Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը և իշխանությունը համագործակցեցին հօգուտ Ռուսաստանի. «168 ժամ»

Դեկտեմբեր 24,2013 10:37

Դեռևս մեկ շաբաթ առաջ էինք գրել, որ ԱԺ Կանոնակարգ-օրենքի շրջանակներում իրենց ընդդիմադիր հայտարարած խմբակցությունները չեն կարող դեմ քվեարկել Ռուսաստանի համար անհրաժեշտ համաձայնագրին, չեն կարող դեմ լինել, որ Ռուսաստանի ունեցվածքը Հայաստանում ընդարձակվի:

Չեն կարող դեմ քվեարկել, քանի որ նրանք պայքարում են ոչ թե հանուն Հայաստանի սուվերեն իրավունքների պաշտպանության, այլ հանուն իշխանության: Հայաստանի կողմից ՄՄ մտնելու որոշումից հետո, առավել քան պարզ է, որ Հայաստանում իշխանության աղբյուրը Ռուսաստանն է: Հենց այդ պատճառով այս խմբակցություններն իրենց գործունեությամբ պետք է Ռուսաստանին ցույց տան, որ ի տարբերություն գործող իշխանության, որը մանևրում է Արևմուտքի և Ռուսաստանի միջև, իրենք պատրաստ են նվիրվել Ռուսաստանին անմնացորդ և առանց Եվրոպայի հետ խաղեր տալու: Եթե նրանք դեմ քվեարկեին այս համաձայնագրի վավերացմանը, հնարավոր է` վերջակետ դնեին իրենց քաղաքական կարիերային:

Քանի որ Հայաստանում ոչ միայն իշխանությունը, այլ նաև ընդդիմությունը նշանակվում է Ռուսաստանի կողմից: Ի՞նչ կլիներ, եթե այս համաձայնագրի դեմ խոսող պատգամավորները մնային դահլիճում և դեմ քվեարկեին համաձայնագրի վավերացմանը: Խորհրդարանական ոչ իշխանական չորս խմբակցությունները միասին ունեն 53 պատգամավոր:

Նրանց հետ բոյկոտին մասնակցեց նաև անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Եթե նրանք նույնպիսի միասնականությամբ դեմ քվեարկեին, ապա կստացվեր, որ Հայաստանի խորհրդարանի 54 պատգամավորներ դեմ են նման խայտառակ դրույթներ պարունակող համաձայնագրին:

Արդյունքը կլիներ ոչ թե` 72 կողմ և ոչ մի դեմ, այլ` 72 կողմ և 54 դեմ: Կարո՞ղ է որևէ մեկն ասել, որ 72 կողմ, 54 դեմն ավելի լուրջ և ազդեցիկ նշան չէ, որ Հայաստանի խորհրդարանում այս համաձայնագրի վավերացումն անցել է լուրջ դիմադրության պայմաններում:

Ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները փորձում են համոզել, որ բոյկոտելով խորհրդարանի նիստը` ոչ իշխանական ուժերը հասել են նրան, որ այդ քվեարկությունը և դրա արդյունքը դարձել է անօրինական: Նման պնդումները ոչ մի հիմք չունեն. քվեարկությանն իսկապես մասնակցել է 72 պատգամավոր, և նրանք բոլորը ձեռք են բարձրացրել` հօգուտ այդ որոշման կայացման, հօգուտ այդ համաձայնագրի վավերացման: Մասնակցե՞լ են հաշվիչ հանձնաժողովի բոլոր անդամները ձայների հաշվմանը, թե դուրս են եկել Նիստերի դահլիճից, երկրորդական նշանակություն ունի:

Կա տեսագրություն, որտեղ 72 հոգի ձեռք է բարձրացնում: Սա միանգամայն բավարար է քվեարկության արդյունքը լեգիտիմ համարելու համար: Եթե իսկապես չորս խմբակցություններ ստորագրահավաք կազմակերպեն և դիմեն ՍԴ, ապա նույնաբովանդակ վճիռ կկայացնի նաև Սահմանադրական դատարանը: ՍԴ-ն իր վճռով ևս մեկ անգամ կլեգիտիմացնի այս քվեարկությունը:

Այսպիսով արձանագրենք, որ տեղի ունեցած փայլուն բեմականացման շնորհիվ` բոլորը լուծեցին իրենց խնդիրը. իշխանական մեծամասնությունը` ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը վավերացրեցին համաձայնագիրը, ընդ որում, միաձայն քվեարկությամբ, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» փրկեցին իրենց դեմքը. ճիշտ է, նրանք դեմ չքվեարկեցին վասալային և ստրկական համաձայնագրին, բայց հերոսաբար բոյկոտեցին ԱԺ նիստը:

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031