուներին հետազոտելուց հետո հետագա բուժման համար, սովորաբար հասցեագրում է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դիլիջանի բժշկական կենտրոնի աշխատակիցները մեզ հայտնեցին՝ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը չի ցանկացել, որ Սիլվա Պետրոսյանը մասնակցի Դիլիջանի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնի համար մրցույթին: Դիլիջանի բժշկական կենտրոնը կրում է Սիլվա Պետրոսյանի վաղամեռիկ ամուսնու՝ ավտովթարից զոհված Վլադիմիր Ավանյանի անունը: Վերջինս 1989-2007 թվականներին հաջողությամբ ղեկավարել է Դիլիջանի հիվանդանոցը:

Սիլվա Պետրոսյանը չցանկացավ պատասխանել մեր հարցերին, ասելով միայն, որ ինքը անհրաժեշտ փաստաթղթեր է ներկայացրել առաջիկա մրցույթին մասնակցելու համար:

Դիլիջանցիները մեզ հայտնեցին, որ Հարություն Քուշկյանը հողատարածքներ ունի Դիլիջան քաղաքում, դեպի Պարզ լիճ տանող ճանապարհին, առանձնատուն է կառուցել Դիլիջան քաղաքին մերձակա Թեղուտ գյուղում:

Դիլիջանի բժշկական կենտրոնի աշխատակիցները առողջապահական այդ հիմնարկության ճակատագրի հետ կապված բողոքի նամակ են ուղարկել Սերժ Սարգսյանին: Վերջինս իր նախընտրական այցի ժամանակ, 2013 թվականի հունվարի 26-ին մասնակցել է Հարություն Քուշկյանին պատկանող «Տավուշ» բժշկական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը:

Դիլիջանում շատերը տեղի բժշկական տնօրենի պաշտոնի համար առաջիկա մրցույթի արդյունքը կանխորոշված են համարում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Ashot says:

    Քանի դեռ Տավուշի մարզային առողջապահության վարչությունը ղեկավարվում է կիսագրագետ անձի կողմից,քանի դեռ Տավուշի ակադեմիկոս մարզպետը մտածում է միայն իր գրպանը լցնելու մասին,քանի դեռ մարզում առաջատար դեր ու նշանակություն ունեն ոչ համապատասխան որակավորում ունեցող մարդիկ՝ վիճակը լինելու է ողբալի:Դիլիջանի բժշկական կենտրոնի աշխատակիցներին էլ մաղթում եմ հաջողություններ՝ իրենց իրավունքները պաշտպանելու գործընթացում/եթե իհարկե նրանց որևէ բան կհաջողվի իրականացնել այս անպատժելի մարզպետի առկայության պարագայում/:

  2. Es says:

    Փառք Աստծուն,որ Ձեր նման չկայացած և կոմպլեքսների մեջ թաղվածների կարծիքը ժողովուրդը հաշվի չի առնում և նրանք մարդուն գնահատում են իր գործերով, իսկ “կիսագրագետ” վարչության պետը բացարձակ խնդիր չունի, քանի որ կառչած չէ ոչ պաշտոնից, ոչ էլ աթոռից: Նա իր ուրույն տեղն ունի իր հարազատ քաղաքում և հասարակության մեջ:Իսկ ինչ վերաբերվում է “ակադեմիկոս”-ին, ապա, ինչպես ասում էին մեր պապերը “Քարավանը գնում է, իսկ շները հաչում են: Սակայն քարավանը կանգ չի առնում”…

  3. Suren says:

    Մեր երկրի բոլոր անհաջողությունները կապված են կիսագրագիտության,անգրագիտության և մեծամտությունների հետ:Այ,դրա համար էլ որևէ խնդիր կանոնակարգված լուծում չի ստանում:Իսկ շների հաչոցիչ մի օր արդարությունը կվերականգնվի:

  4. Aram says:

    Որքանով հայտնի է Դիլիջանի ԲԿ-ն ֆինանսական լուրջ խնդիրներ ունի, որոնք մեկ ամսում չէ, որ առաջացել են: Եթե Տավուշի մարզպետը չեր ցանկանում, որպեսզի գործող տնօրենը մրցույթին մասնակցի ու այլ նպատակներ չուներ, ապա իր բանիմաց և գրագետ վարչության պետի միջոցով գործընթացին ժամանակին կմիջամտեր: Իսկ ինչ վերաբերվում է քաղծառայության քննությունները պարբերաբար ձախողած և միջնորդություններից հետո հանձնած, աթոռից ու պաշտոնի չկառչած առողջապահության վարչության պետին, ապա իրոք որ հարազատ քաղաքում նա իր ուրույն տեղն ունի՝ մարզպետի կամակատար, ինքնուրույն գործելու իրավունքից զրկված:

  5. karine says:

    ,,Քարավանը գնում է,իսկ շները հաչում են…,,:Իրականում դա ոչ թե քարավան է,այլ շնագայլերի
    ոհմակ/կամ ինչպես կասեր Ջեյմս Ջոյսը,-դա մի խոզ է,որ լափում է իր զավակներին/,իսկ իսկական
    քարավանը հարյուր հազարավոր արտագաղթողներն են:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031