Հեպատիտ B-ից 2010 թ. մահացած Արման Անտոնյանի մայրը` Սուսաննա Անտոնյանը շարունակում է պայքարել որդու մահվան իրական մեղավորներին բացահայտելու համար:
Սույն թվականի դեկտեմբերի 19-ին Ս. Անտոնյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի կողմից ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոնական քննչական բաժնի քննիչ Արա Պողոսյանին է ուղարկվել միջնորդություն: Միջնորդությունը քրեական գործի շրջանակներում կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությանը մասնակցելու և փորձագետներին հարցեր ուղղելու, փորձաքննություն նշանակելու որոշման պատճենը տրամադրելու մասին է:
Միջնորդության մեջ ներկայացված են այն հարցերը, որոնք անպատասխան կամ թերի էին մնացել նախորդ փորձաքննության ժամանակ, մասնավորապես` ի՞նչ ճանապարհով կարող էր Արման Անտոնյանը ձեռք բերել սուր լյարդային անբավարարվածություն, ինչպիսի՞ բժշկական օգնություն պետք է տրամադրվեր Ա. Անտոնյանին, որպեսզի հնարավոր լիներ փրկել նրա կյանքը:
Միջնորդության մեջ ներկայացված հարցերի ամբողջական ցանկին և միջնորդությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ